
Վանաձորի քաղաքապետի ավելացող պարգեւներն ու քաղաքի հետընթացը
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման 15 տարիներին, ինչպես նշված է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, ստացել է Անանիա Շիրակացի մեդալ, ՀՀ վարչապետի հուշամեդալ, համայնքների միության հուշամեդալ, վարչապետից ստացել է անվանական զենք եւ արժանացել է այլ պարգեւների ու պատվոգրերի: Սակայն, որքան ավելացել են Սամվել Դարբինյանի մրցանակներն ու մյուս պարգեւները, այնքան հետընթաց է ապրել Վանաձորը, այն այսօր դարձել է գործազուրկ բնակչությամբ, արտագաղթից դատարկվող, անանցանելի փողոցներով եւ պուրակներով մի քաղաք:
«Արցախ» պուրակը գտնվում է քաղաքի կենտրոնում` Տիգրան Մեծի պողոտայի հարեւանությամբ: Լոռու մարզպետարանի լրատվական ծառայության ղեկավար Սամվել Խալաթյանի ասելով` պուրակն «Արցախ» անվանումն ստացել է 1988թ. ազգային-ազատագրական շարժման օրերին: Հավաքները տեղի են ունեցել հենց այս պուրակում, դրանցից մեկի ժամանակ էլ, շարժման ակտիվիստների առաջարկությամբ, այն կոչվել է «Արցախ»: Հետագայում անունը պաշտոնականացվել է: «Հենց «Արցախ» պուրակում էին Արցախի ազատագրական կռիվներում զոհված ազատամարտիկների վրա դրոշներ խոնարհվում, որից հետո վանաձորցիներն իրենց նահատակներին տալիս էին վերջին հրաժեշտը»,- հիշում է գրող Սամվել Խալաթյանը:
Վանաձորի կենտրոնում գտնվող «Արցախ» պուրակն այսօր քաղաքապետարանից մոռացված վայր է: Պուրակի կենտրոնական հատվածում հսկա հողակույտ է թափված, գազոններն անմշակ են եւ խոտածածկ, նստարանների տակ ու շրջակայքը լեցուն է աղբով: Պատերի ու նստարանների մոտ թափված աղբի կողքին օրվա բոլոր ժամերին երեխաներ են նստած իրենց մայրերի հետ: Պուրակի «Սրնգահար տղան» արձանը խոտերի մեջ գրեթե չի երեւում: Այսուհանդերձ, «Արցախ» պուրակն օրվա բոլոր ժամերին մարդաշատ է:
Վանաձորցիների սիրելի պուրակն անտերության է մատնվել այն վաճառելու օրից: Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանը հայտնեց, որ «Արցախ» պուրակը 2004թ.-ին Վանաձորի քաղաքապետարանը վաճառել է Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնին:
Թե որ իրավունքով է Սամվել Դարբինյանը որոշել Արցախ պուրակի ողջ տարածքը վաճառել, դա թերեւս հարցի մի կողմն է: Այդուհանդերձ, վաճառելուց հետո քաղաքապետ Ս. Դարբինյանն անցած 10 տարիներին իր պարտքը չի համարել պուրակի սեփականատիրոջը հիշեցնել «Արցախ» պուրակի նկատմամբ իր պարտավորությունների մասին: Վանաձորի մրցանակակիր քաղաքապետն իր պարտքը չի համարում հետեւել նաեւ քաղաքի մյուս պուրակների վիճակին:
Փոքրիկ Արմանն ասում է, որ պուրակն իրեն դուր է գալիս, բայց չգիտի, թե ինչու: Այգու նստարանին նստած զրուցում էին Վանաձորի բժշկական քոլեջի երկու ուսանողուհիներ: «Սա շատ գեղեցիկ պուրակ է, եթե խնամվի եւ մաքրություն պահպանվի: Պուրակի նորությունը նստարաններն են: Ինչպես տեսնում ենք` պուրակում աղբարկղեր չկան: Մարդիկ այստեղ իրենց ուտելիքի մնացորդը ժամերով պահում են ձեռքներին կամ լցնում են նստարանների տակ: Տեսնո՞ւմ եք, խոտը որքան է բարձրացել: Դա ներդրումներ չի պահանջում եւ քաղաքապետարանը կարող է մաքրել տալ պուրակը»,- ասաց Լուսինե Նալբանդյանը:
«Ինձ դուր չեն գալիս այս թափված հողակույտերը, քաղաքի կենտրոնին սազական չէ: Ինչ վերաբերում է քաղաքի ընդհանուր վիճակին, բարեկարգված է միայն Վանաձորի քաղաքապետարանին եւ մարզպետարանին հարող հրապարակը, եւ մատերի վրա կարելի է հաշվել մի քանի այգի, որը Արցախի պուրակից մի փոքր ավելի լավ վիճակում է»,- ասաց Վերա Վեքիլյանը:
Երտասարդ աղջիկները հայտնեցին, որ որոշ չափով բարեկարգված է Վանաձորի երկաթուղայինների այգին: «Այնտեղ էլ իրենց ոչ պատշաճ պահող մարդկանց ենք հանդիպում եւ դա բոլորովին էլ հաճելի չէ»,- ասաց Լուսինեն:
«Այնտեղ ծառերի մոտ ու թփերի մեջ հանդիպում ենք տղամարդկանց, ովքեր օրը ցերեկով իրենց բնական կարիքներն են հոգում: Ուղղակի անհնար է այդ այգով քայլել»,- դժգոհեցին Վերան եւ Լուսինեն:
![]() |
Նելլի Աղայան |
«Իրոք, դժգոհելու վիճակ է: Չգիտեմ ինչո՞ւ, այստեղ բարձիթողի վիճակ է: Նախկինում գեղեցիկ պուրակ էր, հիմա էլ, որ ուզենան նորից կգեղեցկացնեն»,- ասաց Նելլի Աղայանը: Վանաձորի 2013թ.-ի բյուջեի եկամուտների փաստացի մուտքերը տարեվերջին կազմել են 2 մլրդ 114 մլն 67,7 հազար դրամ: Սամվել Դարբինյանի տարեկան հաշվետվության համաձայն` այս եկամուտներից Վանաձորում 2013թ.-ին կատարվել է 183 հազար 500 քմ ծաղկանոցների եւ սիզամարգերի հնձում, ձեւավորվել են 60 հազար հատ միաշարք թփեր, էտվել եւ ձեւավորվել է 401 ծառ, հատվել է 15 ծառ, տնկվել է թվով 250 հատ տնկի` 33 մլն 970 հազար դրամ արժողությամբ:
Վանաձորի 2013-2016 թթ. քառամյա զարգացման ծրագրում Սամվել Դարբինյանը նախատեսել է Վանաձորի կանաչ գոտիների ծավալը հասցնել բնակչության մեկ շնչին ընկնող միջազգային նորմերին: Թե որքան է կազմում այդ նորմը` քառամյա ծրագրում չի հիշատակվում: Ս. Դարբինյանը որոշել է նաեւ Վանաձորում կանաչ գոտիների մակերեսը եւ ծաղկապատ տարածքներն ավելացնել 30%-ով, դրանք, սակայն դեռ երազանք են մնում:
Մեկնաբանել