
20 տարվա ընդմիջումից հետո Ալավերդին զբոսայգի կունենա
Ալավերդի քաղաքի ծայրամասային Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգին, որը վերջին 20 տարիներին անուշադրության էր մատնվել, վերականգնվում է: Զբոսայգու վերականգնման շինարարական աշխատանքների համար համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից քաղաքապետարանը հատկացրել է 60 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Սանասար Տիտանյանը «Հետքին» հայտնեց, որ ֆինանսավորում չլինելու պատճառով օրերս կդադարեցվեն զբոսայգու շինարարական աշխատանքները:
«Ոչ թե գումար չունենք, դրա համար չենք կարողանում շարունակել շինարարությունը, այլ 2014թ.-ի համար հատկացված 30 մլն դրամի շինարարական աշխատանքները կատարվել են, մյուս 30 մլնը պլանավորված է հատկացնել հաջորդ տարի՝ 2015թ.-ին»,- բացատրեց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Նրա ասելով` մեծածավալ ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրերը 2 փուլով իրականացնելը Ալավերդիում ընդունված պրակտիկա է:
![]() |
Արտավազդ Վարոսյանը |
«Այս տարի զբոսայգում հիմնականում կատարվել են հողային աշխատանքներ, այդ թվում՝ մաքրվել եւ հարթեցվել է տարածքը, տեղադրվել են ճաղաշարեր, հենապատերն ամրացվել են, եզրաքարեր են տեղադրվել, պահակակետում աշխատանքային սենյակ եւ սանհանգույց է կառուցվել»,- հայտնեց Ա. Վարոսյանը:
Քաղաքապետն ասում է, որ 2015թ.-ին զբոսայգու ամբողջ երկայնքով տեղադրվելու են նստարաններ, զբոսայգին լինելու է նաեւ մշակութային վայր: Կառուցվելու է բացօթյա բեմ, երկու դեկորատիվ ջրավազան, ամբողջ զբոսայգում լինելու է լուսավորության համակարգ, գործելու են խաղահրապարակներ, նաեւ՝ զուգարան: «Ուղղակի այստեղ մի հանգամանք կա, որ զբոսայգին մեկ տարում զբոսայգի չի դառնում, հիմնադրում են, ծավալուն աշխատանքն են կատարում, որպեսզի տարիների ընթացքում այն կայացած զբոսայգի դառնա»,- ասում է Արտավազդ Վարոսյանը:
Այսուհանդերձ, հենապատերի ամրացման մասին քաղաքապետի տեղեկությունը չափազանցված էր, քանզի զբոսայգին Դեբեդ գետից սահմանազատող հենապատի վրա ամրացման որեւէ աշխատանք չի կատարվել, ընդամենը բազալտի շարվածքով հենապատը բարձրացվել է: Մյուս հենապատը զբոսայգին սահմանազատում է Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհից:
«Խարխլված պատ է, 30 տարի այդ հենապատի վրա ոչ մի աշխատանք չի կատարվել: Սովորաբար, այդ ժամանակ պատերից բույսեր են դուրս գալիս, քարերն իրարից հեռանում են: Նախագծում ընդամենը հենապատի ամրացում է նախատեսված, այդ թվում՝ հողից կանաչ մասսայի մաքրում, ցեմենտի շաղախով որոշ տեղերում քարերի ամրացում, ընկած քարերի տեղադրում»,- ասաց Ա. Վարոսյանը:
Հենապատի վիճակը հուշում է, որ վաղ թե ուշ այն սպառնալիք է դառնալու ոչ միայն զբոսայգու այցելուների, այլեւ միջպետական ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցների համար: Մեր շրջայցի ժամանակ շինարարը հենապատից ընկած քարերը մի կերպ պատի մեջ հարմարեցնում եւ ցեմենտի շաղախով սվաղում էր: «Ես որպես մասնագետ կասեմ, որ էս պատի պես իդեալական պատ չկա»,- 30 տարվա խարխլված պատի մասին ասաց Սանասար Տիտանյանը:
Ալավերդու աշխարհագրական դիրքի պատճառով Ակներ, Սանահին գյուղական, Ս./Սարահարթ եւ Սանահին կայարանային թաղամասերի բնակիչների համար վերականգնվող զբոսայգուց օգտվելն այնքան էլ իրատեսական չի լինելու: Նշված թաղամասերն զբոսայգուց գտնվում են 5-8 կմ հեռավորության վրա, իսկ ժամը 19:00-ից հետո Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային միջոցները, բացառությամբ տաքսիների, չեն աշխատում: Չի աշխատում նաեւ ճոպանուղին: Քաղաքապետի ասելով՝ զբոսայգու նոր տարածքի ընտրության հարցում Ալավերդիում ալտերնատիվ տարածք չի գտնվել: «Անգամ 100 մետր տարածքն այսօր Ալավերդիում խնդրահարույց է»,- ասում է Արտավազդ Վարոսյանը:
![]() |
![]() |
Նախկին եւ ներկա քաղաքապետերը քաղաքի շատ հողատարածքներ առանց ծանր ու թեթեւ անելու վաճառել են, անգամ պատմական հուշարձաններին հարող կանաչապատ պուրակները չեն խնայվել: Միջնադարյան Հայաստանի նշանակալից ինժեներական կառույցներից մեկի` Սանահինի կամուրջի աջ եւ ձախ տարածքները վաճառվելուց հետո վերածվել են սրճարանների: Արտավազդ Վարոսյանի որոշումով անցյալ տարի վաճառվել է Սանահինի կամուրջից հազիվ 50 մ հեռավորության վրա գտնվող հեղափոխության հուշարձանի պուրակը: Սրճարաններն ուղղակի ստվերում են Սանահինի կամուրջի գեղարվեստական արժեքը: Ա· Վարոսյանը տեղեկացրեց, որ վաճառված է նաեւ Ալավերդու պատկերասրահին հարող պուրակը եւ Եղեռնի պուրակի տարածքի զգալի մասը:
Սայաթ-Նովա հրապարակին հարող պուրակը մշտապես գտնվում է հակասանիտարական վիճակում: Ալավերդու բնակչության 50%-ը բնակվում է Ս./Սարահարթ թաղամասում: Այստեղ էլ շուրջ 1 հա տարածք ընդգրկող նախկին զբոսայգու տարածքը քաղաքապետարանի թողտվությամբ բնակիչներն օգտագործում են որպես տնամերձեր: Միայն նոր հետաքրքրություններ եւ իրենց կյանքում աշխուժություն մտցնող զբոսայգին կարող է ալավերդցիներին ձգել դեպի իրեն:
«Ես, երբ իմ թոռնիկի հետ գնում եմ Երեւան, նրան անմիջապես տանում եմ զբոսայգի` կարուսել նստելու: Ինչո՞ւ Ալավերդիում էլ թոռիկս չօգտվի այդ հաճույքից»,- ասում է Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: «Զբոսայգում կառուսելներ եւ ատրակցիոն խաղեր չեն նախատեսված: Չենք նախատեսել այնպիսի կառուսելներ, որոնք տեխնիկական վերահսկողության, լիցենզավորման կարիք ունեն, համենայնդեպս, նախագծում նախատեսված է այդ տարածքներն ազատ թողնել»,- բացատրում է քաղաքապետը: Ռաֆայել Ջավախյանը հույս ունի, որ իր թոռնիկի եւ ալավերդցի մյուս երեխաների համար պղնձաձուլական գործարանի սեփականատերը մի օր մի կարուսել կտեղադրի զբոսայգում:
Մեկնաբանել