HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն-3

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Արդեն հուլիսի 10-ի կեսօրին մոտ հրապարակայնացված դիվերսիոն խմբի ծավալած գործունեությանը ուշիուշով հետեւող ադրբեջանական լրատվամիջոցներում օգտագործվող եզրաբանության փոփոխությունը նկատելի էր: Նրանց ակնհայտ հանձնարարություն էր տրված դիվերսանտներին հետայսու ներկայացնել որպես «սովորական մարդիկ» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ խմբի անդամներից մեկի ձերբակալվելու մասին լուրը: Հայկական կողմից դրա առաջին եւ միակ հաղորդողը Epress.am կայքն էր (ռուսերեն տարբերակը՝ 09:57):

Սակայն, հարկ է նկատել, որ մինչեւ կեսօր անգամ epress.am-ին հղում անելիս՝ Վարդենիսում ու Քարվաճառում «տիրող խուճապն» ու դիվերսիոն խմբի արկածները ներկայացնելիս, ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում էին հատկապես դիվերսանտի գերեվարման լուրը (դժվար թե բավական հստակ ռուսերեն տեքստից դա չհասկանային): Նրանք ներկայացնում էին, թե իբր ադրբեջանցիներն են պատանդ վերցրել մեկ հայ հետախույզի: Այդպիսով, Բաքվում կամ դեռեւս չէին հավատում, որ ադրբեջանցի է ձերբակալվել, կամ դա դեռեւս թաքցնում էին իրենց հասարակությունից ու այդ ժամերին ստուգումներ էին կատարում իրենց հասու եղանակներով:

Ժամը 14:00-ի շրջանակներում սկսվեց տեղեկատվական դաշտում տարածվել դիվերսիայի վերաբերյալ ԼՂՀ ՊՆ առաջին պաշտոնական հաղորդագրությունը: Ստեփանակերտը դրանով հաստատեց, թե «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»: 

Համացանցում սույն հաղորդագրության ամենավաղ տեղադրումը, որ որոնմամբ հայտնաբերեցինք, «Առավոտ»-ը եւ «Արմենպրես»-ն են՝ ժամը 14:00 (ի դեպ, դա նաեւ ռուսերեն տարբերակի տեղադրման ժամն է): Այսինքն, այդ պահից ադրբեջանական կողմում ծանոթ էին նաեւ պաշտոնական հաղորդագրությանը, որում արդեն խոսվում էր մեկից ավելի ձերբակալվածի մասին:

Սակայն, մի բան տեղի ունեցավ, որին անդրադառնալ չենք կարող, եւ որը օգտագործվեց ադրբեջանական կողմից. մինչ հայկական ԶԼՄ-ներն այդ ժամից սկսած տեղադրում էին ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, Epress.am-ը վերնոշյալ պաշտոնական տեքստը համալրեց Քարվաճառի իր աղբյուրի լրացված վկայությամբ՝ ավելի շատ մանրամասներ ներկայացնելով ու կրկին խոսելով մեկ ադրբեջանցու ձերբակալվելու մասին (հայերեն տարբերակը՝ 14:28-ին, ռուսերեն տարբերակը՝ 14:58):

Նշված լրատվամիջոցի միեւնույն լուրի մեջ ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ մեկից ավելի, իսկ ըստ լրատվամիջոցի՝ մեկ ձերբակալվածի հակասությունը չափազանց նկատելի էր: Թե ինչո՞ւ է սա կարեւոր հանգամանք, պարզ կդառնա քիչ անց: Նաեւ՝ թե ինչո՞ւ լրատվամիջոցը հրապարակային հակասության մեջ դրեց պաշտոնական հաղորդագրությունը, որն ավելի ուշ էր ստացվել, քան իր աղբյուրի ավելի վաղ հաղորդումն էր անցուդարձի մասին, տակավին հասկանալի չէ:

Ի հակառակ սրա՝ Ստեփանակերտի կողմից նման բլեֆի դիմելը կարող էր մի քանի պատճառ ունենալ: Մասնավորապես.

 1. բացառելու համար հայկական ԶԼՄ-ներում ակնհայտորեն խորացող տեղեկատվական քաոսը, քանի որ նրանց հույսը մնացել էին վարդենիսցի կամ քարվաճառցի բնակիչ-ինֆորմատորները, իսկ իրավիճակի վերաբերյալ վերջիններիս հաղորդումներն արդեն աշխատում էին Հայաստանում խուճապի ուժգնացման օգտին, որոնք օպերատիվ ռեժիմով տեղ էին գտնում ադրբեջանական լրատվամիջոցներում:

2. անցած օրերի ընթացքում Հայաստանում ու Արցախում հարցերը գնալով ավելացել  էին հայկական ԶԼՄ-ների քաոսային հաղորդումների ու տեղում շրջանառվող ասեկոսեների արդյունքում՝ ին՞չ է իրականում կատարվում եւ ի՞նչպես հնարավոր եղավ այդ ամենը. հետեւաբար, նման հաղորդագրությամբ փորձ արվեց հանգստացնել սեփական հանրությանը, թե դիվերսիան ժամանակին կանխվել է, խմբի որոշ անդամներ ձերբակալվել են, մյուսները փախուստի են դիմել, եւ ամենակարեւորը՝ հայկական կողմը զոհեր չունի:

3. Բաքվին կոտրելու ու խոսեցնելու համար, քանի որ թե’ հուլիսի 9-ին, թե’ մինչեւ 10-ի կեսօր ոչ Ադրբեջանի ՊՆ-ը, ոչ էլ անգամ պետական կամ իշխանական լրատվամիջոցները ուղղակիորեն չէին արձագանքել այդ ամենին: Իսկ եթե Բաքուն կանխավ գիտեր, որ խմբի անդամները երեքն են ու տեղեկացվում էր, թե խմբի մեկից ավելի՝ այսինքն առնվազն երկու անդամը ձերբակալված են, ապա պետք է միանշանակ եզրակացներ, որ օպերացիան արդեն իսկ ձախողված է ու որոնվող երրորդի փրկվելու կամ ակնկալվող արդյունքը տալու շանսերը մոտ են զրոյի:

Հետեւաբար, Բաքվին մնում էր արդեն եղանակներ փնտրել սեփական կադրերին նվազագույն կորստով փրկելու համար: Դրա լավագույն ուղին նրանց «հայրենի օկուպացված եզերքներով կարոտաբաղձ», «կարոտից ժամանակ առ ժամանակ այդ վայրերն այցելող շարքային հայրենադարձ ադրբեջանցիներ» ներկայացնել էր, հատկապես, երբ նրանք զինվորական հագուստով չէին, ինչպես այդ օրը հաղորդել էր epress.am-ը, իսկ խմբի որոշ անդամներ էլ նախկինում բազմիցս ներթափանցել էին ԼՂՀ:

Ուստի, նման իրավիճակում պաշտոնական Բաքուն «ոչ պաշտոնական» լրատվամիջոցների միջոցով հարկադրված անցավ տեղի ունեցողը նոր շրջանակի, համատեքստի մեջ դնելուն, որը քաղաքագիտության մեջ կոչվում է framing: Իսկ ինքը շարունակեց պաշտոնապես «չհավատալ»: Չհավատալու հիմքը, ըստ տրված հրապարակային բացատրության, հայկական ԶԼՄ-ների (իմա՝ Epress.am-ի, քանի որ միայն նա է դա հաղորդել) հաղորդածի ու ԼՂՀ ՊՆ հաղորդագրության միջեւ հակասությունն էր, ինչպես խոստովանեցին այդ օրը:

Կամ էլ՝ պաշտոնական Ստեփանակերտին չհավատալու Բաքվի իրական դրդապատճառը փախուստի մեջ գտնվող դիվերսանտներից որեւէ մեկի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապն էր, որի շնորհիվ կարող էր իմանալ, որ հուլիսի 10-ի դրությամբ երկուսը դեռեւս ազատության մեջ են ու փորձում են մոտենալ եւ հատել սահմանը: Սա մի հարց է, որի պատասխանը կտա հետաքննությունը, քանի որ դիվերսանտներից առգրավվել են նաեւ հեռախոսներ:

Նման վարկած առաջ ենք քաշում այն պատճառով, որ հուլիսի 10-11-ի անցուդարձը տեղում ուսումնասիրած Civilnet.am-ի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ  «հուլիսի 11-ին ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական խումբը (փախուստի մեջ գտնվող երկուսը, քանի որ երրորդը հուլիսի 8-ին ձերբակալվել էր-Ս.Ս.) արդեն մոտեցել էր սահմանի այն հատվածին, որտեղ Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը ունեն հատման ընդհանուր կետ` այն է` Սոթքի շրջանում»: Դա նշանակում է, որ այդ մեկուկես օրվա ընթացքում խմբի երկու անդամը շարժվելիս են եղել դեպի Ադրբեջան, ինչի մասին որեւէ կերպ կարող էին իմանալ Բաքվում ու չհավատալ Ստեփանակերտին:

Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցներին ոչինչ չէր մնում, քան ժամը 16:11-ին մոտ կսկիծով սեփական հանրությանը տեղեկացնելը, որ «ղարաբաղյան անջատողականների պաշտպանության նախարարությունը հաստատում է Քարվաճառում ադրբեջանական բանակի իրականացրած հատուկ գործողության մասին տեղեկությունը», ու որ խմբի որոշ անդամներ ձերբակալված են, որոշները՝ փախուստի մեջ: Այս անգամ հղումը կատարված էր «Новости-Армения» կայքին, որում ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը տեղադրվել էր 15:25:

Դրանով «անկախ» կայքերի «թարմացվող լրահոսը» ավարտվեց, մինչդեռ ակնհայտորեն Բաքուն հույսեր էր փայփայում, թե Հայաստանում ու ԼՂՀ-ում խուճապի, ադրբեջանցիների արկածների թեման շարունակություն կունենա, եթե չասենք, որ նաեւ հույսեր կային, որ տարածքին քաջածանոթ դիվերսանտներին կհաջողվի վերադառնալ Ադրբեջան...

Պաշտոնական Բաքուն հերքում է, բայցեւ խոստովանում «խուճապ եւ սարսափ Հայաստանում» օպերացիայի մասին

Չնայած անցանկալի փաստի հաստատմանը,  «Հայաստանում տիրող խուճապի» թեման, որը նախ զարգացվեց լրատվամիջոցներով, կեսօրից հետո շարունակություն ստացավ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից: Վերջինս արդեն հարկադրված էր արձագանքել հաստատված տեղեկատվությանը, բայց այնպես, որ չստացվի, թե նա պատասխանում է ԼՂՀ ՊՆ-ին կամ նրա հաղորդագրությանը:

Դրա համար պատրվակ ընտրվեց նախօրեին՝ հուլիսի 9-ին  բացօթյա ասուլիսում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կտրուկ հայտարարությունները հակառակորդի կողմից զինադադարի ռեժիմը խախտելու, մինչ այդ ձեռնարկած ու հայկական զինուժի կողմից վնասազերծած դիվերսիաների, հակառակորդին այլեւս հատու եւ կոշտ պատասխան տալու, Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքի ու այլ թեմաներով:

Հարկ է նշել, որ հուլիսի 9-ին Սեյրան Օհանյանն արդեն իսկ գիտեր դիվերսիոն խմբի ու նրա անդամներից մեկին ձերբակալելու մասին, սակայն այդ կապակցությամբ ոչինչ չասաց. ի՞նչ ասվեր, երբ խմբի անդամներից երկուսը ազատության մեջ էին: Մինչդեռ, առաջին հերթին այդ վերջին՝ դեռեւս չվնասազերծված դիվերսիայի ակնարկով ու խորապատկերին էր նա կտրուկ սպառնում Ադրբեջանին:

Հուլիսի 10-ին ադրբեջանական մի շարք պաշտոնական լրատվամիջոցներ առավոտից ծավալուն վերլուծություններ էին ձոնել նրա ասուլիսին (օրինակ՝ Перегрелся: Почему истерит министр обороны Армении): Դա նշանակում է, որ Բաքվում հասկացել էին ու գիտեին, թե ո՞րն է նախարարի զայրույթի ու կատաղության  իրական պատճառը, ում խոսքերը ներկայացվեցին իբրեւ իր եւ Հայաստանի «հիստերիայի ու խուճապի» դրսեւորում: «Армения в панике». ահա վերլուծականի առաջին նախադասությունը, որը ամբողջի մեխն է, իսկ մնացածը լուտանքներ էին: Թերեւս, Ադրբեջանն ինքն էլ չցանկացավ մատնել, որ տեղյակ է դիվերսիոն փորձից, եւ նախընտրեց այդ կերպ արձագանքել, բայց դրանով իսկ մատնում էր հիմնական թեզը խուճապի, հիստերիայի ու սարսափի մասին:

14:40-ին, երբ արդեն հայտնի էր դարձել ու հաստատվել ամեն ինչ, APA գործակալությունը տեղադրեց Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դյարգախլըի մեկնաբանությունը նախ իբրեւ թե ասուլիսում արված հայտարարությունների կապակցությամբ. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խուճապի մեջ է»,-պաշտոնական լրատվամիջոցների «վերլուծությունների» թեզը պաշտոնականացրեց ՊՆ խոսնակը:

Ապա հավելեց, թե դատելով նախարարին ուղղված հարցերից ու տրված պատասխաններից կարելի է նկատել, որ մամլո ասուլիսն ընթացել է նախապես պատրաստված սցենարով, եւ դա ընդամենը փորձ է եղել «վերականգնելու Ս.Օհանյանի իմիջն ու չեզոքացնել դրա վրա ազդած բացասական գործոնները, որոնք կապված են բանակում մահերի, վիրավորումների եւ հիվանդությունների հետ»:

Վերջապես, Վագիֆ Դյարգախլըն «սահուն» անցում կատարեց օրվա հիմնական իրադարձությանը՝ բացահայտված դիվերսիային. «Հերթական անգամ Հայաստանի ԶԼՄ-ները հրապարակել են հուլիսի 9-ին իբրեւ թե տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ շփման գծի սահմանանցման, 14-ամյա հայ պատանու առեւանգման, ինչ-որ ջրամբար թունավորելու, հայկական գյուղերն ու այնտեղ գտնվող «խաղաղ բնակիչներին» ռմբակոծելու մասին: Դա հաշվարկված է եղել ապատեղեկատվություն տարածելու ու հայ հասարակության մեջ խուճապ ստեղծելու նպատակով»:

Թերեւս այս խոսքերում ոչ միայն կարելի է տեսնել ադրբեջանական «ոչ պաշտոնական», «անկախ» լրատվամիջոցներում նույնատեսակ «թարմացվող լրահոսի» ամբողջ բովանդակությունը, այլեւ հասկանալ, որ դրա պատրաստողը, ուղղորդողը եղել է հենց Ադրբեջանի ՊՆ-ը՝ պարզապես հղումները տալով հայկական ԶԼՄ-ների, մասնավորապես Epress-am-ի լրահոսի վրա, որը ցանկալի հետեւանքի՝ Հայաստանում խուճապի շարունակվելու մասին էր:

Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը նաեւ մեկ ուշագրավ հայտարարություն կատարեց, որը թերեեւս բացահայտում է «Խուճապ եւ սարսափ Հայաստանում» օպերացիան, դրա՝ Բաքվի հետապնդած հեռահար նպատակ լինելը: Նա նշել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական մասնակցությունը հունիսի 26-ի եւ հուլիսի 7-ին ճակատային գծում ռազմական ստորաբաժանումների լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական վարժանքներին «թշնամուն սարսափի է մատնել». «Հենց այդ պատճառով էլ հայկական կողմը հասարակական կարծիքն ապակողմնորոշելու համար ամեն անգամ ապատեղեկատվություն է տարածում»:

Ադրբեջանի պաշտոնական հերքումը տարածվեց նաեւ Regnum (16:29), ադրբեջանական Turan գործակալություններով եւ Contact.az կայքով (16:54):  Մասնավորապես փոխանցվեց, թե «Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական կողմից դիվերսիոն փորձի կասեցման մասին ԶԼՄ-ների հաղորդումները. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով դիվերսիայի փորձի, դրա կասեցման ու այդ խմբի անդամների ձերբակալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-նշեցին նրանք:

Ուշադրություն դարձնենք հերքման ձեւին. նախարարությունը հերքում է, որ դիվերսիոն փորձը կասեցվել է, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, եւ իր տվյալներն ունի, որ խմբի անդամները ձերբակալված չեն: Թե ինչո՞ւ անգամ ԼՂՀ կողմից տարածված հաղորդագրությունից հետո Բաքուն չէր հավատում դրան, պարզ է դարձնում հենց հերքմանը «կից» մեկնաբանությունից, որը որքան էլ չէր ներկայացվել ՊՆ անունից, սակայն միանշանակ է, որ նա էր “off the record” (ձայնագրությունից դուրս) հայտնել:

Արժե այդ ամբողջը մեջբերել ամբողջությամբ, քանի որ դա ցույց է տալիս, թե որքան ուշադիր են Ադրբեջանի ՊՆ-ում կարդացել ու համադրել Epress.am-ի լրահոսն ու ԼՂՀ  ՊՆ մամլո հաղորդագրությունը, իսկ այդ ամբողջն էլ՝ իրենց տվյալների հետ: Մասնավորապես «հերքման տեքստի» հետգրության մեջ նշվել էր, թե «հայկական ԶԼՄ-ները հուլիսի 10-ին խճճված տեղեկատվություն են տարածել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիայի վնասազերծման մասին, սակայն ամենասկզբում հաղորդվում էր, թե այդ քաղաքում (Քարվաճառում) տեսել են երկու ադրբեջանցու, որոնցից մեկին ձերբակալել էին, իսկ մյուսը փախել էր»: Մինչդեռ, ինչպես շարունակվում է տեքստում,  «ավելի ուշ հայկական կողմը հայտնել է, թե «կասեցրել են հետախուզադիվերսիոն գործողությունների փորձը», ըստ որում «հակառակորդը ժամանակին հայտնաբերվել է, նրա որոշ անդամներ ձերբակալվել են, մյուսները՝ փախել»:

Ահա եւ գաղտնիքը. Բաքուն մտածում էր, թե ԼՂՀ ՊՆ-ը ուղղակի բլեֆի է դիմել, եւ ուզում էր հավատալ, կամ վստահաբար գիտեր, որ դիվերսանտները ազատության մեջ են, ու շարունակում էր զարգացնել խուճապի թեման, մինչդեռ Հայաստանից այլեւս դրա մասին հաղորդագրություններ չէին գալիս: Այդ օրը գոնե Հայաստանում թեման մասամբ փակվել էր, չնայած որ դիվերսանտներից երկուսը իսկապես ազատության մեջ էին:

Դիվերսիան պատերազմի «գլխավոր փորձի» օղա՞կ

Այսպիսով, նկատելի է հուլիսի 10-ի օրը ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչության գծի եւ ՊՆ խոսնակի խոսքերի մեծագույն ընդհանրությունը. թշնամին խուճապի ու սարսափի մեջ է՝ Վարդենիսում, Քարվաճառում, շփման ողջ գծում, սարսափի մեջ են Հայաստանը, նրա պաշտպանության նախարարը, իսկ խուճապն ու սարսափը պատճառել են Ադրբեջանն ու նրա ԶՈՒ «ամենազոր գլխավոր գերագույն հրամանատար» Իլհամ Ալիեւը՝ «ամենակարող ու ամենամարտունակ» ադրբեջանական բանակի աննախադեպ օպերատիվ-տակտիկան լայնամասշտաբ զորավարժություններով:  

Հուլիսի 7-ին մեկնարկած այդ զորավարժություններին մասնակցել են շուրջ 10.000 զինվորական Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմից, ՊՆ հրամանով Մոբիլիզիացիայի եւ բանակ զորակոչի պետական ծառայության կողմից ներգրավված 3.000 պահեստայիններ, 300 միավոր զրահատեխնիկա, 100-ից ավելի հրթիռա-հրետանային համակարգեր, 20 միավոր ավիատեխնիկա եւ հակաօդային պաշտպանության ավելի քան 15 համակարգ (ՀՕՊ):

Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Ադրբեջանի նման երկրում «ոչ պաշտոնական», «անկախ» լրատվամիջոցներում, ինչպիսին օրինակ www.haqqin.az-ն է, պաշտոնական լրատվամիջոցներում, ինչպիսիներից է www.day.az-ը, www.apa.az-ում նույն օրվա մեջ «Հայաստանում խուճապի ու սարսափի» թեմայի զարգացումը կապ չունի ՊՆ մամլո խոսնակի նույնաբովանդակ թեզի հետ: Առավել քան ուշագրավ է դառնում խոսնակի կողմից դրա կապը լայնամասշտաբ զորավարժությունների հետ, որոնք ավարտվելու էին հուլիսի 10-ին՝ Բաքվում ընդհանուր հավաքից ու ամփոփումից հետո:

Գրեթե աներկբա է դառնում, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունը, ԼՂՀ Քարվաճառի տարածքում այդ խմբի գտնվելը ժամանակային առումով համընկնում է հուլիսի 7-ի լայմասշտաբ զորավարժությունների հետ, եթե չասենք՝ դրա մասն է կազմել: Նրանց ընդհանրություն է ձեւավորում մեկ կարեւոր փաստ. Բաքվում երկուսից ակնկալվող էֆեկտն էլ խուճապն ու սարսափն էր Հայաստանում եւ ԼՂՀ-ում:

Թերեւս հենց սա է բացատրում, թե ինչու առնվազն հուլիսի 4-ից (Սմբատ Ցականյանին առեւանգելու օրվանից) մինչեւ հուլիսի 8-ը դիվերսիոն խումբը չի հեռացել ԼՂՀ-ից: Անսովոր է, որ «հայրենի եզերք» կամ «գերեզմաններ այցելած» (ինչպես ներկայացվում է այս օրերին) խումբը նախընտրում է ավելի երկար մնալ տարածքում, եւ չի շտապում «հոգեւոր պահանջմունքը» բավարարելուց հետո վերադառնալ Ադրբեջան:

Ակնբախ է, որ խմբի առջեւ առաջադրանք էր դրած՝ հնարավորինս մեծ խուճապ առաջացնել ԼՂՀ-ում ու Հայաստանում, այդ նպատակով շարունակել արկածները, ամենայն հավանականությամբ՝ զորավարժությունների ֆինալին իրականացնել տպավորիչ դիվերսիաներ, Հայաստանում ու ԼՂՀ-ում պատճառել ավելի մեծ խուճապ եւ սարսափ:

Այդ շղթայի մեկ այլ օղակներ են դառնում վերջին երկուսուկես ամիսներին հայ-ադրբեջանական սահմանագծի երկայքնով հաճախակիացած դիվերսիոն կամ սադրիչ գործողությունները, որոնք բոլորը կասեցվեցին հայկական զինուժի կողմից:

Այսպես. Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Տավուշի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդը դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ էր ձեռնարկվել՝ փորձելով շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: Հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չէր ունեցել, դիվերսիոն գործողության փորձն էլ կասեցվել էր:

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանը հերթական դիվերսիա էր կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Դիվերսիան չեզոքացնելու ժամանակ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Նախիջեւան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացան պայմանագրային երկու զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ Բորիս Բենիկի Գասպարյանը:

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերն ադրբեջանցիները հերթական դիվերսիոն փորձն էին ձեռնարկվել ժամը 02:55-ի սահմաններում՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել էր առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը մեկ զինվոր էր կորցրել՝ ՊԲ զինծառայող, եֆրեյտոր Էրիկ Գասպարյանին։

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման հերթական փորձը: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել էին հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել էր առնվազն 3 վիրավոր:

Եւ ահա չստացված ու ետ մղված փորձերին ավելանում է եւս մեկը՝ ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որի նույնպես ձախողվեց երկու զոհի եւ մեկ վիրավորի գնով. հուլիսի 11-ին  որոնվող դիվերսատներից մեկին վնասազերծելիս փոխհրաձգության ժամանակ զոհվեց մայոր Սարգիս Աբրահամյանը եւ ծանր վիրավորվեց Կարինե Դավթյանը, նաեւ՝ առեւանգված ու սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանը:  

Եթե այս ամենին էլ գումարում ենք վերջին օրերին սահմանի տարբեր հատվածներում հայ զինվորների սպանությունները, ապա պատկերը ամբողջական է դառնում. Ադրբեջանը վերջին երկու ամիսներին ուղղակի «օղակի» մեջ է վերցրել Հայաստանն ու ԼՂՀ-ը եւ նապատակ էր/է դրել այնտեղ հարուցել աննախադեպ խուճապ եւ սարսափ: Դա փորձեց անել սահմանի տարբեր հատվածներում դիվերսիաներով, հայկական մի շարք դիրքերում զինվորներին ու պայմանագրային ծառայողներին դիպուկահար կրակոցներով սպանելու, սահմանամերձ քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը ռմբակոծելու (Տավուշ, Ճամբարակ), սահմանի մոտակայքում հաճախակիացող ու աստիճանաբար լայնամասշտաբ բնույթ ստացող զորավարժություններով, մոբիլիզացիոն ներուժի, զինտեխնիկայի ցուցադրությամբ, իսկ Քարվաճառում՝ նաեւ թիկունք ներթափանցելու ու խուճապ ստեղծելու փորձով:

Այս ամենը պրոֆեսիոնալ դիտանկյունից առավելապես պատերազմի գլխավոր փորձ է հիշեցնում, երբ հակառակորդը փորձում է ոչ միայն մկանների ցուցադրութամբ, այլ կորուստներ պատճառելով ու շոշափելի խուճապ ստեղծելով փորձում է ստուգել ոչ միայն սահմանների ամրությունը, այլեւ հայկական կողմի մարտական հոգեբանական, տեղեկատվական եւ այլ պատրաստվածությունը եւ դիմադրողունակությունը: Այս լույսի ներքո միանգամայն լավ են երեւում այն հետեւանքները, եթե դիվերսանտներին հաջողվեր իրականցնել իրենց հիմնական ծրագրածը զորավարժությունների ֆինալին մոտ ու վերադառնալ Ադրբեջան:

Ըստ այդմ, ցավալիորեն կորուստների գնով, բայց դժվար է թերագնահատել այն հակազզդեցությունը, որը այս ամիսներին ցուցաբերել է հայոց բանակը, ու նաեւ ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման փաստը: Ով-ով, բայց գոնե զորավարժություններն ամփոփած հակառակորդը գոնե հաստատ գիտի, որ դրանք ձախողվեցին ու արժանացան ոչնչացնող հակահարվածի: Իսկ դրանցից ամենաարկածախնդիրը՝ քարվաճառյան օպերացիան, կասեցվեց ու վնասազերծվեց:

Իսկ Քարվաճառում վնասազերծվեց չափազանց պրոֆեսիոնալ, պատրաստված խումբ, որի կորուստը Ադրբեջանի համար լուրջ է. այդպիսի կադրեր մեկ օրում չես պատրաստի, որոնք տեղանքը հինգ մատի պես գիտեն, կարող են բազմիցս մուտք գործել հայկական թիկունք ու հետախուզական առաջադրանքը կատարած անվնաս վերադառնալ Ադրբեջան:

«Խուճապ եւ սարսափ Հայաստանում» օպերացիան տապալվեց: Թերեւս Բաքվին մնում է տարատեսակ պատմություններով դիվերսանտներին ներկայացնել «կարոտաբաղձ քարավաճառցի», «հասարակ խանութպան», «Ռուսաստան կամ Թուրքիա պարբերաբար խոպան գնացող», անգամ՝ «նարկոբիզնեսով զբաղվող խմբավորման անդամ»: Ու ինչպես շարունակվում է գիծը նաեւ այս օրերին, նեկայացնել, թե «ընդամենը երեք արկածախնդիր ադրբեջանցի խուճապի են մատնել ողջ Հայաստանին, ԼՂՀ-ին ու նրա զինուժին»: Երեկ www.haqqin.az-ում տեղադրված Армяне в панике, а Сейран Оганян теряет голову հոդվածը դրա հերթական վառ վկայությունն է: Այն լավագույնս ապացուցելու է գալիս սույն շարքում առաջ քաշված վարկածը:

Հարջորդած օրերին կատարվածը, դիվերսանտների իրական պրոֆիլը կներկայացնենք առանձին: 

Լուսանկարը` razm.info-ի:

 (շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter