HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրասար. վարչապետի խորհրդականի ոսկու հանքավայրը

Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերից մեկը ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա և իր որդիները մեծ բաժնեմաս ունեն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում, որը նախատեսում է մետաղների բաց հանքավայր շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի տարածքում: 

«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն օրերս բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Սյունիքի մարզի Քարասար և Պրիխրեպտովոյի (Մեղրասար) ազնիվ մետաղների երևակումում հանքաքարի փորձնական հանույթի տեխնոլոգիական մշակման և Տաշտուն համայնքի վարչական տարածքում հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցման նախագծերը:

Հանքավայրը Սյունքի մարզի Լիճք և Տաշտուն գյուղերից հեռու է ընդամենը 5 կմ: Այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով՝ 7.5 տարվա ընթացքում: Զբաղեցնելու է 73 հա տարածք, որից լցակույտի տարածքը կզբաղեցնի դրա համարյա կեսը՝ 33.5 հա-ն:

Այս ընկերությունը հանքավայրի շահագործման իր ծրագիրն բազմաթիվ խախտումներով է սկսել, որոնց «Հետքն» արդեն անդրադարձել է: Անցյալ տարվա հուլիսին ՀՀ բնապահպանության նախարարությունը Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի  նկատմամբ կայացրել էր ընկերության գործունեության դադարեցման որոշում, քանի որ ընկերությունը սկսել էր փորձարարական համալիր կառուցել՝ չունենալով բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Սակայն որևէ այլ պատասխանատվության ՍՊԸ-ն չէր ենթարկվել:

Ավելին, չնայած «ԱՏ-մետալս»-ը չուներ փորձաքննության եզրակացության արդյունքները, դեռևս 2013թ. մայիսի 23-ին  ՀՀ կառավարությունը որոշել էր արտոնել ընկերությանը. «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների՝ համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել  էր մինչև 2016թ. մայիսի 30-ը: Ընկերությունը շուրջ 3 մլն դոլարի ներդրում է խոստացել և 270 հազար դրամ միջին աշխատավարձով 180 աշխատատեղ:

Ովքեր են շահույթ ստանալու հայկական ոսկուց և արծաթից 

Այժմ տեսնենք, թե ինչու է այս ընկերությունն արտոնյալ և ովքեր են իրականում հայ-ռուսական «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի բաժնետերերը: 

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ռուսական բաժնեմասը «ԱՏ-մետալս»-ում  50.2 % է, մնացյալ 49,8-ը՝ հայկական է:

45 %-ի սեփականատերը հայկական «Վենտմայն» ՍՊԸ-ն է:  

4,8 %-ն էլ պատկանում է Կարեն Համլետի Հովսեփայանին:

Մնացյալ 50.2-ը հավասարապես կիսում են նույն հասցեում գրանցված ռուսական երկու ընկերություն` «Ավիատեխնալոգիա գրուպ» ՍՊԸ-ն և  «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ն:


45 %-ի սեփականատեր «Վենտմայն» ընկերությունը գերազանցապես ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանեկան բիզնեսն է: Այս ընկերությունում Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները՝ Վարդան և Կարեն Հովսեփյանները 30-ական տոկոսի բաժնետեր են, մնացյալ 10 %-ը քաղաք Աբովյանում գրանցված Հայկ Մեժլումյանինն է: Վերջինս Համլետ Հովսեփյանի ընկերն է և «ԱՏ-մետալս»-ի գործադիր տնօրենը:

«ԱՏ-մետալս» ՍՊԸ-ում 4.8 % բաժնեմասի սեփականատեր Կարեն Հովսեփյանը, ինչպես արդեն հասկանալի է, վարչապետի խորհրդականի որդին է, ինչը նշանակում է, որ ոսկու հանքավայրը շահագործող «ԱՏ-մետալս» ընկերության 49.8 %-ը (բացառությամբ «Վենտմայն»-ում 10 % Հայկ Մեժլումյանի բաժնեմասից) Համլետ Հովսեփյանի ընտանիքինն է:

Մոսկվայում 2007-ին գրանցված «Ավիատեխնալոգիա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրները և մասնակիցները ռուսներ են՝ Սերգեյ Արոնով, Գենադի Մուլին, Սերգեյ Մուլին, Պավել Խանչին: ՌԴ ընկերությունների ռեգիստրի տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գիտահետազոտական գործունեություն է իրականացնում բնական և տեխնիկական գիտությունների ոլորտներում, արտադրում է տարաբնույթ մետաղյա իրեր, զբաղվում է արդյունաբերական նախագծերով, արդյունաբերական շինարարությամբ, բեռնափոխադրումներով, վարկերի տրամադրմամբ, մետաղյա թափոնների մշակմամբ, գեոդեզիական և քարտեզագրական և մի շարք այլ գործունեություններով: Խմբին են պատկանում ռուսական ավիացիայի համար սարքավորումներ արտադրող գործարաններ:

«Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ն նույն հասցեում է գրանցված և հանդիսանում է նույն՝ «ԱՏ» խմբի ընկերություն: Բաժնետերեն են՝ «Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՍՊԸ-ն (խոշոր բաժնետերը), «ՌՊՏ» ՍՊԸ-ն և «ՆՏ» ՍՊԸ-ն: 

«Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ն, սակայն, 2002թ.-ից  ներգրավված է քրեական գործերում՝ Նիժեգորոդյան մարզի նահանգապետի նախկին տեղակալ Վիկտոր Կլոչայի և Կուլեբանյանի  մարզի  նահագնապետ Նիկոլայ Ռյաբիկինի մասնակցությամբ, ովքեր փորձել են տիրանալ «Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ի որոշ բաժնեմասին: Վիկտոր Կլոչայն եւ Նիկոլայ Ռյաբիկինը տարբեր ժամանակներում եղել են «Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ին պատկանող Կուլեբանյան մետալուրգիական գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանը ունի ավիացիայի համար հատուկ արտադրանքներ թողարկելու մենաշնորհ: Այն ստրատեգիական նշանակություն ունի Ռուսաստանի թե ռազմական, թե քաղավիացիայի համար:

Սերգեյ Մուլինի մասին ռուսական մամուլում հրապարակումները հակասական են: Նա անցել է նաև Մերձմոսկովյան Ստուպինյան մետալուրգիական գործարանի 50 մլն դոլար վարկային պատմությանն առնչվող քրեական գործով, երկրից հեռացել է և ապրել Լիխտեյնշտեյնում: Հետախուզվել է ինտերպոլի կողմից: 

Որտեղից հայտնվեցին ռուսները

Ռուս գործընկերը, ինչպես բացատրեց վարչապետի խորհրդական Հ.Հովսեփյանը, ՌԴ կառավարության՝ պետական բաժնեմասով «Ռոսավիա» ընկերությունն է ու մասնավոր անձինք: Ռուսների հետ Մեղրասարի հանքավայրի շահագործման նախաձեռնողն անձամբ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է եղել: Այդ մասին խորհրդական Հովսեփյանը խոստովանեց «Հետքի» հետ զրույցում: Խարկովի իրավաբանական ինստիտուտն ավարտելուց հետո ուսանողական ընկերներ են մնացել, և երբ դժվարություններ է ունեցել ներդրումներ անելու հարցում, դիմել է նրանց օգնությանը: «Դրել եմ տուն, տեղ ամեն ինչ, վարկ եմ վերցրել, ռիսկի եմ գնացել, փող եմ դրել, հետո պարտնյորի խնդիր ունեի, կարողացա գտնել մարդիկ, որոնք վստահեցին, և եկան ներդրումներ արեցին Հայաստանում»,- պատմում է Համլետ Հովսեփյանը:

Սակայն պետական գրանցման փաստաթղթերում ընկերությունների հիմնադիր կամ մասնակից պետական բաժնեմաս ունեցող որևէ ընկերություն չկա: Թերևս, վարչապետի խորհրդականը ռուսական պետական բաժնեմասը շեշտում է իր գործընկերների լրջությունը ցույց տալու համար: 

Իր գործընկերների քրեական պատմությունների մասին Հ. Հովսեփյանը տեղյակ է: Սակայն ՌԴ գլխավոր դատախազությունից ճշտել է, որ որոշում է կայացվել և «դրանց լրիվ մաքրել են»: «Մուլին եղբայրները արդարացվել են, իրենց գործընկերներն են սրիկաներ, ուզեցել են խլել գործարանները իրենցից, հիմա դրանք մաքրվել են: Նորմալ մարդիկ են և պատրաստակամ են տրամադրված Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, նույնիսկ իրենք  են առաջարկել սոցիալական ծրագրեր իրականացնել»,- ասում է Հ.Հովսեփյանը: 

Ինչպես նշում է խորհրդականը՝ ռուսական կողմն արդեն 12 մլն դոլարի ներդրում է կատարել, երկրորդ ծրագրով կրկնակի կամ եռակի պետք է արվի. դեռ պարզ չէ, քանի որ նախագծերը  տակավին ավարտին չեն հասցրել: «Միայն ոսկու հանքավայր չէ, այնտեղ մենք բազմամետաղի լուրջ ծրագրեր ունենք՝ գործարան ենք կառուցել, արդեն ավարտին ենք հասցրել, կառուցելու ենք երկրորդ գործարանը, որը ռեգիոնում լինելու է միակը: Մեր հանրապետության համար շատ լուրջ ներդրում է, որը ռուսական կողմն անում է մեզ հետ միասին»,- ասում է խորհրդականը:

Համլետ Հովսեփյանը հավաստիացնում է, որ Հայաստանում առաջին անգամ այնպիսի տեխնոլոգիա է կիրառվելու, որը որևէ բնապահպանական վտանգ չի ստեղծի տարածքի համար: Պայթեցումներ չեն լինելու, քանի որ հողն այնպիսին է, որ պայթեցման անհրաժեշտություն չկա: «Ես այն մարդը չեմ, որ թույլ տամ այդպիսի բան, դուք գիտեք իմ անցած ճանապարհը, եթե մի քիչ իմ կենսագրության հետ ծանոթ լինեք, կիմանաք»,-արձագանքում է Հ. Հովսեփյանը՝ բնապահպանական ռիսկերի մասին մեր հարցադրմանը:

Հ. Հովսեփյանն ասում է, որ տարածքի գյուղերը քանդված ու ավերված էին: Իսկ Նախիջևանի սահմանակից Տաշտունում մարդ չէր մնացել, հիմա կամաց-կամաց վերադառնում են, գյուղը սկսել է շնչել: Լիճքում ու Տաշտունում նախատեսել են սոցիալական ծրագրեր իրականացնել. լուծել դպրոցի, գազի, ճանապարհների խնդիրները: «Եթե դա չանենք, բա ով անի, բա դրա մասին պետք է մտածենք, ոչ թե գոռգռանք, փորձենք խանգարել և այլն: Հիմա մենք նավթ չունենք, գազ չունենք, մենք էլ ունենք սա»,- հիմնավորում է Հ. Հովսեփյանը:

Այժմ գործարանի փորձարկման գործընթացներն են. չինացիներն են եկել՝ իրենց սարքավորումները տեղադրելու: Ըստ Հովսեփյանի՝ այս ամսվա վերջ նախատեսվում է ավարտել այդ աշխատանքները և սեպտեմբերի սկզբներին սկսել շահագործումը:

Հարցին, թե արդարացել են արդյոք ներդրողների հույսերը հանքաքարի մասով, Համլետ Հովսեփյանն ասում է. «Որոշ չափով ոչինչ, ինչ-որ մենք մտածում էինք, կա: Բացի դրանից, նոր նյութեր էլ ենք հայտնաբերել, հեղինակային իրավունքը ստացել ենք, դրա մասին էլ կհայտնենք լրացուցիչ»:

Բիզնես գործունեությունը չի՞ խանգարում վարչապետի օգնականի գործունեության հետ՝ մեր հարցին Համլետ Հովսեփյանը պատասխանում է. «Ոչ, դուք գիտեք՝ վարչապետի խորհրդականը ինչ է, բիզնեսը մասնավոր..., աշխարհում դուք գիտեք ընդունված է՝ մասնավոր մարդիկ աշխատում են երկրի նախագահներ, մասնավոր բանը ինչ է: Ես ներդրում ունեմ արած, ունեմ ակցիա (բաժնետոմս-հեղ), ես այնտեղ ոչ կառավարման եմ մասնակցում, ոչ էլ չգիտեմ ինչի, ընդհակառակը՝ օգնում եմ ինչ-որ բանով, որպեսզի ավելորդ խոչընդոտներ չառաջանան»:

Մեր դիտարկմանը, թե կառավարմանը չմասնակցելով տիրապետում է հանքավայրի հետ առնչվող բոլոր մանրուքներին, պատասխանում է. «Իհարկե ամեն ինչին տեղյակ եմ, ոնց կարող է տեղյակ չլինեմ, ինչ խաբե՞մ: Պարտավոր եմ տեղյակ լինելու, ինչ անօրեն բան եմ անում, որ տեղյակ էլ չլինեմ: Մեր երկրի համար այնքան բան է արվում այստեղ, բա ներդրումներ ենք ներգրավում, աշխատատեղեր ենք  ստեղծում, ուզում ենք, որ մի քիչ մեր երկիրն էլ շնչի, ինչ է՝ վատ բան ենք անո՞ւմ»:

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Մարդն իր արդար բերանով արտասանում է, որ ինքն ընդամենը բաժնետեր է «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ում, ու օգնում է նրանց, որ գործունեության ընթացքում խոչընդոտներ չլինեն: Իսկ որ տեղյակ է ամբողջ անց ու դարձից, պարզ է, որ վարչապետի խորհրդականը պարտավոր է տեղյակ լինել անց ու դարձերից, մանավանդ, որ այդ ամենը վերաբերվում է իր կողմից նախաձեռնած գործին: Առնվազն ապուշ պետք է լինել, չհասկանալու համար, թե ով է Հայաստանում շահույթ ստանում ոսկուց ու արծաթից և շատ ու շատ այլ բաներից: Ճիշտ չե՞մ պ-րն Համլետ Հովսեփյան: Եթե ճիշտ չեմ կարող ես դատական հայց հարուցել իմ անձի դեմ, իսկ եթե ճիշտ եմ ...
barséghian
Ultra libéralisme, bédoutian, jorovourti, talan, artagart

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter