HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անտառուտում գյուղապետ են «նշանակում»

Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի դպրոցի բակում 5-6 ավտոմեքենա էր հավաքված: Գյուղում համայնքապետ են ընտրում, սակայն գյուղացիներն այսօրվա միջոցառումը կոչում են համայնքապետի նշանակում: «Որ ասում են ընտրություն, ես հասկանում եմ երկու եւ ավելի թեկնածուներ, բայց հիմա ի՞նչ ընտրություն: Գործող գյուղապետն ա մենակ, դա եղավ ընտրությու՞ն»,-ասում է անտառուտցի Վազգեն պապը եւ շտապում մտնել ընտրատեղամաս. «Կովերիս դաշտում մենակ եմ թողել»:

Նա չցանկացավ լուսանկարվել: Ասում է՝ արտերկրում որդիներ ու թոռներ ունի, նրանց մի քանի տարի չի տեսել եւ չի ցանկանում, որ թոռներն իրեն անխնամ տեսնեն: «Որ իմանայի լրագրող ա գալու գյուղ, կթրաշվեի, կսիրունանայի»,-ժպտալով ասում է Վազգեն պապը:

Անտառուտի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Հովիկ Զաքարյանն է: Նա հստակ չկարողացավ ասել, թե ինչն է պատճառը, որ ընտրության է գնում առանց մրցակցության, սակայն մի քանի տարբերակներ նշեց. «Գյուղը մի մեծ ընտանիք է, լարվածություն չկա, երեւի դա է պատճառը, որ մարդիկ չեն ցանկանում առաջադրվել ու հոգսի տակ մտնել: Կամ էլ՝ իմ աշխատանքից են գոհ»:

Այլ ընտրությունների հետ համեմատած, այս ընտրությունները բավականին պասիվ էին: Հանձնաժողովի անդամները պարապությունից քննարկում էին երկրում կատարվող անցուդարձը` վարչապետի փոփոխությունից մինչեւ օլիգարխ պաշտոնյաների որդիների անպատիժ պահվածքը:

Անտառուտում գրանցված է 226 ընտրող: Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մոտ 100 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Արտաշես Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պասիվության պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրատեղամասը գտնվում է գյուղի վերջում եւ շատերը հենց այդ պատճառով չեն ցանկանում գալ ընտրության: Իսկ ընդհանրապես միշտ էլ մեկ թեկնածու ունեցող համայնքներում ակտիվություն չի նկատվում:

Հովիկ Զաքարյանի խոսքերով, եթե այս անգամ էլ ընտրվի, ապա ավարտին է հասցնելու գյուղի ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ կառուցելու կամ ձեռք է բերելու մի շինություն, որտեղ կտեղավորվի համայնքապետարանը, մշակույթի տունը եւ այլն: Անտառուտը համայնքապետարանի շենք չունի, եւ աշխատակազմը տեղավորվել է վագոն-տնակում:

«Ես որ ընտրվեցի, համայնքապետարանը պարտքերով եմ ընդունել, հիմա վիճակը բարվոք է եւ խնայողությունների հաշվին կարող ենք ներդրումներ անել եւ համաֆինանսավորման դեպքում կարող ենք շենք ձեռք բերել»,-նշում է համայնքապետի թեկնածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter