
Նոր գյուղապետը և Յաղդանի խնդիրները
Լոռու մարզի Ագարակ- Յաղդան միջհամայնքային 4 կմ երկարությամբ ճանապարհն անանցանելի է: Գյուղացիների հետ մեր տարբեր հարցերի շուրջ զրույցները միշտ բերում է գյուղի ճանապարհի թեմային: Յաղդանցի Հասմիկ Արաբովան դժգոհում է ոչ միայն Յաղդանի, այլ նաեւ այստեղից Ալավերդի տանող ճանապարհից:
Յաղդանը ժամանակին հունաբնակ գյուղ էր: «Խորհրդային վերջին տարիներին գյուղը մոտ 1000 բնակիչ է ունեցել, որոնցից 4-ն են եղել հայ ընտանիքեր»,-երեկ` ընտրությունների օրը ասաց գյուղապետի միակ թեկնածու Արամ Ջանջուղազյանը:
Յաղդանի հույները Հունաստան են հեռացել 1991-92 թթ.: Ներկայումս գյուղում ապրում է 220 բնակիչ, որոնցից 30-ն են հույներ:
Արամ Ջանջուղազյանը, ով երեկ ընտրվեց Յաղդանի գյուղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանին պատկանող «Հունայկա» ՍՊԸ-ի տնօրենն է` արդեն 15 տարի: «Հունայկա» ՍՊԸ-ն վարձակալությամբ յաղդանցիների 114 հա հողերը վարձակալությամբ վերցրել, մշակում է:
«Հողերը 1999թ. սեպտեմբերից մշակում ենք: Ցանում ենք աշնանացան ցորեն և կարտոֆիլ, ժողովրդին բաժանում ենք իրենց հողաբաժնի չափով: Մենք ունենք հովանավոր, հենց ինքն է վերցրել: Հովանավորը Վռամ Գյուլզադյանն է»,- ասաց Արամ Ջանջուղազյանը:
Ըստ վերջինիս՝ յաղդանցիները կամովին, պայմանագրով են իրենց հողերը տվել «Հունայկային»: Վարելահողերի դիմաց ամեն տուն աշնանը իր հողի բերքից փայաբաժին է ստանում:
«Բերքը բաշխվում է հողի կարգերով եւ չափով: Երկրորդ կարգի հողերն են ամենալավը, հեկտարի դիմաց հողատիրոջը տալիս ենք 1 տոննա կարտոֆիլ, կես տոննա ցորեն: Ու մեր կողմից փակվում է հողատերերի հողի բոլոր հարկերը: Երրորդ կարգի հողատերերը ստանում են 800 կգ կարտոֆիլ, 400 կգ ցորեն: Չորրորդ կարգը`750 կգ կարտոֆիլ, 300կգ ցորեն»,- բացատրեց գյուղապետի թեկնածուն:
Գյուղամիջյան ճանապարհաեզրին նստած յաղդանցիներն ասացին, որ առավոտը վաղ են գնացել ընտրության: «Դե որ թեկնածուին վստահենք ոչ, ինչ պետք է անենք»,- ասաց Հասմիկ Արաբովան: «Իրեն պապին ենք ճանաչել` Վարդաբլուրից»,- ասաց Հասմիկի ամուսին Յանքոն: Վերջինս գովեց գյուղապետի թեկնածուի պապին:
«Մենք «Հունայկային» 2 հա 1000 մետր հող ենք տվել: Տալիս են 2 տոննա կարտոֆիլ, մեկ տոննա ցորեն: Երկու հեկտարից ուրեմն 2 տոննա կարտոֆիլ դուրս կգա՞: Հլա ասա քանի տոննա դուրս կգա»,- համագյուղացի Պավլիկ Մամաջանյանին հարցերեց Հասմիկը:
«Դե, տենց ենք պայմանավորվել»,-կնոջը սաստեց Յանքոն: Պավլիկ Մամաջանյան ասաց, որ երկու հա-ից 40 տոննա կարտոֆիլ է հավաքվում: Կա 60 տոննա էլ է հավաքվում «Դրանից մեզ 2 տոննա կարտոֆիլ է տալիս, հա»,- ծիծաղելով ասաց Հասմիկը:
«Եթե ինձ իմ 2 հա 1000 մետր հողից 50 տոննա կարտոֆիլ տան` կրակը կընկնեմ: Ծախվիլ չպտի: Փթելու է` թափելու եմ»,- բացատրեց Յանքոն:
Պավլիկ Մամաջանյանն էլ ասաց, որ իր 8 հազար մետր հողն է տվել «Հունայկային»:
«400 կգ ցորեն, 800 կգ կարտոֆիլ են տալիս: Չէ, լավ է, ընտանիքում երկու անձ ենք , հերիքում է: Երեխեքն էլ Ռուսաստանում են, նրանք էլ են օգնում»,- ասաց Պավլիկը:
Յաղդանի խանութպան Ալվարդ Փիրումյանը ասաց, որ գյուղացիները իր խանութին պարտք են մոտ 1 մլն դրամ:
Յաղդանում 166 գլուխ խոշոր եղջերավոր անուսուն է հաշվառված: Արամ Ջանջուղազյանը և խանութպան Ալավարդը դժգոհեցին, որ յաղդանցիները տանջվում են անասնապահության մեջ, «սակայն կաթի եկամուտներց ուրիշներն են օգտվում»: Յաղդանցիները կաթը հանձնում են «Աշտարակ Կաթ»-ին:
«Գյուղում կաթը մեզանից ընդունում է 140 դրամով, Երեւանում վաճառում են 440-ով: Մեկ ամիս առաջ 180 դրամով էր կաթը գյուղացիներից ընդունում: Մեզանից խոզի միսը կգ-ը 2200 դրամով են տանում, իսկ շուկայում մինչև 3800 դրամ գին են դնում: Ճանապարհը եթե լինի, Յաղդանը կզարգանա: Գալիս են Ագարակից կարտոֆիլը գնելու, ճանապարհի պատճառով գնորդները Յաղդան չեն մտնում, վախենում իրենց մեքենաները ջարդելուց»,-բացատրեց Արամը:
Յաղդանի համայնքային բյուջեն կազմում է 7,7 մլն դրամ: «Դրանից մոտ 3 մլն դրամը կազմում է «Հունայկա»-ի կողմից վճարվող հողի վարձակալության հարկերը: Արամ Ջանջուղազյանը համայնքի բյուջեի եկամուտները անհամեմատելի նվազ համարեց Յաղդանի առջև ծառացած խնդիրների դիմաց: Յաղդանը արդեն 5 տարի է՝ չունի մանկապարտեզ: Գյուղը նաև խմելու ջրի խնդիր ունի: Գյուղապետի թեկնածուն, սակայն, Յաղդանի ամենամեծ խնդիրը համարեց Ագարակ- Յաղդան միջհամայնքային, գյուղի ներհամայնքային և Ստեփանավան–Օձուն -Ալավերդի ճանապարհների հրատապ բարեկարգումը: Դատարկվող Յաղդանը դեռևս ունի 172 հա չմշակվող վարելահողեր, 57 հա խոտհարք, 480 հա արոտավայր:
Մեկնաբանել