HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչպես է դաս չքաղող որսորդը երկու ոտքով ընկնում սեփական թակարդը. սահմանադրական փոփոխությունների նպատակը-1

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելու միակ կամ իրական շարժառիթը իշխանության վերարտարդման ապահովումն է: Դրա հետ կապված` ոչ իշխանական ուժերի մեծ մասի` Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքը թեև փաստականորեն հիմնավորված չէ, սակայն տրամաբանված է և բխում է Հայաստանում հաստատված քաղաքական խաղի աննորմալ կանոններից: Եթե նպատակը Սերժ Սարգսյանի համար իշխանության պահպանումը չլիներ, նա չէր նախաձեռնի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մի գործընթաց, որին դեմ է արտահայտվել սկզբունքայնորեն, ինչն ինքնին արդեն անբնական է ու անտրամաբանական: Սա միակ բացառությունն է, երբ նախագահ Սարգսյանն անում է այն, ինչին դեմ է սկզբունքորեն: Իսկ այն, ինչ անբնական է, պատահական լինել չի կարող:

Երկրորդ կարևոր հիմնավորումը սկզբունքներից հրաժարվելու այս «մեծահոգի» քայլը կատարելու համար ընտրված ժամանակն է: Սերժ Սարգսյանը որոշեց իր սկզբունքները մի կողմ դնել միայն իր պաշտոնավարման վերջին ժամկետի ընթացքում, գալիք համապետական ընտրություններին ընդառաջ: Նաև այն փաստը, որ նա առանձնապես չի շտապում ձեռնարկել այսպես կոչված «Ժառանգորդ» օպերացիան, վկայում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսվել և իրականացվում է ապագա իշխանության ձևավորման կամ վերաձևման տեսլականի շրջանակում: Բայց դեմ արտահայտվող ոչ իշխանական ուժերը սխալվում են մեկ առանցքային կետում. այդ գործընթացը Սահմանադրական փոփոխությունների բովանդակության, մասնավորապես` պառլամենտական համակարգի անցնելու հետ որևէ կապ չունի: Իշխանության վերարտադրման ապահովման հիմքերի հիմքը սահմանադրական հանրաքվեի անցկացումն է, իսկ դրանից առաջ ընդհանրապես այս նախաձեռնության շուրջ սկսված և այն ուղեկցող քաղաքական զարգացումները, ոչ իշխանական ճամբարում ծավալվող իրադարձությունները:

Հանրաքվեն այն սահմանադրաիրավական մեխանիզմն է, որի միջոցով ներկայիս ընտրական համակարգի, ավելի ճիշտ` այդ համակարգի չգոյության միջոցով կարելի է անցկացնել ցանկացած փոփոխություն, ընդհուպ Հայաստանը միապետական կառավարման համակարգի վերածելը: Դրա համար անհրաժեշտ է երկու բան. վարչական, ուժային և իշխանությանը ծառայող քրեաօլիգարխիկ համակարգի գերկենտրոնացում և հանրաքվեի ողջ պրոցեսի նկատմամբ հանրային ու քաղաքական վերահոսկողության կատարյալ բացակայություն: Առաջինը իշխանությունն արդեն ունի: Այն, ինչ տեղի է ունենում իշխանությունից դուրս ճամբարում` կապված պոտենցիալ դիմադրողական բևեռի` դեռ չձևավորված տրոհման հետ, ուղղված է երկրորդ նախադրյալի ստեղծմանը: Այդ ամենը տեղի է ունենում ճիշտ այն սցենարով, որը նախագծվել է նախագահի գլխում, և որն իր արդյունավետությունն ապացուցել է բազմիցս: Իսկ տեղի է ունենում հետևյալը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր պոտենցիալ մրցակիցների դեմ օգտագործում է նրանց իսկ զենքը` կիրառելով այսպես կոչված «տակտիկական նահանջի» փայլուն աշխատող մոդելը: Վերջինիս էությունն այս պարագայում ինքնին պառլամենտական կառավարման համակարգին անցնելու նախաձեռնությունն էր: Դրա քաղաքական պահանջն առաջադրել էին ոչ իշխանական պառլամենտական հինգ ներկայիս ուժերից 4-ը` նախորդ նախագահական ընտրությունների նախօրեին, որոնք հայտարարում էին, թե դա է Հայաստանը իրավական պեություն դարձնելու, իշխանության մենաշնորհայնացվածությունը վերացնելու միակ ճանապարհը: Եվ ահա Սերժ Սարգսյանը, այս նախաձեռնությունը սկսելով, անուղղակի  ասում է հետևյալը. եթե դա էր ձեր ուզածը, ահա` ընդառաջում եմ: Գնդակը, այդպիսով, նա նետեց քառյակի և հասարակության դաշտ` նրանց կանգնեցնելով երկընտրանքի առջև. կամ հիմնվելով համակարգը փոխելու անհրաժեշտության մասին սկզբունքային, գաղափարական դիրքորոշման վրա` մտնել այդ խաղի մեջ, այսինքն` ընտրել ռազմավարական մոտեցումը, կամ հասկանալով նախաձեռնության տակ թաքնված իշխանության իրական նկրտումները` ցուցաբերել իրավիճակային մոտեցում և մերժել այդ նախագիծը` նախընտրելով տեղավորվել անսկզբունքայնության, քաղաքական անհետևողականության նյութից պատրաստված շրջանակի մեջ:  

ՀՅԴ-ն ընտրեց առաջին տարբերակը, մյուս երեք ուժերը, գոնե առայժմ` երկրորդ: Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե նրանցից ով է ճիշտ: Դա իշխանության համար բացարձակապես նշանակություն չունեցող հարց է, որովհետև իրական նպատակը դաշտի տրոհման փաստն է և այն, որ դա տեղի ունենա անպայման սահմանադրական փոփոխությունների օրակարգի շրջանակում:

Առաջին մարտավարական խնդիրը, որ դրանով լուծում է իշխանությունը, ողջ քաղաքական դաշտը սահմանադրական փոփոխությունների օրակարգ ներքաշելն է: Այդպիսով լուծվում է երկրի համար առավել կարևոր խնդիրները, օրակարգերը, իշխանության սխալներն ու բացթողումները, դրանց հենքի վրա համահասարակական կոնսոլիդացիա, քաղաքական անկայունության ռեսուրս ստեղծելու հնարավորություններն ու ճանապարհները, այսինքն` իշխանափոխության հարց առաջադրելու շանսերը չեզոքացնելը: Սա միակ օրակարգն է, որն ընդունակ է քաղաքական շարժումը վերածել հակաիշխանական հզոր ալիքի: Այդ խնդիրը մասամբ ադեն լուծվում է. իշխանությունը կատարելապես մոռացավ, օրինակ, ՀՅԴ-ի առաջադրած 7 կետանոց պահանջագիրը, չկատարեց երկու-երեք ամիս առաջ քառյակի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջագիրը: Բայց դրանք չկատարելու համար պատասխանատվության հարց չի առաջանում նաև այն պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ հակասությունները թույլ չեն տալիս կենտրոնացնել պահանջատերերի ուշադությունն ու ռեսուրսները, դա վերածել քաղաքական էներգիայի: Բայց հանրաքվեի այս օրակարգն առաջ քաշելով` լուծվում է նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ խնդիր ևս:

Անկախ այն բանից` դեմ կարտահայտվեն քաղաքական ուժերը սահմանադրական փոփոխություններին, թե կողմ, կարևորը` այն դառում է համընդհանուր քննարկման առարկա, ինչն ինքնին արդեն այս պրոցեսը լեգիտիմացնելու, դրա տակ արհեստականորեն հասարակական ու քաղաքական պատվեր խցկելու միջոց է: Ավելի պարզ ասած` նախագահը հիմա կարող է արդեն ասել` եթե քննարկում եք, եթե դրանց հենքի վրա քաղաքական կողմնորոշումներ եք վերանայում ու ճշգրտում, նշանակում է կար նախաձեռնության օբյեկտիվ պահանջարկն ու անհրաժեշտությունը: Ավելին` դրա միջոցով արդեն ոչ թե ուշադրություն է գրավում սահմանադրական փոփոխություններն անցկացնելու` իշխանության անսահմանափակ հնարավորությունը, այլ փոփոխությունների բովանդակությունը: Այլ կերպ ասած` իշխանությունը ստեղծում է արհեստական օրակարգ և ստիպում բոլորին շարժվել հենց այդ օրակարգով, այսինքն` խաղի այն կանոններով, որն ինքն է թելադրում: Այս պայմաններում միակ բանը, որ մնում է անել հիմնանպատակին հասնելու համար, այս կեղծ օրակարգն անընդհատ թեժ պահելն է, որպեսզի դրանից որևէ մեկը դուրս չգա, որպեսզի որևէ մեկը հանկարծ չբղավի, որ «թագավորը մերկ է»: 

Երկրորդ մարտավարական խնդիրն այն է, որ տրոհումը դիմադրության հնարավոր բևեռը վերածում է ավերակների, և իշխանությանը մնում է ընդամենը այդ ավերակների վրայով քայլել դեպի բաղձալի վերարտադրությունը: «Բաժանիր, որ տիրես» մեթոդաբանությունը փայլուն աշխատեց նախագահական ընտրությունների ժամանակ, և, անկասկած, որևէ փոփոխություն չլինելու պարագայում աշխատելու է նաև այս անգամ:

Նախագահ Սարգսյանը թվացյալ նահանջի միջոցով ստրատեգիական հարձակման անցնելու այս մարտավարությունը փայլուն կիրառեց 2011թ.` Լևոն Տեր- Պետրոսյանի համաժողովրդական շարժումը թուլացնելու և չեզոքացնելու համար, երբ կատարելով երեք հայտնի պահանջները` ՀԱԿ-ին կանգնեցրեց կատարված փաստի, հետագա քայլերի ու անելիքների անորոշության առջև: Նույն տակտիկան կիրառվեց նաև այս տարվա գարնանը, երբ քառյակը պահանջեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը` սպառնալով հուժկու հանրահավաքով սկսել իշխանափոխության պրոցես: Վարչապետը փոխվեց` մերկացնելով քառյակի կատարյալ անպատրաստությունը դրան: Եվ ակնհայտ է, որ եթե այս իրավիճակից դուրս գալու ելքեր չորոնվեն, պատմությունը կրկնվելու է: Այն արդեն կրկնվում է...

 

Լուսանկարը` aravot.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter