
«Քիմպրոմում» պահեստավորված են վտանգավոր նյութեր` ամոնիակ, ծծմբաթթու, ջրածին
Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ին այդպես էլ չի հաջողվում վճարել իր 700-ից ավելի աշխատողների շուրջ մեկ տարվա աշխատավարձը: Աշխատողները պահանջում են հանդիպում ընկերության սեփականատիրոջ հետ:
Ով է «Քիմպրոմի» սեփականատերը և ինչու է նա թաքնվում աշխատողներից: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հավաստիացնում է, որ ինքն անձամբ չգիտի, թե ով է ընկերության սեփականատերը: «Ես չգիտեմ նույնիսկ, թե մի հոգի է, թե մի քանիսը»,- ասում է մարզպետը:
Վերջինս երեկ «Հետքին» հայտնեց , որ «Քիմպրոմը» աշխատավարձը չի վճարել վերջին 7-8 ամիսներին: Գործարանի օդի բաշխման հերթափոխի պետ Ալբերտ Իսրայելյանը, սակայն, պնդեց, որ գործարանը իրեն չի վճարել 11 ամսվա աշխատավարձ: «Կան աշխատողներ, որոնց ընկերությունը մեկ տարուց ավելի աշխատավարձի պարտքեր ունի»,- հայտնեց Ալբերտ Իսրայելյանը:
![]() |
![]() |
«Քիմպրոմի» աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն. դրամ, բացի այդ՝ ընկերությունը «Հայռուսգազարդին» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ, մեկ միլիարդ դրամ է կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը: Ընկերությունը հողի և գույքահարկի մեծ պարտքեր ունի նաև Վանաձորի քաղաքապետարանին:
«Քիմպրոմը նաև լուրջ դատական պրոցեսների մեջ է, եթե արդեն կալանք դրված չէ, չի բացառվում, որ նաև վաղը կամ մյուս օրը կալանք դրվի ընկերության ֆինանսական միջոցների վրա»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Երեկ Լոռու մարզպետարանի մոտ հավաքված «Քիմպրոմի» աշխատողներին, սակայն, մտահոգում էր ոչ միայն աշխատավարձի, նաև ըկերության բնապահպանական անվտանգության խնդիրները, որոնք հատկապես սպառնալիք են մարզկենտրոն Վանաձորի համար:
«Մեկ շաբաթ հետո մեր պայմանագրերը լրանում են , այլևս իրավունք չենք ունենա աշխատելու: Ի՞նչ է սպասվում ձեռնարկության ստրատեգիական օբյեկտներին` ամոնիակի պահեստում 80-90 տոննա ամոնյակ ունենք, դրա վտանգավորությունը մասնագետները գիտեն: Մենք նույնպես գիտենք՝ դա ինչ է նշանակում: Հինգ հարյուր տոննա ծծմբական թթու ունենք, ջրածին ունենք, այրվող շատ թեթև գազ, որ դա բաց թողեցին` տեղով ատոմային ռումբ է: Մի շաբաթ հետո, որ մենք գործարանը թողեցինք ով պետք է այդ հարցերով զբաղվի»,- մարզպետին հարցրեց «Քիմպրոմի» ամոնիակի սինթեզի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:
Արթուր Նալբանդյանը «Քիմպրոմի» աշխատողներին լավատեսական որևէ լուր չհաղորդեց: «Համարյա թե բան չի փոխվել: Նոր բան առայժմ չունեմ ասելու»,- ասաց մարզպետը: Աշխատողները մարզպետին հայտնեցին, որ աշխատավարձ չստանալու պատճառով հայտնվել են աղետալի վիճակում:
![]() |
![]() |
«Գոնե մի երկու կոպեկ տան, յոլա գնանք, սովից կոտորվում ենք»,- ասում է ցուցարարներից Էդիկ Խարազյանը:
«Ամբողջ կառավարությունն է զբաղվում, ես ձեզ անկեղծ բան եմ ասում, ամբողջ կառավարությունը: Բայց խնդրի լուծման ճիշտ տարբերակը դեռ չեն գտնում: Տեսնենք, սեփականատեր է փոխվում. չգիտեմ ինչ միջոցներ են ներդնում, այլ ֆինանսական խողովակներ կան, որ կարող է ներդրում կատարվի: Էս պահին լուծումը չեն գտնում»,- ցուցարաներին տեղեկացրեց Արթուր Նալբանդյանը:
Ցուցարարները պատասխանեցին, որ մինչև չստանան դրական պատասխան, չեն ներկայանա աշխատանքի: «Սրա անունը, պարոն մարզպետ, կարանք դնենք թրաֆիքինգ: Մեր աշխատանքը շահագործել են, մեզ չեն վարձատրում: Սա գենոցիդ էլ ա, եթե իշխանությունը իրա ժողովրդին սովամահ ա անում, էդ ա նշանակում էլի: Իշխանությունը եքա պետություն ա, չի կարում էդ սեփականատիրոջը գտնի բերի»,- վրդովված ասաց ցուցարարներից մեկը:
«Ինձ ասացին Մոսկվայում է, նույնիսկ ես ասացի՝ պատրաստ եմ մի օրով գնամ Մոսկվա, հետը հանդիպեմ, բայց չգիտես ինչու և ինչ պատճառներով Մոսկվայում էլ չկարողացանք մարդուն հանդիպել»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Աշխատողներն էլ դժգոհեցին, որ դատական կարգով նույնպես չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը, քանի որ դատարանը մեկ տարուց ավելի ձգձգում է իրենց հայցերի քննարկումը:
Ըստ ցուցարարների՝ աշխատավարձի խնդրից ձեռքերը լվացել է նաև «Քիմպրոմ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Սնիգիրյովը: «Սնիգիրյովն ասում է՝ ինչ ուզում եք արեք»,- ասաց ամոնիակի սինթեզի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:
Անելանելի վիճակում հայտնված Լոռու մարզպետը հուսադրող որևէ լուր ստանալու համար Հրաչիկ Մարտիրոսյանի հետ բարձրացավ իր աշխատասենյակ` կառավարության հետ խոսելու համար:
Շուրջ 10 րոպե հետո Հրաչիկ Մարտիրոսյանը վերադարձավ և ցուցարարներին հայտնեց. « Մարզպետը չկարողացավ նրանց հետ խոսել, կոդը զբաղված էր, նրանք աշխատանքի մեջ են, մենք կարանք չաշխատենք»:
Ցուցարանները որոշեցին հունիսի 25-ին առավոտյան ժամը 9-ին բողոքի ակցիան շարունակել «Քիմպրոմի» բակում: «Չորեքշաբթի գործարան ոչ մեկս չենք մտնի` գործարանի ղեկավարության հետ միասին: Մենակ պահակային ծառայությունը կմտնի և հերթապահները: Ոչ մի աշխատանքային գործունեություն չի կատարվի: Ու մենք էնտեղ էնքան կսպասենք մինչև նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը բարեհաճի գալ մեր հետ հանդիպման: Միակ կանալը, որ գործարանի սեփականատիրոջ հետ կարա մեզ կապի Արմեն Մովսիսյանն է»,- հայտարարեց Հրաչիկ Մարտիրոսյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել