HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միսիան տապալված է. Հայոց խորհրդարանական դիվանագիտության թշվառությունը-2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբ

Հուլիսի 2-ին Բաքվում իր աշխատանքներն ավարտեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, որի լիագումար նիստն ընդունեց Բաքվի հռչակագիրը դրա մասը կազմող բանաձևերով, այդ թվում՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հելսինկյան սկզբունքների ակնհայտ, կոպիտ ու չշտկված խախտումները» վերտառությամբ բանաձևը:

Հիշյալ բանաձևը, որ պատրաստել էր ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Բենջամին Կարդինը, Ռուսաստանին մեղադրում է Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հիմնարար սկզբունքները, 1994թ. Բուդապեշտի մեմորանդումով ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ, դատապարտում է Ղրիմի հանրաքվեն, Ռուսաստանին թերակղզու միացումը համարում է օկուպացիա՝ պահանջ դնելով «շտկել, կոռեկցիայի ենթարկել» հեւտեւանքները, այլապես Մոսկվային սպառնում է պատժամիջոցներով: Եւ ընդհանրապես, Վեհաժողովի ընդունած մյուս բանաձեւերում էլ նկատելի է ուկրաինական հետքը:

Վեհաժողովից այլ սպասումներ ունենալ հնարավոր էլ չէր. ուկրաինական թեմատիկան գերակայող էր, իսկ դիմակայության բոլոր կողմերը հավուր պատշաճի պատրաստվել էին դրան: ԵԱՀԿ ԽՎ-ը Ղրիմի հանրաքվեին, ապաեւ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող իրադարձություններին անդրադառնալու առիթ մինչև այդ չէր ունեցել: Նրա նախորդ՝ 22-րդ Վեհաժողովը տեղի էր ունեցել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013թ. հունիսի 23-ից հուլիսի 3-ը, Ստամբուլում:

Արևմուտքի համար դա ևս մեկ միջազգային կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի վարած քաղաքականությանը գնահատական տալու և այդ հարցում միջազգային հանրությանը կոնսոլիդացնելու հերթական հնարավորությունն էր: Դրան պետք է ավելացնել նաև ներկա պահին Ուկրաինայում թեժացող իրավիճակի վրա այդ հեղինակավոր հարթակի միջոցով ազդելու ԵԱՀԿ շահագրգռությունը:

Ռուսաստանն էլ ակնհայտորեն պատրաստվում էր դրան: Վեհաժողովի նախաշեմին Բաքու ու Երևան կատարած այցերի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամենևին ոչ պատահականորեն հայ և ադրբեջանցի գործընկերների, և առաջին հերթին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկել էր միջազգային կազմակերպություններում իրենց պատվիրակությունների համագործակցության հարցեր:

Ինչպես արդեն նշել ենք մեր երկու վերլուծականներում, ՌԴ ակնկալում էր, որ թե’ ադրբեջանական, թե’ հայկական պատվիրակությունները տարբեր կազմակերպություններում կողմ արտահայտվեն նրա դիրքորոշումներին: Իսկ առաջիկա մարտահրավերը հենց Բաքվում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովն էր, որի բանաձեւերի բովանդակության մասին բոլորն էին տեղյակ, եւ առաջին հերթին՝ Մոսկվան: Ըստ այդմ, հայկական պատվիրակությունը Երեւանում հրահանգավորվել ու Ռուսաստանին աջակցելու միսիայով մեկնել էր Բաքու: Նույնը՝ ադրբեջանական պատվիրակությունը:

Այն թատրոնը, որը տվեցին Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունները, եւ որն աննկատ չմնաց Արեւմուտքի կողմից, արժանի է հանգամանալից անդրադարձի: Երեւանի ու Բաքվի խաղերը ոչ միայն քողարկված բնույթ ունեին, այլեւ խնամքով «շրջանցվեցին» հայկական ԶԼՄ-ների կողմից: Դրանց մասին չի խոսոմ նաեւ Երեւան վերադարձած հայկական պատվիրակությունը: Իսկ տեղի ունեցածի արդյունքում պատժվեցին ե’ւ պաշտոնական Երեւանը, ե’ւ Բաքուն. Ռուսաստանի դիքորոշումները բացահայտ ու անբացահայտ պաշտպանելու նրանց քայլերը չէին կարող չնկատվել ու «չգնահատվել»:

Ուստի, մինչեւ Վեհաժողովի ընդունած ամփոփոփիչ փաստաթղթերը ներկայացնելը, անդրադառնանք նրա աշխատանքների ընթացքում հայկական ու ադրբեջանական պատվիրակության անդամների ելույթների «առանձնահատկություններին»:

Ադբեջանը ռուսական դիրքորոշման թաքնված հաղորդիչ

Արդեն տխուր ավանդույթի է վերածվել, որ Բաքվում հյուրընկալելով որեւէ հեղինակավոր միջոցառում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այն օգտագործում է ռազմատենչ հայտարարություններ անելու, Հայաստանին ու ԼՂՀ-ին սպառնալու կամ նրանց հնարավոր ու անհնարին բոլոր մեղադրանքները վերագրելու նպատակով: Այս մի վեհաժողովն էլ բացառություն չէր:

Թե ինչպե՞ս են հայկական պատվիրակությունները տարբեր կազմակերպություններում պայքարում, ավելի ստույգ՝ ինչո՞ւ հետեւողականորեն չեն պայքարում Բաքվում նմանատիպ միջոցառումների անցկացման դեմ, ըստ որում՝ Ալիեւի իրար հաջորդող մերժելի դրսեւորումից հետո, թերեւս թողնենք մի կողմ:

Եւ ահա, ԵԱՀԿ ԽՎ-ի բացման ժամանակ Իլհամ Ալիեւը կրկին փայլեց իր հայկահայկական հռետորաբանության ողջ զինանոցով. «հինավուրց ադրբեջանական հողերի» 20-ամյա հայկական «օկուպացիա ու ագրեսիա», այդ տարածքներում իրականացված «էթնիկ զտումներ», «Խոջալուի ցեղասպանություն» եւ «մշակութային վանդալիզմ», ի դեմս Հայաստանի ներկայիս հանրապետության՝ հայ ժողովրդի արդեն իսկ ինքնորոշում Ադրբեջանի «պատմական հողերի մի մասի» վրա ու նրա «մեծահոգի համաձայնությամբ», եւ այսպես շարունակ:

Իբրեւ այդ ամենի տրամաբանական հաջորդականություն, նա միջազգային կառույցներին մեղադրեց «խտրական մոտեցում» եւ «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնում նախատեսող» միջազգային ատյանների որոշումները 20 տարի շարունակ կյանքի չեն կոչվում, այն դեպքում երբ իրենց պետք եղած ժամանակ դա արվում է 20 րոպեի ընթացքում: Հընթացս, Ալիեւը ներկաներին դասեր տվեց, թե ինչպես պետք է մեկնաբանել եւ կիրառել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները:

Պետք է արձանագրել, որ հայկական պատվիրակությունը այդ օրը չպատասխանեց Իլհամ Ալիեւի բարբաջանքներին, ինչը, օրինակ, կարող էր անել քիչ անց մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում, երբ սաստիկ թեժ բանավեճով ու քվեարկությամբ հանձնաժողովների ու լիագումար նիստերի օրակարգում ներառվեցին քննարկվելիք բանաձեւերն ու զեկույցները, մասնավորապես Ուկրաինային նվիրվածը:

Սակայն, հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ոչինչ չխնայեց հենց այդ օրն իրացնելու իր առջեւ դրված առաքելությունը՝ Ռուսաստանի դիրքորոշմանը սատարելը, ինչը անթաքույց էր նրա հայտարարության մեջ: Հայաստանի ու ԼՂՀ-ի հասցեին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նա արձագանքեց մեկ օր անց: Մեր պատվիրակության այսպիսի պահվածքը, երբ հայկական շահերը ստորադասվում են ռուսականին, թողնենք նրանց խղճին ու ընթերցողի մեկնաբանությանը:

Հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հաջորդած ելույթների բովանդակությունը միանգամայն տեղավորվում են ՌԴ դիրքորոշումը պաշտպանելու վերաբերյալ Լավրով-Ալիեւ, Լավրով-Սարգսյան պայմանավորվածությունների շրջանակներում: Մոսկվայի նպատակը բացահայտ էր՝ թույլ չտալ, որպեսզի քննարկվի Ռուսաստանին դատապարտող բանաձեւի նախագիծն ու այն ընդգրկվի օրակարգում: Իսկ Վեհաժողովում կատարված ես մեկ հայելի է, որտեղ երեւում են թե’ Մոսկվա-Երեւան, Մոսկվա-Բաքու պայմանավորվածությունները, թե այդ հարաբերությունների բնույթը:

Այս խնդրով առաջինը ձայն վերցրած ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը (տեսանյութում նրա ելույթը՝ 1:39:00-1:39:50) հայտարարեց, թե դեմ են քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի, ապաեւ՝ լիագումար նիստի օրակարգում լրացուցիչ հարցերից թիվ երկրորդի ներառմանը, քանի որ «բանաձեւի նախագիծը իրապես չի համապատասխանում Ուկրաինայի շուրջ ներկա քաղաքական իրավիճակին»: Նա նշեց, որ այժմ առավել քան «ճգնաժամը լուծելու համար բանակցությունների, համաձայնեցված լուծումներ գտնելու ժամանակն է», մինչդեռ նախագիծը «հաստատապես կոնֆրոնտացիոն է»: Արձանագրենք, որ այսքանով (դա կարեւոր է հետագայի համար) Պուշկովի առարկությունը ավարտվեց: 50 վայրկյանանոց իր խոսքում թեման բացելով, դրա զարգացումը նա թողեց Բաքվի ու Երեւանի վրա, ինչը եւ տեղի ունեցավ:

Բանաձեւի նախագիծը չքննարկելու ՌԴ դիրքորոշմանը անմիջապես եւ շատ յուրօրինակ կերպով ձայնակցեց ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բախար Մուրադովան, ով հայտարարեց. «Եթե մենք բանաձեւ ենք ընդունում տարածաշրջանում հակամարտության կարգավորման վերաբերյալ, ապա մենք պետք է հաշվի առնենք տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները: Ինչո՞ւ եք դուք մոռանում Լեռնային Ղարաբաղը: Այն արդեն 22 տարի է գտնվում է Հայաստանի բռնազավթման ներքո»:

Գոհունակություն հայտնելով այն առնչությամբ, որ Ուկրաինային նվիրված բանաձեւի նախագծում ամրագրվել է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, այդուհանդերձ, նա ափսոսանք հայտնեց, թե Ադրբեջանը, որ նույնպես տուժել է «հայկական օկուպացիայից» ու դրա արդյունքում «ունի 1 միլիոն փախստական», մինչ օրս չի վայելում իր տարածքային ամբողջականության հարցում այն նույն աջակցությանը, ինչ Ուկրաինան:

«Ինչո՞ւ եք այժմ շրջանցում այդ հարցը եւ քննարկման եք ներկայացնում միակողմանի բանաձեւ: Ես բազմիցս պարոն Կարդինին ասել եմ, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում իր ստանձնած պարտավորությունները կատարելու համարԱդրբեջանն արդեն 22 տարի սպասում է բռնազավթված տարածքները վերադարձնելուն եւ հենց ձեզանից է սպասում: Ձեզ սպասում է մեկ միլիոն փախստական եւ հարկադիր տեղահանված: Մինչ մենք արդեն 22 տարի է, ինչ սպասում ենք այդպիսի բանաձեւի ընդունման, դուք մեր երկրում նորից շրջանցում եք այդ հարցը եւ ընդունում եք միակողմանի բանաձեւ բացառապես նոր հակամարտության առնչությամբ»,-Իլհամ Ալիեւի զայրույթը շարունակեց Մուրադովան, կոչ անելով ԱՄՆ-ին՝ օգտագործել գերտերության իր կարգավիճակն ու ազդեցությունը եւ լուծում տալ խնդրին:

«Մենք համարում ենք, որ ԵԱՀԿ հնարավորութուն ունի քայլեր ձեռնարկելու տարածաշրջանում նոր հակամարտությունները կանխելու համարԱյդ իսկ պատճառով առաջարկում եւ պահանջում ենք, որպեսզի պարոն Կարդինը այդ բանաձեւում ներառի բոլոր հակամարտությունները, իսկ այստեղ արտացոլված բոլոր կետերը պետք է հավասարակշռված տեսքով ներառեն Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի շահերը: Կամ էլ՝ նա պետք է այս փաստաթուղթը վերադարձնի, դրա վրա աշխատանք տարվի եւ այն ներկայացվի «Հելսինկի+40» միջոցառման քննարկմանը: Բանաձեւի այս նախագծի բովանդակությունը սահմանափակ է, միակողմանի եւ չի ընդգրկում տարածաշրջանի բոլոր հակամարտությունները: Այդ իսկ պատճառով մենք կատեգորիկ դեմ ենք նման փաստաթղթի ընդունմանը» (տեսանյութում նրա ելույթը՝ 1:40:01-1:47:15):

Իրականում, Ադրբեջանի ներկայացուցիչը հստակ սպասարկեց բանաձեւի նախագիծը օրակարգից հանելու ռուսական դիրքորոշումը որպես պատրվակ բերելով դրա իբր միակողմանիությունը, բայցեւ լավ իմանալով, որ նախ՝ բանաձեւը ետ չի տարվելու, ապա՝ դրանում չեն կարող արտացոլվել Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները. նման փոփոխություններից հետո այն այլեւս չի լինի Ուկրաինային նվիրված բանաձեւ:

Մուրադովայի ելույթից պարզ է դառնում Լավրովի ու Ալիեւը միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը, թե ինչպե՞ս պետք է Բաքուն սատարի Մոսկվայի դիրքորոշմանն ու ընդվզի Ուկրաինային վերաբերող բանաձեւն ընդունելու դեմ, որպեսզի «ե'ւ շիշը չվառվի, ե'ւ քյաբաբը»: Այսինքն՝ Բաքուն ղարաբաղյան խնդրի մասին կարող է խոսել հակահայկական մեղադրանքներով, բայց՝ հակաարեւմտյան մուննաթով եւ ռուսական գծի մեջ:

Այստեղ է, որ  նոր լույսի ներքո է երեւում հունիսի 5-ին Մոսկվա այցելած Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար Օգտայ Ասադովի ու ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հանդիպմանը վերաբերող սկանդալը, երբ ռուսական հեղինակավոր ИТАР-ТАСС գործակալությունը տարածեց, թե Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ու նրա պատվիրակությունը պաշտպանում են Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՌԴ դիրքրոշումը, իսկ մոտ ապագայում Բաքվում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԽՎ նիստում Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդես կգան «միասնական պլատֆորմով»:

Որքան էլ Միլի մեջլիսի մամուլի ծառայությունը նույն օրը հերքեց Օգտայ Ասադովին վերագրվածը, ռուսական արհեստավարժ լրատվամիջոցը չէր սխալվել. պարզապես արագ պայմանավորվածություն ձեռք բերվեց հարթել սկանդալը եւ  «միասնական պլատֆորմը» դարձնել բավական քողարկված, որպեսզի ադրբեջանաուկրաինական հարաբերությունները չտուժեն: Չնայած այդ ամենին, ԵԱՀԿ ԽՎ նիստում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի աչքից չվրիպեց առաջին հերթին Ռուսաստանի, ապաեւ նրան ձայնակցող Ադրբեջանի պատվիրակի հայտարարությունների իրական նպատակը:    

Ուկրաինայի Վերխովնի Ռադայի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Օլեգ Զարուբինսկին իր զայրույթը արտահայտեց (տեսանյութում նրա ելույթը՝ 1:50:41-1:53:07) ընդդիմախոսների դեմ, շեշտելով, թե Վեհաժողովը փիլիսոփայելու եւ իմաստասիրության վայր չէ, հորդորեց «չվարել ջայլամի քաղաքականություն եւ գլուխը չմտցնել ավազի մեջ» (ասել է թե՝ Կիեւը ամեն ինչ տեսնում եւ հասկանում է): Վերջապես, հռետորական հարցադրում կատարեց, որ եթե ԵԱՀԿ ԽՎ չի քննարկելու նման հարցեր, ապա ո՞րն է նրա  առաքելությունը, եթե ոչ միջազգային նորմերի պահպանությունը: 

Ի տարբերություն Ադրբեջանի, օրինակ վրացական պատվիրակությունը, որ նույնպես դժգոհություն հայտնեց Ուկրաինայի եւ Վրաստանի հանդեպ միջազգային հանրության անհամաչափ, խտրական վերաբերմունքից, Ուկրաինայի հարցը համարեց Վեհաժողովի ամենառանցքային, ասել է թե՝ անհապաղ քննարկման ենթակա խնդիրներից մեկը: Նա ոչ թե առաջարկեց բանաձեւի նախագիծը ետ տանել, այսինքն՝ հանել օրակարգից, ինչպես Բաքուն էր պահանջում, այլեւ այն քննարկել՝ բայցեւ համապատասխան դրույթ ներառելով մերձդնեստրյան, աբխազական, հարավօսական ու ղարաբաղյան հակամարտությունների կապակցությամբ: Նա հայտարարեց, որ իր պատվիրակությունը պատրաստ է այդ քննարկմանն ու համապատասխան առաջարկություն ներկայացնելուն:

Շարունակելի

Լուսանկարը` www.turan.az 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter