HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավիլիանայից` Սևան. բարեգործական նոր ձեռնարկ

Արմինե Ղուկասյան

Այս օրերին Սևանավանք տանող ճանապարհը, ավելի ստույգ՝ աստիճանները, ամրացվում են, վերանորոգվում, բազրիքներ են տեղադրվում: Ողջ տարվա ընթացքում մարդկանց հոսքը թերակղզի և Սևանավանքի համալիր չի դադարում, իսկ ամռան ամիսներին այն քառապատկվում է: Տասնամյակների ընթացքում աստիճանների մեծ մասը դուրս էր եկել շարքից` ստեղծելով բազմաթիվ անհարմարություններ, իսկ ամեն քայլափոխի զգալ էր տալիս բազրիքների բացակայությունը: Մարդիկ դժգոհում էին, հաճախ բարձրաձայնում այդ մասին, սակայն դրանով որեւէ հարց չէր լուծվում:

Մի դիպված փոխեց դեպքերի ընթացքը: Իտալահայ բարերար Կարեն Կոկչյանը, ով հերթական այցով գտնվում էր Սևանում, մոր հետ այցելում է եկեղեցի: Տարեց կինը ջարդված աստիճանների պատճառով սայթաքում է, որն էլ բարեգործական նոր ձեռնարկի սկիզբ է դառնում:   

Իտալահայ բարերար Կարեն Կոկչյանը, ով բնակվում է Իտալիայի Ավիլիանա գյուղաքաղաքում և մասնագիտությամբ ճարտարապետ է, Սևանը «բացահայտել» է 5 տարի առաջ: «Տարիներ առաջ եկա Հայաստան եւ ունեի մեկ նպատակ` ճանաչել իմ երկիրը, նրա մշակութային արժեքները: Ճանապարհները բերեցին նաև Սևան: Տպավորություններս մեծ էին եւ անկրկնելի,- ասում է պարոն Կոկչյանը,-միանգամից նշեմ, որ Ավիլիանան և Սեւանը շատ նմանություններ ունեն` կապված բնակլիմայական պայմանների, լիճ ունենալու, եկեղեցիների, բնապահպանական կառույցների հետ: Անգամ զբոսաշրջությունը, որպես գերակա ուղղություն, հեռանկարային է 2 քաղաքների համար: Սա այն կայծն էր, որն ինձ ստիպեց կրկին գալ այստեղ. արդեն ոչ թե զբոսաշրջիկ, այլ որեւէ բանով օգտակար լինելու պատրաստակամությամբ»:

Կ. Կոկչյանն իր կյանքի սկզբունքն է դարձրել աջակցել հայ ժողովրդին և իր ֆինանսական համեստ հնարավորությունների սահմաններում արդեն քանի տարի Հայաստանում իրականացնում է ներդրումային ծրագրեր: Սևանի տեղական իշխանությունների հետ հանդիպումն էլ միտված էր կոնկրետ ձեռնարկների իրականացմանը:

Բարերարի ֆինանսական միջոցների շնորհիվ 2011-2012 թթ· ուսումնական տարում Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում հիմնանորոգվեց 3 սանհանգույց, որին հաջորդեցին համակարգչային դասասենյակի հարդարումը, գրասենյակային կահույքի ձեռքբերումը:

Կ· Կոկչյանը բարեգործական հերթական ձեռնարկն իրականացրեց Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում. 2 դասասենյակ կահավորվեց աշակերտական և ուսուցչական սեղան-նստարանով, որոնք տեղադրվել են ֆիզիկայի եւ քիմիայի դասասենյակներում: Վերջին այցի ընթացքում էլ համագործակցելով քաղաքապետարանի պատասխանատուների հետ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի ղեկավարների խորհրդատվությամբ Կարեն Կոկչյանի հերթական բարեսիրական ձեռնարկը կյանքի կոչվեց օրեր առաջ: Սպասված և անհրաժեշտ այս նախաձեռնության շնորհիվ տեղաբնակներին, թերակղզի այցելող զբոսաշրջիկների և հյուրերի համար այսուհետ կապահովվեն տեղաշարժի հարմարավետ և անվտանգ պայմաններ, ու Սևանավանք բարձրանալն այլեւս հոգնատանջ չի լինի:   

Առաջին լուսանկարում՝ Կարեն Կոկչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter