HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է «պրեմիում-97»-ը Հայաստանում համարվում «սուպեր» բենզին

«Հետքն» այս տարեսկզբին անդրադարձել էր Հայաստան ներկրվող բենզինի խնդրին եւ գրել, որ 2008 թ.-ից հետո, ըստ ՊԵԿ-ի եւ վիճծառայության, Հայաստան «սուպեր» տեսակի բենզին չի ներկրվել: Սակայն մյուս կողմից՝ շուկայում վաճառվում է նման տեսակի բենզին, ավելին՝ Ստանդարտների ազգային ինստիտուտը համապատասխանության պարտադիր հավաստման է ենթարկել ներկրող ընկերությունների բենզինը ու 3-ին («Ֆլեշ» ՍՊԸ, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ, «Մաքսհուր» ՍՊԸ) տվել է «սուպերի» սերտիֆիկատ:

Մեզ հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանն էլ նշել էր, որ պարբերաբար հայտնաբերում են այնպիսի խախտումներ, երբ ավելի ցածր որակի բենզինը վաճառվում է իբրեւ «սուպեր»:

Կհարուցվեն վարչական վարույթներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի փոխանցմամբ՝ հրապարակումից անմիջապես հետո ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել ներքին այրման շարժիչային վառելիքների՝ բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման եւ իրացման ոլորտներում:

«Ուսումնասիրությունն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը: Մի քանի ամիսների ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակիցները այցելել են հանրապետության տարբեր բենզալցակայաններ՝ բարձրացված խնդրի ուսումնասիրման նպատակով: Որոշ բենզալցակայաններում արդեն իսկ բացահայտվել են խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես  բարձրացված խնդրին, այնպես էլ առկա են նաեւ հնարավոր այլ խախտումներ: Վարույթներ դեռեւս չեն հարուցվել, քանի որ նախատեսված ոչ բոլոր բենզալցակայններում է ուսումնասիրությունն ավարտվել: Առաջիկայում այն կավարտվի, եւ բոլոր օրինախախտ ընկերությունների հանդեպ կհարուցվեն վարչական վարույթներ»,- հայտնել է Գ. Սահակյանը:

Հարցում էինք ուղարկել նաեւ գլխավոր դատախազությանը, թե արդյոք հրապարակումն ընդունվել է իբրեւ հաղորդում հանցագործության մասին, հարուցվել է արդյոք քրգործ, ինչ հոդվածներով, եւ ինչ փուլում է նախաքննությունը, իսկ եթե չի հարուցվել, ապա ինչ հիմքով: Չնայած անցել է շուրջ երկու ամիս, պատասխան դեռ չենք ստացել:

Ու՞մ համար է կառավարությունը որոշում կայացրել

Այն, որ Հայաստանում գոնե անվանապես կա «սուպեր» բենզին, սակայն, պաշտոնական թվերի համաձայն, չի ներկրվում, ոչ ավել, ոչ պակաս ՀՀ կառավարության գլուխգործոցի արդյունք է: 2004-ի նոյեմբերին գործադիրը հաստատել է ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը: Ըստ այդմ՝ սահմանվել են 4 տեսակի բենզինների օկտանային թվերը (ճայթյունակայունության ցուցանիշ. սեղմման ժամանակ վառելիքի չբռնկվելու ունակությունը, որքան բարձր է ՕԹ-ն, այնքան բենզինն ավելի կայուն է բռնկման հանդեպ): Գոյություն ունի ՕԹ-ի որոշման երկու մեթոդ՝ շարժիչային եւ հետազոտական, որոնցից բենզալցակայաններում ցուցադրվում է երկրորդը: Այսպես՝ 2004-ին «նորմալ» բենզինի ՕԹ-ն (հետազոտական մեթոդով) հաստատվել է 80, «ռեգուլյարինը»՝ 91, «պրեմիումինը»՝ 95, «սուպերինը»՝ 98: Սրանք նվազագույն թվերն են, այսինքն՝ օրինակ 97 ՕԹ-ով բենզինը ոչ թե «սուպեր» է, այլ «պրեմիում»:

Այս թվերը գործում են նաեւ արտերկրում: Ռուսաստանում, օրինակ, տեխնիկական կանոնակարգերով՝ գոյություն ունեն АИ-80 («նորմալ»), АИ-91, АИ-92 (երկուսն էլ «ռեգուլյար»), АИ-95 («պրեմիում») եւ АИ-98 («սուպեր») տեսակները: Այսքանով հանդերձ՝ 2006-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը 2004-ի որոշման մեջ կատարել է փոփոխություն, որով «սուպերի» ՕԹ-ն դարձրել է 97:

Ահա այստեղից էլ առաջացել է հակասությունը մաքսավորների եւ սերտիֆիկացնողների միջեւ: Եթե վերջիններս առաջնորդվում են տեխնիկական կանոնակարգով, ապա մաքսային մարմինների համար դասակարգման հիմքը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկն» է, որի ընդունման մասին համաձայնագիրը ԱՊՀ երկրները ստորագրել են 1995-ին, իսկ ՀՀ-ն այն վավերացրել է 2000-ին: Անվանացանկում ապրանքները կոդավորված են, եւ յուրաքանչյուրն ունի իր բնութագիրը: Այստեղ կա բենզինի 3 դասակարգում. մինչեւ 95 ՕԹ-ով (կոդը՝ 2710 12 410), որը փաստորեն ներառում է «նորմալ» եւ «ռեգուլյար» տեսակները, 95-ից մինչեւ 98 ՕԹ-ով (կոդը՝ 2710 12 450), որը նույն «պրեմիումն» է, եւ 98 ու ավելի բարձր ՕԹ-ով, որը «սուպերն» է (կոդը՝ 2710 12 490): Այս դասակարգումը գործում է նաեւ Մաքսային միությունում ու, բնականաբար, կշարունակի կիրառվել Եվրասիական միությունում, որին ցանկանում է անդամակցել Հայաստանը:

Ստացվում է, որ ներկրվող բենզինը, ծագման երկրում ունենալով 97 ՕԹ եւ համապատասխան փաստաթուղթ, ներկրվելիս ՀՀ մաքսային մարմինների կողմից ընդունվում է իբրեւ «պրեմիում» բենզին, ինչի արդյունքում պաշտոնական վիճակագրության մեջ մտնում է իբրեւ այդպիսին, սակայն նույն Ստանդարտների ազգային ինտիտուտը, առաջնորդվելով 2006-ին փոփոխված տեխնիկական կանոնակարգով, պարտադիր ստուգման է ենթարկում այդ բենզինը ու 97 ՕԹ-ի դեպքում այն որակում իբրեւ «սուպեր», ինչը ներկրողին թույլ է տալիս վառելիքը իրացնել «սուպեր» պիտակի տակ:

Նախորդ հրապարակման մեջ նշել ենք, որ հայաստանյան բենզինը հիմնականում ներկրվում է Բուլղարիայից ու Ռումինիայից, որտեղ 97 ՕԹ-ով «սուպեր» բենզին չկա: Ասել է թե՝ հայ ներկրողները ավելի էժան գներով ձեռք են բերում «պրեմիում-97» բենզին, սակայն Հայաստանում այն վաճառվում է ավելի թանկ՝ «սուպեր-97» անվան տակ: 2009-2013 թթ., ըստ ԱՎԾ-ի, մեր երկիր է ներկրվել 112.806 տ «պրեմիում» բենզին, ու թե սրանից որքանն է հետո վաճառվել իբրեւ «սուպեր», մնում է գուշակել: Եթե հաշվի առնենք, որ «պրեմիումի» ու «սուպերի» տարբերությունը 30 դրամ է, ապա իրականում «պրեմիում-97» հանդիսացող բենզինի յուրաքանչյուր լիտրի դիմաց վաճառողները 30 դրամի օգուտ են ստացել, ինչը հանրագումարում խոշոր թիվ է ստացվում:    

Բենզինի ու դիզվառելիքի հիմնական ներկրող «Ֆլեշ»-ը, մասնավորապես, որը թիվ մեկ գերիշխողն է շուկայում, ըստ էության, շատ լավ օգտվել է այս հանգամանքից: Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) բենզալցակայաններում ամենաշատն է հանդիպում «սուպեր» բենզին՝ երբեմն հենց «սուպեր-97» մակնիշով:

Այսպիսով՝ 2006-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը մեկ թվի փոփոխությամբ ոչ միայն հակասություն է առաջացրել մաքսային ու սերտիֆիկացնող ծառայությունների միջեւ, այլեւ պատճառ է դարձել, որ հայաստանցի անտեղյակ վարորդները, սեփական մեքենայի մասին մտածելով, ավելի թանկ վճարեն նույն ապրանքի դիմաց՝ փոխարենը հավելյալ կլորիկ շահույթ ուղղելով մեկ-երկու խոշոր գործարարի գրպանները:       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter