
ՀՀԿ-ն քվորում ապահովելու համար պատգամավորներին «քերեց,բերեց» դահլիճ
Ազգային ժողովում իրավիճակն այսօր պակաս թեժ չէ: Իշխող Հանրապետական մեծամասնությունն այս անգամ էլ չկարողացավ քվորում ապահովել նիստը սկսելու համար: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին առաջարկեց գրանցվել, խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների քառյակն ու ՕԵԿ-ը լքեցին դահլիճը` տեսնելով, որ ՀՀԿ-ում պատգամավորների թիվը պահանջվող նվազագույն 66 ձայնից քիչ է:
Արդյունքում գրանցվեց ընդամենը 63 պատգամավոր, և հայտարարվեց երեքժամյա ընդմիջում: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատգամավորների բացակայությունը պատճառաբանեց գործուղումների մեջ լինելու հանգամանքով: «Դա ձեզ է թվում, գործուղումների մեջ են մարդիկ, կամաց աստիճանաբար գալիս են, մի անհանգստացեք, ընդդիմությանն էլ ասեք, որ չանհանգստանան»,- ասաց նա:
Նա նշեց, որ միայն 5 րոպեում ԱԺ ժամանեցին ՀՀԿ-ական երկու պատգամավոր: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, թե շատ հնարավոր է «քերեն մի տեղից» ու բերեն գրանցվելու: Նա նշեց, որ ոչ իշխանական ուժերի ակցիան` դուրս գալ գրանցման ժամանակ, տապալեց նիստը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորների վերաբերմունքը` նիստերին չներկայանալը, Զուրաբյանը որակեց որպես անարգանք ԱԺ-ի նկատմամբ: Ընդմիջումից հետո գրանցվեց երեք պատգամավոր, ու ՀՀԿ-ն ի վերջո ապահովեց անհրաժեշտ 66 ձայնը` նիստը սկսկելու համար: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, դիմելով ոչ իշխանական ուժերին, նշեց, որ նրանք նպատակ ունեին պարզապես խափանել ԱԺ բնականոն աշխատանքը: Իսկ նիստից ուշացող ՀՀԿ-ականներին ԱԺ նախագահը հիշեցրեց, որ վաղն էլ նիստը տասնմեկին է սկսվում: «Առավել ևս եթե այսպես շարունակվի, վաղն էլ, մյուս օրն էլ, երկուշաբթի էլ, երեքշաբթի էլ նիստ կանենք»,- նախազգուշացրեց Սահակյանը:
Մեկնաբանել