HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակի 12 առաջարկներն իշխանություններին

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն այսօր հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:

Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:

Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: 

Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ  պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը.

  1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
  2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն  75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
  3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
  4.  Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
  5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
  6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
  7. Բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
  8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
  9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
  10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից  անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում: 
  11. Ապահովել ընդդիմության  մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
  12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում,  կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Ժառանգություն» խմբակցություն

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն»:

Լուս.՝ armenianow.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter