
Վլադիմիր Գասպարյանը՝ Վերնիսաժի կրակոցների, Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծի ու «դմբոյության» մասին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, այսօր խոսելով մայիսի 25-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց, թե քանի որ չկան ձերբակալվածներ, ինքը չի ուզում կանխավ հայտնել իր կարծիքը:
Ամեն դեպքում, Վովա Գասպարյանն ասաց, թե լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարության մասին, չեն համապատասխանում իրականությանը:
Նա նաև նշեց, թե դեպքի առիթով քրեական գործ հարուցված չէ, որովհետև. «Դեռ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան»:
Ոստիկանապետն անդրադարձավ նաև մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցներին: «Քննություն է գնում: Բոլոր այն անձինք, ովքեր այդ միջադեպի մեջ ներգրավված են եղել, մեզ հայտնի են: Քննություն է գնում, պարբերաբար կիրազեկենք ձեզ»,- նշեց նա:
Հաշվի առնելով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն էլ կկրակեր, եթե Վերնիսաժում լիներ, լրագրողները Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ինքը կվարվեր այդ դեպքում: «Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ իրավիճակում: Ամեն ինչ հանդարտ կանցներ...»,- արձագանքեց Գասպարյանը:
Ի դեպ, նախկին ոստիկանապետը հայտարարել էր նաև, թե իրենք Վլադիմիր Գասպարյանի հետ շփում չունեն: Այս առնչությամբ էլ Վ. Գասպարյանը նշեց. «Ինքը հիմա շատ ազատ ժամանակ ունի, իսկ ես շատ զբաղված եմ»:
Իսկ նրանց, ովքեր հավատում են պարբերաբար շրջանառության մեջ դրվող տեղեկություններին, որ Վլադիմիր Գասպարյանը շուտով լքելու է ոստիկանապետի պաշտոնը, նա խորհուրդ տվեց. «Գիտե՞ք՝ ի՞նչ կա, դմբո բաները որ գցում են շրջանառության մեջ… Խորհուրդ եմ տալիս չհետևել այդ դմբոյությանը»:
Մեկնաբանել