HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանում չեն ընդունել մարզպետի թեկնածուին

Արփինե Մինասյան

Սեւանի հիվանդանոցի բուժաշխատակիցները եւ մի խումբ սեւանցիներ հուլիսի 4-ին Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանին փոխանցեցին, որ դեմ են հիվանդանոցի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմանը: Մարզպետը դադարեցրել է 2013թ.-ից Սեւանի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հիվանդանոցի նախկին փոխտնօրեն Արսեն Մարգարյանի լիազորությունները եւ պաշտոնակատար է նշանակել իր  խորհրդական Պետրոս Մանուկյանին:

Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Պետրոս Մանուկյանը ղեկավարել է Վարդենիսի հոսպիտալը, աշխատել է պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ:

Սեւանի «Գեղամա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշումը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. վերջինս հայտնել էր, որ այս տարվա հունիսի 30-ին, մարզպետի հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության վարչության պետ Աշոտ Մելքոնյանի հետ այցելել են Սեւանի հիվանդանոց` ծանոթանալու, թե ամռան սեզոնին հիվանդանոցն ինչ կերպ է արձագանքում կանչերին, արդյոք իրականացնո՞ւմ է արդյունավետ բուժսպասարկում:

«Խոսեցինք հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Արսեն  Մարգարյանի հետ, հետաքրքրվեցինք շտապօգնության մեքենաների վիճակով եւ նա ասաց, որ փչացած են, 3 մեքենա է աշխատում: Ես ասացի` Դուք ֆինանսական ռեսուրսներ ունեք, կարող եք վերանորոգել եւ աշխատեցնել: Այսինքն` հասկացանք, որ պրն Մարգարյանի գործունեությանը խոչընդոտող մարդիկ կան եւ իրավիճակը ներկայացրինք մարզպետին: Ռաֆիկ Գրիգորյանը որոշեց իր խորհրդականին հիվանդանոցի ԺՊ նշանակել մինչեւ օգոստոսի 20-ը` մրցույթի օրը»,- տեղեկացրել էր փոխմարզպետը: 

Սեւանի հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատր Արսեն Մարգարյանը նշել էր, որ մրցույթը շատ է ձգձգվում, ինքն էլ ծանրաբեռնված աշխատում է, բայց դա չի նշանակում, որ ինքն ասել է, թե հրաժարվում է հիվանդանոցը ղեկավարելուց: «10 ամիս աշխատել եմ, հիմա հրաժարվելո՞ւ եմ: Վերջապես երկու գործ եմ անում»,- ասաց Մարգարյանը:

«Մենք չենք ուզում ուրիշ ռայոնի մարդ ղեկավարի հիվանդանոցը, գիշերը դեպքը բերեն, գնանք Վարդենիսի՞ց բժիշկ կանչենք: Սա անելու փոխարեն թող մտածեն հիվանդանոցը կարգի բերելու, վերանորոգելու, ջրամատակարարումով ապահովելու, ճանապարհն ասֆալտապատելու մասին»,- հնչեցրին հավաքվածներից մի քանիսը:

Փոխմարզպետը հավաքվածներին հայտարարեց, որ երկուշաբթի օրը, հուլիսի 7-ին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ կայցելեն Սեւանի հիվանդանոց` խնդիրը տեղում լուծելու համար: Երկուշաբթի առավոտյան Սեւանի հիվանդանոցի աշխատակիցները սպասում էին մարզպետի գալստյանը: Սկզբում հիվանդանոց եկավ նոր ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Մանուկյանը, որից հետո մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը: Աշխատակիցները շենք չմտան, ցանկացան մարզպետի հետ խոսել շենքի բակում: Մարզպետ Գրիգորյանը տեղի տվեց նրանց պահանջին:

«Ինչո՞ւմն է ձեր անհանգստությունը: Մեկ շաբաթ առաջ ես փոխմարզպետին եւ վարչության պետին ուղարկել էի հիվանդանոց, որպեսզի նախապատրաստվեին հանրային լողափերի բացմանը: Պրն Մարգարյանը ներկայացրել էր, որ հիմնախնդիրներ կան, կապված շտապօգնության մեքենաների, սպասարկող  անձնակազմի հետ: Մարգարյանը ներկայացրել է, որ ինքը մենակ չի հասցնում: Քանի որ հիմա պիկ պահն է ամռան սեզոնի, մեկ հոգի պետք է, որ օգնի պրն Մարգարյանին»,- բակում հավաքվածներին բացատրեց մարզպետը` հիվանդանոցի աշխատակազմին հորդորելով կոլեկտիվ որոշում կայացնել եւ թեկնածու ներկայացնել: Մարզպետ Գրիգորյանը ցանկացավ լսել աշխատակիցներին:

Սեւանի հիվանդանոցի ծննդատան վարիչ, բժիշկ Հրաչիկ Խալաֆյանը նշեց, որ իրենց համար անակնկալ էր որոշումը, քանի որ Արսեն Մարգարյանն ասել է, որ ինքը նման արտահայտություն չի արել: Մարզպետը հետաքրքրվեց` իսկ դուք ներկա չե՞ք եղել հանդիպմանը: «Ներկա եղել ենք, ուղղակի կարգադրությունը կարդալուց հետո անակնկալի եկանք, քանի որ բժիշկ Մարգարյանն ասաց, որ նման արտահայտություն չի արել»,- պատասխանեց բժիշկ Խալաֆյանը:

«Իրականում ձեզ մոտ բացթողի վիճակ է: Ես Պետրոս Մանուկյանին նշանակել եմ, որ օգնի պրն Մարգարյանին մինչեւ մրցույթի օրը: Մրցույթին նա չի մասնակցելու»,-տեղեկացրեց մարզպետը:

«Ինձ թվում է, որ մենք կարող ենք այս մեկ ամիսը բժիշկ Մարգարյանին օգտակար լինել: Դրսից մարդ բերելու կարիք չկա»,- հակադարձեց Հ. Խալաֆյանը:

Երբ առաջարկվեց բժիշկ Խալաֆյանին նշանակել Արսեն Մարգարյանի օգնական, բակում հավաքվածներից շատերը ծափահարեցին: Մարզպետը աշխատակիցներին հորդորեց բարձրանալ աշխատասենյակ, նրանք դարձյալ չգնացին: Աշխատակիցներից մի քանիսին հետաքրքրում էր այն, թե ինչու նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանին չեն նշանակում ժամանակավոր պաշտոնակատար: Մարզպետը հայտնեց, որ վերջինս տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրեցրել: «Նա ներկայացրել է փաստաթղթերը, մեր օրենսդրությունը չի արգելում նրա մասնակցությունը: Եթե կընտրվի` թող գա աշխատի, բայց քանի որ ԺՊ նշանակելն իմ պարտականությունն է, ես եմ որոշելու, կարող էի նաեւ ձեր կարծիքը հաշվի չառնել, բայց քանի որ դուք առաջարկեցիք պրն Խալաֆյանին, ես նրան կնշանակեմ»,- ասաց մարզպետը:

Աշխատակիցները մարզպետի գլխավորությամբ բարձրացան աշխատասենյակ զրուցելու: Զրույցին միջամտում էին Սեւանի ավագանու անդամներն ու որոշ բնակիչներ, որոնց վրդովեցրել էր «դրսից» մարդ նշանակելը: Մարզպետը նրանց խնդրեց դրսում սպասել եւ խոստացավ բուժանձնակազմի հետ զրուցելուց հետո նրանց հետ զրուցել:

Ռ. Գրիգորյանը հիվանդանոցի աշխատակազմին ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը: «Հետքի» հարցին, թե մինչ այժմ քանի՞ հայտ է ներկայացվել Սեւանի հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար, Ռ. Գրիգորյանը պատասխանեց, որ 2 հայտ է ներկայացվել, երկուսն էլ հիվանդանոցի նախկին տնօրեններն են` Վարուժան Մանուկյանը եւ Արամ Նիկողոսյանը: Մարզպետը զարմացած էր, որ 2 հայտ է ներկայացվել: Ըստ նրա` երիտասարդ կադրեր չեն դիմում մրցույթին: Վերջինս տեղեկացրեց, որ մեկ անգամ արդեն մրցույթ հայտարարվել է, բայց տեղի չի ունեցել, քանի որ ներկա չի եղել առողջապահության նախարարության ներկայացուցիչը;

Ռաֆիկ Գրիգորյանը բուժանձնակազմին ներկայացրեց իր պաշտոնավարման երկու տարիներին Սեւանում կատարված աշխատանքները: Տեղեկացրեց, որ Ֆրանսիայում հուշագիր է ստորագրել, որով հիվանդանոցը նոր սարքավորումներով է հարստացել: «Դուք մինչ օրս սոնոգրաֆիայի ապարատ չունեիք: Դա նաեւ իմ պահանջով է եղել»,- ասաց մարզպետը:

Նա անդրադարձավ նաեւ Սեւանի հիվանդանոցի վերանորոգման հարցին: «Համաշխարհային բանկի միջոցներով ՀՀ մարզերում իրականացվում է առողջապահության բարելավման ծրագիր: Այս պահին Ճամբարակ քաղաքի առողջապահական կենտրոնն է վերանորոգվում, աշխատանքները կավարտվեն այս տարի: Նախնական պայմանավորվածությամբ հաջորդ տարի վարկային միջոցներով Սեւանի հիվանդանոցը կվերանորոգվի»,- տեղեկացրեց նա:

Աշխատակիցների հետ զրույցից հետո մարզպետն ընդունեց Սեւանի ավագանու անդամներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter