Դատարկված Դպրեվանքում համայնքապետ ու ավագանի են ընտրում
Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղը գտնելու համար մի քանի պտույտ ենք կատարում Աշտարակ-Թալին ավտոճանապարհի հատվածում: Ոչ ցուցանակ կա, ոչ էլ` տեղանքին ծանոթ մարդ: Հերթական շրջապտույտից հետո գյուղացիներից մեկը ցույց է տալիս նեղ ու փոսերով առլեցուն ճանապարհը:
Այսօր Դպրեվանքում համայնքապետ ու ավագանի են ընտրում, սակայն գյուղում անդորր է: Ընտրություններին բնորոշ իրարանցում, աղմուկ չկար, փողոցները դատարկ էին: Տպավորությունն այնպիսին էր, որ գյուղը չի շնչում, կյանքը կանգ է առել: Կիսաքանդ շենքերի արանքից այս անգամ փորձում էինք դրոշ գտնել, որպեսզի հասկանայինք, թե որտեղ կարող է լինել ընտրատեղամասը: Երկաթե երկու տնակներից մեկի վրա դրոշ երեւաց: Մոտենալով` պարզեցինք, որ մեկը համայնքապետարանն է, մյուսը՝ բուժկետը, որտեղ էլ տեղակայված էր ընտրատեղամասը:
Դպրեվանքի համայնքապետի թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արամայիս Կասաբովը: Ցուցակներով Դպրեվանքն ունի 74 ընտրող, սակայն փաստացի այդքան մարդ չի ապրում գյուղում: Ավագանու ընտրությունները համեմատաբար մրցակցային են` 3 տեղի համար պայքարում է 5 թեկնածու:

Ընտրատեղամասում միայն հանձնաժողովի անդամներին էին, ընտրող չկար: Ժամը 17.45-ի դրությամբ քաղաքացիական պարտքը կատարել էր ընդամենը 31 ընտրող: Հանձնաժողովի անդամների սեղանին վարդեր ու թութ էր դրված: Հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանն ասաց, որ առավոտյան ընտրողներն են իրենց հետ բերել տեղամաս ու հյուրասիրել:
Քվեարկողների պասիվության պատճառը ոչ միայն մրցակցության բացակայությունն է, այլեւ ընտրողներից շատերի բացակայությունը գյուղից: Հրաչ Պետրոսյանն ասում էր, որ ընտրության եկած քաղաքացիների անձնագրերում գրեթե ազատ տեղ չկա, բոլոր էջերին ելքի ու մուտքի դրոշմակնիքներ են եղել:
Համայնքապետի միակ թեկնածու Արամայիս Կասաբովը տարածքում էր: Նա խուսափում էր խոսել, պատմել գյուղի խնդիրների մասին: Ասում էր, որ խնդիրներ չունեն, ամեն ինչ կարգին է:
Նա տեղյակ չէր, թե այս պահին գյուղում քանի մարդ է փաստացի ապրում, սակայն գիտեր, որ 153 մարդ կա գյուղում հաշվառված, իսկ շատերը խոպան են գնում-գալիս, ոմանք էլ մշտական են մեկնում: Համայնքապետին Դպրեվանքի խնդիրների մասին հուշելով` փորձում էր օգնել գյուղի հաշվապահը՝ Մակար Կարապետյանը, սակայն Արամայիս Կասաբովը կաշկանդված էր, գլխով հասկացնում էր հաշվապահին, որ չխոսի:
Դպրեվանքը նոր համայնք է. 20 տարվար պատմություն ունի: Գյուղը հիմնել են Շամախի շրջանից գաղթածները: Դպրեվանքը ո՛չ դպրոց ունի, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ գիշերային լուսավորություն: Երեխաները հաճախում են հարեւան Արուճ համայնքի դպրոց: Գյուղի բյուջեն մոտ 3.8 մլն դրամ է, որից սեփական եկամուտները կազմում են մոտ 300 հազար դրամ, մնացածը դոտացիան է: Հաշվապահի խոսքերով՝ նշված գումարով կարողանում են միայն համայնքապետարանի երեք աշխատողների աշխատավարձը վճարել, ուրիշ ոչինչ չեն հասցնում: Այսքանից հետո էլ համայնքապետը չէր դժգոհում:
Խոսակցություն կա, որ Դպրեվանքը առաջիկայում միացվելու է հարեւան գյուղերից մեկին: Արամայիս Կասաբովը կողմ է համայնքների խոշորացմանը, քանի որ փոքր համայնքների խնդիրների լուծման միակ ճանապարհը խոշորացումն է: Հենց խոշորացման մասին խոսակցություններից ելնելով էլ, ըստ նրա, ինքը վերջում մնացել է առանց մրցակցի, որովհետեւ հնարավոր է ժամանակից շուտ համայնքապետի լիազորությունները դադարեցվեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել