
Արզականը պարտքեր ունի. «ոսկիները» վաճառքի են հանվում նվազագույն գնով
Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսեսյանն այս տարի, ավագանու որոշմամբ, գնել է գյուղի խանութներից մեկը` համայնքում հանդիսությունների սրահ կառուցելու նպատակով: Խանութը գնվել է մոտ 16 մլն դրամով, և թեև շինությունն արդեն սեփականության իրավունքով ներառված է համայնքապետարանի գույքային հաշվեկշռում, սակայն գումարը դեռևս ամբողջությամբ չի վճարվել: Ն. Մովսեսյանն ասաց, որ պարտատիրոջը դեռևս մոտ 4 մլն դրամ պետք է վճարեն:
Այդ օրը հայտարարված էր չորս լոտ հողատարածքի աճուրդ-վաճառք` խանութի պարտքերը փակելու համար: Բոլոր լոտերի համար հայտեր կային, սակայն նախատեսված ժամին մասնակիցներից ոչ մեկը չներկայացավ համայնքապետարան: Առանց սակարկելու էլ համայնքապետին հայտնի էր լոտի հաղթողը: Կար նաև երկրորդ` մրցակցող կողմը, բայց այս ամենը` միայն փաստաթղթերում: Նորիկ Մովսեսյանը նախ ասաց, թե մասնակիցները ուշացումով` քառասուն րոպեից, կգան: Երբ արդեն քառասուն րոպեն լրացել էր, ու մասնակիցներից որևէ մեկը չկար, Ն. Մովսեսյանն ասաց. «Ես ձեր հետ սկզբից էդպես խոսեցի, բայց հետո ասեցի` ճիշտը խոսենք: Մասնակիցները չեն գալու: Մենք ենք իրենց խնդրել, աղաչել, որ գան, էս հողերը գնեն, բյուջեում փող լինի, էդ խանութի հարցերը լուծենք»:
Աճուրդի դրված լոտերից մեկը, որ 1500 քմ բնակելի կառուցապատման հողատարածք է, վաճառքի էր դրված 4,5 մլն դրամ մեկնարկային գնով: Տարածքը հարմար է բիզնես գործունեություն ծավալելու համար, այն կարող էր հետաքրքրել շատ գործարարների: Թե այս դեպքում ինչու են խնդրել ապագա գնորդին, ինչու են տարածքը վաճառում հնարավոր նվազագույն գնով, համայնքապետը պատասխանեց. «Հասկանում եմ` ինչ եք ասում, թող ինչքան հնարավոր է, մաքսիմալ գնով ծախվի, բայց ճիշտն ասած, եթե էսօր կադաստրային արժեքով էլ վաճառվի, ես շնորհակալ կլինեմ: Միգուցե մի քանի տարի առաջ դնեինք, ավելի շատ բան տար մեզ, բայց որ մարդ անճար է լինում, հանում, ոսկին էժան գցում է: Նույն մեր վիճակն է»:
Աճուրդի հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում և azdarar.am կայքում:
Համայնքապետի հաշվարկով` 4,5 մլն դրամ մեկնարկային գնով, 1500 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքի համար սակարկողները պետք է անեին երկու-երեք քայլ, քայլը` 440 հազար դրամ, հետո մեկը պետք է «պարտվեր», մյուսը ձեռք բերեր հողը` մոտ 5 մլն դրամով: «Թղթերով ամեն ինչ մեզ մոտ նորմալ է»,- ասաց համայնքապետը` ավելացնելով, որ եթե հնարավոր է, չգրենք իրենց աճուրդի մասին, պարտքերը «փակեն, պրծնեն»: Աճուրդներն, ասաց նա, ձևական բնույթ են կրում, իրենք էլ ստիպված անցնում են այդ ձևերի միջով:
Արզականի նախկին աճուրդների ժամանակ օտարվել են նաև Աղվերանում գտնվող անտառային նշանակության մի քանի հողտարածքներ, որոնք այժմ հանգստավայրեր են, և սեփականտերերն օգտագործում են բիզնես նպատակներով: Սակայն Ն. Մովսեսյանը բացառեց, թե նախորդ աճուրդներն էլ են «ձեւական բնույթ» կրել: Անտառային նշանակության թանկ հողատարածքները, նրա խոսքով, օտարվել են մի քանի մասնակցի իրական սակարկությունից հետո:
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համաձայն` աճուրդը համարվում է չկայացած, եթե մասնակիցները չեն ներկայանում: Աճուրդից մի քանի օր անց, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աղվան Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ արձանագրությունն արդեն կազմվել է, աճուրդը համարվել է չկայացած և հայտարարվել է կրկնաճուրդ: 1500 քմ մակերեսով բնակելի կառուցապատման վերոնշյալ հողատարածքի կրկնաճուրդը, նրա խոսքով, տեղի կունենա օգոստոսի 25-ին:
Խանութը, որը համայնքապետարանին պարտքերի տակ է թողել, իրականում ամբողջությամբ չի ծառայելու որպես հանդիսությունների սրահ: «Գյուղապետարանը ուզում ենք տեղափոխել էդ շենք, երկրորդ հարկը լինի գյուղապետարան, դա լավ շենք է սրա հետ համեմատած, իսկ առաջին հարկը կլինի էդ սրահը»,- հարցազրույցի վերջում ասաց Ն. Մովսեսյանը: Թե ինչպես է համայնքապետարանը երկրորդ հարկում աշխատելու, եթե առաջին հարկում հարսանիք կամ հոգեհանգստի արարողություն լինի, համայնքապետն ասաց, թե ստիպված են հարմարվել, որովհետև համայնքի ներկայիս վարչական շենքը «նեղ է, անհարմար է»: Հանդիսությունների սրահը, համայնքապետի խոսքով` հնարավոր է անվճար տրամադրվի: Այդ մասին, սակայն, ավագանին դեռևս որոշում չի կայացրել:
Նորիկ Մովսեսյանի լուսանկարը` arzakan.am կայքից
Մեկնաբանել