HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական խառնաշփոթ. Գ. Պապյանի սպանության գործով վկան հակասական ցուցմունքներ է տալիս

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում մայիսի 21-ից շարունակվեց Գրիգոր Պապյանի սպանության գործով Հակոբ Թոսունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 3 օր շարունակ դատական նիստին լսեցին գործով վկա Նոնա Հարությունյանին, ում տված ցուցմունքների հիման վրա ամբաստանյալի աթոռին են հայտնվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ովքեր մեղադրվում են Գրիգոր Պապյանի սպանության գործով ապացույցներ կեղծելու մեջ: Հ. Թոսունյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պապյանին սպանության գործով որպես վկա Նոնա Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է կեղծ ցուցմունք տալ և օժանդակել է պաշտոնատար անձանց՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն:

Ն. Հարությունյանը, ով աշխատելիս է եղել Քաջարան քաղաքի զբոսայգու հարակից տարածքում գործող սրճարանում, որտեղ տեղի է ունեցել Գր. Պապյանի սպանությունը, նախաքննական փուլում իրար հակասող բազմաթիվ  ցուցմունքներ է տվել: Վկան սկզբում ցուցմունք է գրել, թե ինքը դեպքի վայրում է եղել և տեսել է` ինչպես է  Սահակ Սահակյանը դանակի բռնակով հարվածել Գր. Պապյանին:

Նոնան նշում է, որ այդպիսի ցուցմունք գրել է, քանի որ  Հ. Թոսունյանը Նոնային «կանչել է  իր մոտ և սպառնացել, որ եթե չասի, որ Սահակն է սպանել Գրիգորին, իրեն և իր զինվոր տղային վնաս կտա»: Գ. Դանիելյանն էլ  իր հերթին  կանչել է իր մոտ և ասել, որ գնա քննիչ Ա. Ենգոյանի մոտ և գրի, որ տեսել է Սահակին հարվածելիս: Հետո Ալվինա Տատինյանը նրան առաջարկել է խոստովանել ճշմարտությունը, ինքն էլ դիմում է գրել, որ «ես դեպքի վայրում չեմ եղել, ինձ ստիպել են, որ գրեմ»: Հետագայում նա նոր հայտարարություն է գրել ոստիկանությունում այն մասին, որ Ա. Տատինյանն է իրեն ստիպել, որ այդ դիմումը գրի: Այդ կապակցությամբ ցուցմունք է  տվել, Ալ. Տատինյանի հետ առերեսման ժամանակ պնդել իր ասածը: Նոնայի այս հաղորդման հիման վրա Ալ. Տատինյանի դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն հետագայում արդարացվել է:

Արդեն դատաքննության ընթացքում վկան ասում է, որ իբր Ալ. Տատինյանը չի ստիպել ու այդ ամենը գրել է քննիչի թելադրանքով: Այս առթիվ քննիչ Ենգոյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ: «Ազնիվ քո համար աշխատում ես, մեկ էլ հայտնվում ա մեկը, ով ասում ա, որ ստիպել ես, սպառնացել ես, թելադրել ես: Ես ինձ հազիվ եմ զսպում, որ չգոռամ, որ ակնհայտ սուտ ա ասում: Ու ես ստի պատճառով հիվանդ հորս եմ կորցրել ու արդեն 16 ամիս է` ընտանիքիցս հեռու եմ»,- ասաց նա:

 Նոնան դեպքի վայրի փորձարարության ժամանակ ցույց է տվել Գր. Պապյանի սպանության տեղը, բայց հետո հայտարարել, թե դեպքի վայրում չի եղել, ուղղակի Էդիկ Հովսեփյանն է նրան «դեմքի միմիկաներով» hասկացրել, թե որտեղ է եղել սպանությունը, ինքն էլ ցույց է տվել: Ամբաստանյալ Է. Հովսեփյանը հայտարարեց. «էս կեղծ, շինծու, ուղղորդված վկայի պատճառով անմեղ մարդիկ նստած են: Ուզում եմ, որ գործի քննությունն օբյեկտիվ իրականացվի, այս վկայի բոլոր ցուցմունքները համարեն անհիմն, անարժանահավատ և անթույլատրելի ապացույց ճանաչեն»,-դատարանին հայտնեց նա:

Նոնան մեկ տարուց ավելի է բազմաթիվ ցուցմունքեր է տվել քննչական գլխավոր վարչությունում ու ոչ մի անգամ չի շեշտել, որ քննիչ Արման Ենգոյանի մոտ գրված ցուցմունքը թելադրել է, բայց այս անգամ հայտարարեց, թե Ա. Ենգոյանն է թելադրել:

Երեք օր շարունակ Նոնան միայն պնդեց, թե դեպքի վայրում չի եղել, և Հակոբ Թոսունյանն է իրեն սպառնացել գրել, թե տեսել է Սահակին դանակի բռնակով հարվածելիս: Ուրիշ ոչինչ վկան չնշեց: Պաշտպանների նույն հարցին վկան տալիս էր տարբեր պատասխաններ, որոնք էականորեն տարբերվում էին նաև նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքներից: Նա հստակ չնշեց` սկզբում Գագիկ Դանիելյանն է կանչել իր մոտ և համոզել, որ նման ցուցմունք գրի, թե Հ. Թոսունյանն է կանչել ու սպառնացել:

Ստեղծված իրավիճակում պաշտպանները ներկայացրին իրենց միջնորդությունները. Գ. Դանիելյանի պաշտպան Իրինա Մանուկյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակելու Գ. Դանիելյանի և Ն. Հարությունյանի առերես ցուցմունքները, Հ. Թոսունյանի պաշտպան Վահագն Մանուկյանը՝ Ն. Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված բոլոր ցուցմունքները, Ա. Ենգոյանի պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ քննիչ Ա. Ենգոյանի մոտ տրված ցուցմունքները, Է. Հովսեփյանի պաշտպան Ժորա Խաչատրյանն էլ՝ քննչական փորձարարության և դատական նիստերի որոշ արձանագրություններ: Դատավոր Դ. Գրիգորյանը բավարարեց Գ. Դանիելյանի և Հ. Թոսունյանի պաշտպանների միջնորդությունները, իսկ մյուսները հրապարակելը համարեց վաղաժամ:

Այսօրվա դատական նիստում հրապարակվեց Ն. Հարությունյանի նախաքննության ընթացքում տրած ցուցմունքների մի մասը: Իսկ թե ինչու է դատարանում տված իր ցուցմունքը տարբերվում նախաքննության ընթացքում տվածից, դիմումներից և հայտարարություններից, վկան ոչ մի բացատրություն չկարողացավ տալ, որի կապակցությամբ դատավոր Դ. Գրիգորյանը նախազգուշացրեց վկային, որ նրա լուռ մնալը կարող է գնահատվել որպես ցուցմունք տալուց խուսափելու հանգամանք: «Վկան ոչ մի փաստարկ, հիմնավորում, պատճառաբանություն չկարողացավ ներկայացնել, ինչն է՛լ ավելի  մեծ սեպ խրեց այս գործի հանգամանքների մեջ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց պաշտպան Վ. Մանուկյանը:

Քննիչ Ա. Ենգոյանի պաշտպան Ա. Քալաշյանի խոսքով՝ ակնհայտ երևում է, որ Ն. Հարությունյանը սուտ է ասում ինչ-որ մեկի կամ ոմանց թելադրանքով, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի, թե ինչու է նախկինում Ենգոյանի մոտ նման ցուցմունքներ տվել: «Խառնաշփոթություն է ուղղակի տիրում և բոլորի համար ակնհայտ է, որ վկան ստում է: Դատաքննությունը դեռ երկար կշարունակվի. դեռևս շատ հետազոտելու ապացույցներ կան: Այս գործի վերջնական կանխատեսելիությունը կախված է միմիայն դատարանի օբյեկտիվությունից: Ըստ իս, մինչև այսօր հետազոտված ապացույցներով ամբաստանյալներից ոչ մեկի մեղքն ապացուցված չէ և համոզված եմ, որ ապացույցների հետազոտման շարունակությունից հետո ևս չի ապացուցվի»,- նշեց Ա. Քալաշյանը:

 Քանի որ վկան բազմաթիվ ցուցմունքներ է տվել թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում, որոնց միջև հակասությունները շատ են և պարզաբանման ենթակա, Ն. Հարությունյանի ցուցմունքների հետազոտությունը կշարունակվի հունիսի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter