
Դատարանը հաստատեց «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի եւ «Հետաքննող լրագրողների» հաշտության համաձայնագիրը
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ռուբեն Ներսիսյանի, հաստատեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի եւ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի միջեւ ստորագրված հաշտության համաձայնագիրը:
Նշենք, որ այս տարվա հունվարի 16-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի՝ հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին: ՍՊԸ-ին պատկանող www.pressident.am լրատվական կայքում վերարտադրվել էին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված չորս լրագրողական նյութեր: Վերջիններս վերարտադրվել էին առանց պատշաճ հղման եւ գրեթե ամբողջությամբ:
Հունիսի 26-ի նիստում դատարանը կողմերին առաջարկեց հաշտության եզրեր գտնել: Կողմերը հուլիսի 11-ին դատարան ներկայացրին հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ն ընդունում է, որ խախտել է «Հետքի» հեղինակային իրավունքը եւ պարտավորվում է վերարտադրված լրագրողական հոդվածները համապատասխանեցնել օրենքի պահանջներին (վերնագրում գրել դոմեյնի անուն, կատարել պատշաճ հղում, մեջբերված հոդվածներում պահպանել նպատակն արդարացնող ծավալը եւ այլն) կամ դրանք հեռացնել www.pressident.am կայքից:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցով նաեւ 200,000 դրամի փոխհատուցում էր պահանջել, որից, սակայն, հունիսի 26-ի նիստում հրաժարվեց` հաշվի առնելով լրատվական կայքի ֆինանսական դրությունը:
Մեկնաբանել