HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի նախկին քաղաքապետն ու Սյունիքի նախկին մարզպետը դատարանում են

Անահիտ Բաղդասարյան

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում հուլիսի 11-ին կայացավ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի գործով նախնական դատական նիստը:

Տարբեր լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցում Սուրեն Խաչատրյանը Սամվել Հարությունյանին «հոգեկան հիվանդ» է անվանել: Ս. Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով Ս. Խաչատրյանին  shamshyan.com լրատվական կայքի միջոցով ներողություն խնդրել և սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով գումար փոխհատուցել:

Այս քաղաքացիական գործի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանն ու իր ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը հանդես են եկել հակընդդեմ հայցադիմումով, որով պահանջում են սկզբնական պատասխանող Սամվել Հարությունյանի պահանջը մերժել որպես անհիմն, հակընդդեմ հայցն ընդունել վարույթ և հերքել լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները, իսկ Ս. Հարությունյանից հօգուտ Ս. Խաչատրյանի, որպես փոխհատուցում,  բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով գումար:

Նախնական դատական նիստին ներկայացել էր միայն Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը: Դատավոր Մուրադ Հովակիմյանը նշեց, որ պատասխանող Սամվել Հարությունյանը նախորդ նախնական դատական նիստին խնդրել էր, որ գործը քննվի իր բացակայությամբ: Դատավորը մեկ անգամ փորձեց ճշտել հակընդդեմ հայցի հիմքերը, քննարկվեց ներկայացրած միջնորդությունները:

Մ. Հովակիմյանը անդրադարձավ հակընդդեմ հայցի այն հատվածին, որով պատասխանող կողմը Արևիկ Միրզոյանին, Անուշավան Առուշանյանին և նրա ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանին ներգրավել որպես երրորդ անձ, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ այդ անձինք ներգրավված են Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  քննվող մեկ այլ քաղաքացիական գործում. Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Սամվել Հարությունյանի՝ հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջով: 

Պատասխանող կողմը նաև միջնորդել էր  Սամվել Հարությունյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն՝ նկատի ունենալով, որ հայցվոր Ս. Հարությունյանը «հոգեկան շեղումներ ունի»: Փաստաբան Մ. Զիլֆուղարյանը պնդեց իր միջնորդությունը. «Մենք պնդում ենք, քանի որ բավականին շատ մարդիկ կան, ովքեր, ճանաչելով Սամվել Հարությունյանին, հաստատում են, որ նա տարօրինակություններ ունի, իսկ թե ինչպիսի, կարող են ասել միայն մասնագետները»,-նշեց  Մ. Զիլֆուղարյանը:

Նա նաև ավելացրեց, որ դիմել են տարբեր առողջապահական և հոգեբուժական կենտրոններ՝ համոզվելու, թե Ս. Հարությունյանը նախկինում որևէ հիվանդություն ունեցել է, թե` ոչ:

Դատավոր Մ. Հովակիմյանը, նշելով, որ այս քաղաքացիական գործը ընթանում է մրցակցային սկզբունքով և յուրաքանչյուր կողմ պետք է ներկայացնի ապացույցներ  իր վկայակոչած փաստերի հիմնավորման համար,  մերժեց Ս. Հարությունյանի նկատմամբ կիրառել դատաբժշկական կամ հոգեբուժական փորձաքննություն՝ «այս պահի դրությամբ բավարար հիմքեր չունենալու պատճառով»:

Մ. Զիլֆուղարյանը միջնորդություն ներկայացրեց ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել, քանի որ «նոր փաստաթղթերի ձեռքբերումից հետո, անհրաժեշտ կլինի նոր միջնորդությամբ հանդես գալ՝ փոխելով հայցի առարկան և հիմքը»: Դատարանը ընդունեց միջնորդությունը:

Նույն օրը տեղի ունեցավ նաև Սամվել Հարությունյանն ընդդեմ Սուրեն Բաղդասարյանի նախնական դատական նիստը: Նշված գործով հայցվոր Ս. Հարությունյանը պահանջում է պատիվն ու արժանապատվությունը զրպատությամբ արատավորելու համար lurer.com լրատվական կայքի միջոցով հրապարակայնորեն զրպատություն համարվող փաստացի տվյալները հերքել և ներողություն խնդրել, պատասխանողից իր օգտին բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցման գումար՝ զրպարտության միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար և նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցման գումար՝ վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:

Նիստին ներկա էր միայն Մարտին Զիլֆուղարյանը, ով նաև պատասխանող Սուրեն Բաղդասարյանի ներկայացուցիչն էր, իսկ հայցվոր Ս. Հարությունյանը իր չներկայանալու մասին որևէ պատճառ չէր հայտնել: Դատավոր Մ. Հովակիմյանը նշեց, որ այս դատական նիստը նշանակվել էր, որպեսզի հայցվոր կողմը հստակեցներ, հրապարակված նյութի վիրավորանք և զրպարտություն պարունակող հատվածները, որն այս նախնական դատական նիստում, սակայն  չպարզաբանվեց:

Պատասխանողի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը նշեց, որ «դեռ վաղ է դատաքննություն նշանակել. որոշ հարցեր մնացին չպարզաբանված», սակայն հետո ավելացրեց, որ կներկայացնի ներկայացված հայցադիմումի պատասխանը և չառարկեց, որպեսզի դատաքննություն   նշանակվի՝ «թողնելով դատարանի հայեցողությանը»: 

Մեկնաբանություններ (2)

ասպէտ
Լիսկաի դեմ դատ շահելը նույնն է թէ յոթ գլխանի դեվի յոթ գլուխն էլ կտրել:
nene
թուրը դեռ կտրում է ,հա՞ Այստեղ են ասում ․սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում։Մարդկանց դատաստանից կփախչեն ,իսկ Աստծո դատաստանի՞ց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter