HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Պատերազմի պայմաններում անգամ կյանքը Սիրիայում երեք անգամ էժան է Հայաստանից

Հալեպահայ 67-ամյա Իզաբել Դերմենջյանն իր կյանքում երբևէ երթուղային չէր նստել: «Եկա այստեղ ու մարշրուտնի նստեցի»,- դառը հայացքով «Հետքին» ասում է նա:

Տիկին Իզաբելը դժգոհում է. Հայաստանում կյանքը շատ թանկ է՝ տան վարձը, ուտելիքն ավելի թանկ են, քան Սիրիայում, նույնիսկ այն պարագայում, երբ այնտեղ պատերազմ է:

 «Մենք շատ լավ պայմաններում էինք ապրում, տուն-տեղ, ապրուստ, խանութ ունեինք, ամեն ինչ ձգեցինք, եկանք,- ասում է նա,- այս տուները փոքր են՝ չենք բավել, վարձքն էլ 350-450 դոլար: Սկզբից աղջիկս իր ընտանիքի հետ եկավ, հետո էլ ես, ամուսինս, որդիս ու երկու թոռներս»:

2011թ.  մարտին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով 2012թ. ամռանից Դամասկոսի և Հալեպի երկու խոշոր համայնքներից սկսվեց հայերի ներգաղթը դեպի Հայաստան: Սփյուռքի նախարարության տվյալների համաձայն՝ ցայսօր 15,000-16,000 հայ է ներգաղթել, որոնց մեկ երրորդը գնացել է երրորդ երկիր՝ Լիբանան, ԱՄՆ, Եվրոպա և այլուր: Ըստ այդմ, այսօր Հայաստանում է մոտ 10,000-11,000 սիրիահայ: Այս թիվը, սակայն, ճշգրիտ չէ, քանի որ միչև պատերազմի սկսվելը մոտ 5000 սիրիահայ երկքաղաքացի է եղել ու, հետևաբար, այն չի արտացոլում հայկական անձնագրերով ներգաղթած մարդկանց թիվը:

«Մեր ազգականներն այնտեղ են և տանը ուշադրություն կդարձնեն, թե չէ պարապ տուն տեսնելուն պես ընդդիմադիրները կմտնեն,- ասում է տիկին Իզաբելը,- մնացողներն ալ չեն կարող գալ: Հոն ջուր չկա, հոսանք չկա՝ լվացքն ինչպե՞ս պիտի անես»: 

Սիրիահայերը փաստում են. մնացել են նրանք, ովքեր հնարավորություն չունեն գալու, սակայն եկողների համար էլ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծելու համար 2013թ. հունվարին կառավարության որոշմամբ հաստատվեց միջգերատեսչական հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովը սերտորեն համագործակցում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ, որի միջոցով իրականացվում են աջակցության տարաբնույթ ծրագրեր:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող  կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաճյանը «Հետքին» ասում է, որ Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կեցության, առողջապահության, կրթության, աշխատանքի և բնակարանային ոլորտներում շոշափելի աջակցություն է եղել:

Սիրիահայերին անվճար են տրվում անձնագրերը, բուհերում արվում են զեղչեր կամ ամբողջությամբ փոխհատուցվում են վարձերը, 2013թ. արվել է սրտի 11 անվճար վիրահատություն, որից յուրաքանչյուրն արժե 2 մլն 450 հազար դրամ:

«Ամենակարևոր օգնություններից մեկն այն էր, որ Հայաստանի դեսպանատունը Սիրիայում չփակվեց, ինչպես Իրաքի պատերազմի ժամանակ, որովհետև երբ Սիրիայում համակարգը չէր գործում, իսկ մեկի  անձնագրի ժամկետը թե վերջացել էր՝ մարդը չէր կարող երկրից դուրս գալ ու դեսպանատան հատկացրած անձնագրով էր դուրս գալիս,- մեկնաբանում է նա,- դա շատ օգնեց հատկապես երիտասարդ տղաներին, որոնք բանակ գնալու խնդիր ունեին, այդ անձնագրերը շատերի կյանքը փրկեցին»:

Բացի քիչ թե շատ ունևոր խավից, մինչև Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակվելը, ցամաքային ճանապարհով եկել են նաև մարդիկ, ովքեր չեն ունեցել ոչինչ:

«Սկզբից եկան ունևորները, սակայն եկավ ժամանակ, որ ովքեր անկարող էին՝ եկան Թուրքիայով ու ոչ մեկ բան չունեին իրենց հետ՝ ո́չ գումար, ո́չ հագուստ, որովհետև իրենց բնակարանը քանդված էր այնտեղ ու հնարավոր չէր ապրելը,- ասում է Լենա Հալաճյանը,-բայց երբ սահմանը փակվեց, այդ խավն այլևս չկարողացավ դուրս գալ»:

Նոր միջավայրին ինտեգրվելուն սիրիահայերին ամենից շատ խոչընդոտում է Հայաստանի հարկային դաշտը, որի պայմաններին նրանցից շատերը չեն դիմանում:

47-ամյա Վիկտորյա Շիշոյանը, ով ամուսնու և երկու երեխաների հետ Հայաստանում է մոտ երկու տարի, «Հետքին» ասում է, որ իրենք սենդվիչի խանութ էին բացել անցյալ տարի, բայց արդեն փակել են:

«Վնասով էինք աշխատում ու մեր շահույթը մեզ չէր մնում, դեռ մենք մեր գրպանից էինք դնում ու փակեցինք,- ասում է նա,- Սիրիայում ամուսինս աշխատում էր՝ մենք բոլորս ապրում էինք, իսկ այստեղ պիտի բոլորը աշխատեն, ու դեռ դա բավական չէ»:

Մեկ այլ հալեպահայ՝ Րաֆֆի Էսմերյանը, նույնպես փաստում է. Հայաստանում գործ հիմնելը շատ բարդ է: «Երբ դու նոր գործ կդնես, պիտի հարկերեն զուրկ ըլլաս, որ կարողանաս ոտքի կանգնել,- «Հետքին» ասում է նա,- բայց այստեղ մինչև խանութ բանալը պիտի հարկեր վճարես, դա մեզի համար մեծ հարց է»:

Հալաճյանն ասում է, որ բոլոր վերոնշյալ ոլորտներում որոշակի նպաստներ բերվել են, սակայն հարկային դաշտում որևէ ընդառաջում չի եղել, և տեղացին ու սիրիահայը հարկային դաշտում ունեն հավասար պարտավորություններ: Այս հարցի վերաբերյալ ապրիլ ամսին մեծ համագումար է եղել, որի արդյունքում որոշվել է, որ արդար չէ, երբ մարդը եկամուտ է ստանում եւ հարկեր չի վճարում:

«Սակայն հարկ վճարելը լինի ոչ թե առաջին օրվանից, այլ գոնե ամսվա վերջը կամ մի քանի ամիս հետո, որովհետև նոր բիզնես սկսողը ֆինանսական դժվարություն պիտի ունենա,- ասում է նա,- բայց մյուս կողմից` ես համաձայն չեմ, որ որոշ բացառություններ լինեն, որովհետև դա սփյուռքահայ ու տեղաբնակ հայի միջև նախանձի և ոչ սահուն հարաբերության տեղիք տված կլինի»:

Բիզնես ոլորտում սիրիահայերին աջակցելու համար 20-օրյա հագեցած թրեյնինգ է կազմակերպվել՝ ծանոթացնելու համար երկրի հարկային և մաքսային օրենսդրությանը և ցածր՝ 4 տոկոսով 5-8 մլն դրամ վարկ վերցնելու հնարավորություն առաջարկվել:

Սիրիահայերի բիզնես նախաձեռնություններին աջակցությամբ հանդես է գալիս նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, որն ի թիվս այլ ծրագրերի` փոքրիկ՝ 500-1000 դոլարի դրամաշնորհներ է տրամադրել՝ գործիքներ գնելու և այլ նպատակներով: Այս ընթացքում մոտ 200 սիրիահայ օգտվել է այս հնարավորությունից՝ ձեռք բերելով ոսկերչական սարքեր, վառարան, լուսանկարչական սարքեր և այլն:

Րաֆֆի Էսմերյանը նրանցից մեկն է. երկու տարի առաջ նա հիմնեց Կիլիկիո հայկական ուտեստների խորտկարան, որտեղ պատրաստում են հին հայկական ճաշատեսակներ:

 «Այդ ճաշերը Հայաստանին մեջ չկա, ու մեր ժողովուրդը այս միջոցով ծանոթանում է մեր պապական ճաշերին»,- ասում է նա:

Տարվա ընթացքում էլ մեկ կամ երկու անգամ նրանց համար կազմակերպվում է ցուցահանդես տոնավաճառ, որի ընթացքում սիրիահայերը վաճառում են իրենց արտադրանքը: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի բակում կազմակերպված այդպիսի մի տոնավաճառում Վիկտորյան վաճառում էր իր պատրաստած զահդարը կոչվող սոուսը: Այն ձեթով բացված քունջութ կամ լեբլեբի է, որ հացով են ուտում: Նա նաև համեմունքներ է վաճառում, որոնք Լիբանանից ուղարկում է եղբայրը:

«Աս ամառը բիբարի մածուկ սարքեցի, նաև բիբար եմ չորացնում, մշակում ու այդպես էլ ապրում ենք»,- ասում է նա:

Հալաճյանն ասում է, որ սիրիահայերի մեծ մասի փափագն է հետ վերադառնալ, որովհետև բացի նրանից, որ մարդիկ այնտեղ ինչք և ապրուստ ունեն, գիտեն օրենքները, կյանքը էժան է,  կա նաև հոգեբանական կապվածություն:

Էսմերյանը, սակայն, այդպես չի մտածում ու ասում է, որ Հալեպ չի վերադառնա անգամ, եթե այնտեղ վիճակը բարելավվի:

«Դու քո զավակդ մաքուր կպահես, իսկ այն երեխան, որ 3-4 տարի է պատերազմի մեջ է, նրա հոգեկան աշխարհը խանգարված է, երեխան չի կրնար նրանց հետ շփվել,- պատճառաբանում է նա,-  սերունդ մը պետք է, որ այդ երեխան փոխվի»:

Վիկտորյան նույնպես չի ցանկանում հեռանալ Հայաստանից, ամեն ինչ թողել և եկել է Հայաստան: «Եթե երթանք՝ հիմա մենք չջարդվեցինք, հետո մեր զավակներն ու թոռները պիտի ջարդվեն,- ասում է նա,- միգուցե մեկ օր, երբ ամեն ինչ հանդարտվի, գնանք, վաճառենք մեր ինչքն ու հետ գանք»:

Սակայն Հալաճյանը փաստում է, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց կազմակերպությունում գրանցված էր 2000 կարիքավոր սիրիահայ, իսկ այսօր նրանց թիվը դարձել է 6000:

«Սա մի փաստ է, որ կապված է ոչ թե նոր մեծ հոսքի հետ, թեպետ դա էլ կա, այլ որ խնայողություն ունեցող մի մեկն արդեն դարձել է կարիքավոր,- ասում է նա,- քանի որ տան վարձը շատ թանկ է, ու այսպես եթե շարունակվի, արդեն պիտի մտածեն երրորդ երկիր գնալու մասին: Նույնիսկ պատերազմի պայմաններում Սիրիայում կյանքը մոտ երեք անգամ էժան է»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ նախքան պատերազմը Սիրիայի հայ համայնքը հաշվարկվում էր մոտավորապես 100 հազար, իսկ իրական թիվը՝ 50,000-80,000:

Բացի Հայաստանից, մեծ ներհոսք է տեղի ունեցել նաև Լիբանան: Ըստ Հալաճյանի՝ այսօր Լիբանանում կա մոտ 15,000 սիրիահայ. «Բացի այդ, շատերն ունեին նաև եվրոպական երկրների կամ ամերիկյան քաղաքացիություն ու հոն գնացած են»:

Մեկնաբանություններ (1)

string
Hargeli Gohar ajd padgavorner@ haj chen ajd patcharov e ajstex ajdpisi vat vichak.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter