
Համայնքների մշակույթն ու ավանդույթները ներկայացվեցին «Ավանդական հայկական տարազներ» փառատոնում
Շիրակի մարզի Արփենի գյուղում այսօր մեկնարկեց «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կազմակերպած «Ավանդական հայկական տարազներ» փառատոնը: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Մխոյանի փոխանցմամբ` փառատոնը սկզբում նախատեսված էր անցկացնել Թալինում, սակայն սպասված համագործակցությունը չի ստացվել:
«Համայնքների ընտրությունը շատ սուբյեկտիվ ձեւով է կատարվում: Մենք համագործակցում ենք այն մարզերի, համայնքների հետ, որոնք բաց են եւ իրենք էլ փոխադարձաբար պատրաստ են այդ համագործակցությանը»,- ասում է Անահիտ Մխոյանը: Այս տարի հիմնադրամը նախատեսել է անցկացնել 4 փառատոն: Երկրի հարավում՝ Հալիձոր գյուղի տարածքում արդեն իսկ հաջողությամբ իրականացվել է «Ոչխարի խուզման» փառատոնը, օգոստոսին Շամշադինում կկազմակերպվի մեղրի եւ հատապտղի փառատոն, իսկ սեպտեմբերին Վարդենիսում` «Ոսկե հասկ» փառատոնը:
«Աշոցքի տարածաշրջանում ցանկանում ենք զարգացնել ձմեռային տուրիզմը: Մեզ աջակից կազմակերպությունները բավական ակտիվորեն աշխատում են այս տարածաշրջանի համայնքների հետ, եւ նրանց ցանկում իր ակտիվությամբ առանձնանում է հատկապես Արփենին: Սա է պատճառը, որ փառատոնի անցկացման համար ընտրվեց հենց այս համայնքը: Մեր գերխնդիրը միջոցառումները մայրաքաղաքից մարզեր եւ մարզերի հեռավոր գյուղեր հասցնելն է»,-նշում է հիմնադրամի տնօրենը:
Փառատոնին աջակցող «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանը ասում է, որ արդեն 4-րդ տարին է` իրենք Արփենի համայնքում իրականացնում են զարգացման ծրագրեր: «Սա շատ լավ փորձ է գյուղական համայնքների ակտիվացման առումով, ինչու չէ` նաեւ իրենց տնտեսությունն ակտիվացնելու, իրենց արտադրանքը վաճառելու առումով: Թեեւ Շիրակի մարզում ավելի հակված են հյուրասիրելու (ծիծաղում է.-հեղ. ), բայց մենք որոշակի աշխատանք ենք տարել բնակիչների հետ, եւ իրենք հասկանում են, որ իրենց արտադրանքը պիտի նաեւ վաճառեն»:
Ինչպես նշեցին կազմակերպիչները, փառատոնի նպատակն է նաև ուսումնասիրել և ավելի լայն հանրությանը ներկայացնել փոքր համայնքների մշակութային արժեքները, վերակենդանացնել ու մոռացությունից փրկել Հայաստանի հարուստ ավանդույթները, բացահայտել և խրախուսել համայնքներում ձեռքի աշխատանքով զբաղվող ստեղծարար և ինքնատիպ մարդկանց գործունեությունը:
Արփենիում անցկացվող «Ավանդական հայկական տարազներ» փառատոնին մասնակցում էր Երեւանի «Տերյան մշակութային կենտրոնը», Մարշալյան պրոֆեսիոնալ ֆոտոստուդիան: Վերջինս փառատոնի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռում լուսանկարվել հայկական տարազներով: Տաղավարներում հյուրերը հնարավորություն ունեին համտեսել հայկական ավանդական ուտեստներ ու ըմպելիքներ:
Բավրա համայնքի տաղավարում, օրինակ, կարելի էր համտեսել տոլմա եղինջով եւ հորթի մսով, գաթա, փախլավա, մածուն եւ ցանկության դեպքում ձեռք բերել ալպիական գոտու բուսատեսակներ: Արփենիի տաղավարը եւս փայլում էր գյուղական բարիքներով՝ թոնրի գաթա, ավանդական մածուն, լավաշ, մեղր եւ այլն:
Էջմիածնի Հայ միասնության խաչ մշակութային հասարակական բարեգործական կազմակերպության տաղավարում ներկայացված էին գորգագործության արհեստանոցի եւ կարի արհեստանոցի աշխատանքները: Կազմակերպության ներկայացուցիչներն իրենք էլ ներկայացել էին իրենց կազմակերպությունում ստեղծված տարազներով: Խոսելով գորգերի մասին` կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ դրանք էկոգորգեր են, որոնց ստեղծման ընթացքում ոչ մի քիմիական ներկանյութ չի օգտագործվել:
Հեռավոր հարավից երկրի հյուսիս էին հասել նաեւ գորիսեցիները: Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնը» Արփենի էր բերել սյունեցի կանանց ձեռքի աշխատանքը:
Փառատոնն իր ներկայությամբ պատվել էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ով հույս ուներ եթե ոչ ճաշելու, ապա գոնե ընթրելու հյուրասեր շիրակցիների հետ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել