HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատ բան չեմ ուզում, պարզապես ուզում եմ, որ փողոցում քայլելիս մեջս վախ չլինի, որ ինչ-որ մեկը ուր որ է՝ գլխիս կխփի

28-ամյա Օկեանը չի կարողանում աշխատանք գտնել. խանգարում է արտաքինը: Երիտասարդ աղջիկը տղայական արտաքին ունի: «Հավանաբար պատճառն իմ արտաքինն է. երևի տեսնում են ու հասկանում, որ նույնասեռական եմ: Ես շրջանից եմ՝ ամենահեռավոր ծայրից: Աշխարհից կտրված մի վայրում եմ մեծացել, բայց ես այդպիսին եմ ի ծնե, նույն սեռի նկատմամբ հակումներն իմ մեջ Եվրոպայից չեն մտել»,- պատմում է նա:

Երբ Օկեանին առաջարկեցի զրուցել, որը նաև պիտի ձայնագրեի, նա մի պահ երկմտեց: «Չե՞ս վստահում լրագրողներին»,- հարցրի: «Չվստահելու խնդիր չկա, պարզապես մի անգամ ինձանից հարցազրույց վերցրին: Հետո, երբ ես այն կարդացի, մնացել էի զարմացած. այդ լրագրողն իմ ասածը լրիվ աղավաղել էր, ու այդ ժամանակից չեմ սիրում լրագրողներին»,- պատասխանեց Օկեանը:

Նա ասում է, որ հաճախ լրատվամիջոցները սեռական փոքրամասնությունների վերաբերյալ չճշտված և չափազանցրած տեղեկություններ են հաղորդում՝ փորձելով ինչ-որ սենսացիոն բան անել, փոխարենն ավելի են վնասում. ավելանում է ագրեսիան սեռական փոքրամասնությունների հանդեպ, մարդիկ վախենում կամ խուսափում են ԼԳԲՏ համայնքի անդամների հետ շփվելուց՝ կարծելով, թե նրանք աննորմալ են կամ այլասերված:

Ինչևէ, նա համաձայնեց: Օկեանը (իսկական անուն-ազգանունը խնդրեց չհրապարակել), ով Հայաստանի ԼԳԲՏ՝ լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների համայնքում այդ անունով է հայտնի, մասնագիտությամբ բարմեն է: Նաև սիրողական լուսանկարչությամբ է զբաղվում: Ապրում է Երևանում:

Մասնագիտությամբ երբևէ չի աշխատել: Նախկին աշխատանքի մասին խոսելիս ասում է, թե «դժվար» տեղերում է աշխատել: Բենզալցակայանում էր աշխատանք գտել, բայց երկար չտևեց: Պատճառը կրկին տղայական արտաքինն էր: «Հիմա ես ուզում եմ արտաքինիս մեջ ինչ-որ բան փոխել, թեև ինձ դուր են գալիս կարճ մազերը: Ցանկություն չկա տղա դառնալու, ուղղակի տղայական հագնվելու ոճը ինձ դուր է գալիս»,- ասում է նա:

28-ամյա նույնասեռականը կարծում է, որ միգուցե հեռավոր ապագայում, երբ դպրոցական տարիքից տրվեն գիտելիքներ նույնասեռականության մասին, հասարակությունն ավելի հարդուրժող դառնա, բայց դա՝ ապագայում: Մինչ այդ Օկեանին չափազանց անհագստացնում է աշխատանք չունենալը: Նա գոյատևում է բարեկամների և ընկերների օգնությամբ, որոնց հարցում, ինչպես ինքն է ասում, բախտը բերել է:

«Գուցե հետո ինձ հաջողվի լուսանկարչության միջոցով փող վաստակել, իսկ ներկայումս շատ դժվար է առանց աշխատանքի: Ես շատ տառապանքների միջով եմ անցել: Երբ բարեկամներիս պատմեցի իմ գաղտնիքի մասին, երկար ժամանակ նրանք չէին կարողանում համակերպվել, չէին ընդունում»,- ասում է Օկեանը:

Ծնողներից միայն հայրն է ողջ, որի հետ այժմ խաղաղ հարաբերությունների մեջ է. «Ասում է՝ դու, քո կյանքը. ոնց ուզում ես, ապրի»:

Օկեանը կարծում է, որ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում մարդիկ այլևս նման վախեր չեն ունենա և իրենց կընդունեն: «Վախը գալիս է նրանից, որ մարդիկ ինֆորմացիա չունեն ու մտածում են՝ դա հիվանդություն է, այլասերում են ազգը, կամ Եվրոպայից է մտել Հայաստան: Գիշերը անցնում ես փողոցով ու մեկ էլ լսում ես, որ տղաները հետևիցդ երգում են «Голубая луна», ու մտածում ես՝ հիմա էդ երգողները կմտածեն, որ ես գեյ եմ, ու կխփեն, կխփեն ամեն դեպքում: Եթե փորձեմ բացատրել, որ ես աղջիկ եմ, ավելի վատ կլինի իմ վիճակը: Ամենավատը այն ընդհանուր ագրեսիան է, որ նկատում եմ ամենուր. ինձ շատ է ճնշում: Ծաղր ու հեգնանք եմ տեսնում, ինչը ցանկացածի համար տհաճ է»,- ասում է Օկեանը:

Նա 7 տարեկան էր, երբ առաջին անգամ զգաց, որ տարբերվում է բոլորից և հետաքրքրվում է իր սեռով, բայց քանի որ ոչինչ չգիտեր, վախենում էր ու մտածում, որ ինչ-որ հիվանդություն ունի: «Հոգեպես շատ եմ տանջվել»,- ասում է նա:

Օկեանը դժվարանում է ասել, թե որ ոլորտներում են ամենից շատ ոտնահարվել իր իրավունքները: «Ես չեմ կարող պաշտպանել իմ իրավունքները, որովհետև ինձ ոչ մի տեղ չեն բացատրում, թե ինչու աշխատանքի չեն ուզում ընդունել ինձ»,- ասում է նա:

Նա վախենում է միայնակ փողոցում քայլել, գտնվել հասարակական վայրերում. «Վիրավորում են, ծաղրում, ծիծաղում, ու դու չես կարող ասել՝ ինչո՞ւ եք վիրավորում: Կարճ մազերով աղջիկ ու տղավարի եմ ինձ պահում, ուրեմն լեսբի եմ: Դա շատ է ճնշում»:

«Կուզենայի՞ր ապրել դրսում»,- հարցս դեռ չավարտած՝ հնչում է պատասխանը. «Այո, մեծ հաճույքով»: «Որտե՞ղ»: «Այնտեղ, որտեղ ինձ կընդունեն այնպես, ինչպիսին կամ»:

«Եթե ունենաս հնարավորություն, կգնա՞ս Հայաստանից» հարցին Օկեանը պատասխանում է. «Երևի բոլորը կգնան, ԼԳԲՏ համայնքի բոլոր անդամները: Մշտական վախ կա մեջս, բոլորի նույնասեռականների մեջ կա այդ վախը: Վախենում են, որ ընտանիքը կիմանա, սովորելու կամ աշխատանքի վայրում կիմանան, հարևանները կիմանան»:

«Ես աղջիկ եմ, բայց տղայական արտաքինիս պատճառով չեն հասկանում, որ աղջիկ եմ, մտածում են, թե ես գեյ եմ, ու նորից նույն ագրեսիան… Անկախ այն բանից՝ աղջիկ եմ, թե տղա, ես ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն… Շատ բան չեմ ուզում, պարզապես ուզում եմ, որ այդ ագրեսիան չլինի, փողոցում քայլելիս մեջս վախ չլինի, որ ինչ-որ մեկը ուր որ է՝ գլխիս կխփի: Վերջիվերջո, մենք էլ ենք մարդ»,- ասում է Օկեանը:

Լուսինե Սարգսյան

Մեկնաբանություններ (6)

Բաբկեն
Խորհուրդ կտամ դատարան դիմես: Եթե մարդիկ չեն հասկանում դիմացինի կյանքը ու հալածում են ուրեմն պետք է պաշտպանվել: Ինչ կապ ունի թե ինչ ձձես կարեվորը եթե մարդկայինես ու ինքդ հանգիստես քեզ պահում ուրեմ դու լավ մարդես: Հայստանում շատ բան պետքա փոխվի, մարդու իրավունքները էդքանել չեն պաշտպանվում ինչոր անմակարդակ պաշտոնյանների ու քաղաքացիների կամ ընտանիքների պատճառով, որոնք զուրկեն սիրուց ու հարգանքից: Եթե տեսնում ես հայկական օրենքները չեն գործում պետք է դիմել արտասայմանյան կազմակերպությունների, օրինակ Ամերիկյան դեսպանատուն կամ Բրիտանական որ իրանք իմանան թե ինչ վիճակ է: Ես ինքնս հաշմանդամ եմ ու սիրում եմ տղայի ու թույլ չեմ տա ինչ որ մի դեբիլի կամ անմակարդակի Հայաստանում ինձ կպնի, իրավունքներ շատ ունեմ ու կպաշտպանեմ, վախեցող էլ չեմ: Էս Հայաստանը վարիա գնացել արդեն, մարդել չկա որ մարդկություն սովորացնի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Gegham - Մաֆիոզ-կլանային օլիգարխները քեզ տհաճություն չեն պատճառում? Միգուցե իրենք հավաքվեն ու միասին դուրս գնան Հայաստանից-համ իրանք դրսում լավ կապրեն, համ էլ մենք տհաճություն չենք զգա:
Gegham
Միանշանակ ճիշտ որոշումա թող բոլորով հավաքվեն ու գնան ստեղից համ իրանք դրսում լավ կապրեն համ ել մենք տհաճություն չենք զգա
drizzlebrain
Հայաստանում մարդիկ չափազանց հանդուժող են, և բոլորովին էլ հետաքրքիր չէ, թե ով ինչ վախ ունի, մանավանդ` չհիմնավորված; Հեռավոր գյուղերից գալը, քաղաքում իրեն կարևոր զգալը, և լրագրողներին չսիրելը թերևս բավարար չեն չսովորելու և/կամ չաշխատելու համար: Այո, իհարկե, «մեծ հաճույքով» նաև` արտասահման, .. Ընթացքում նաև, քաղաքականության մասին որոշումներ- նույնասեռականությունը դպրոցում!!! Կարելի է հարցնել, ո՞ր.` տարրական, միջին, թե՞ ավագ: Կարող եմ խնդրել, ոչ պահանջել, որ իմ հումորի զգացման սահմանները փորձությունների չենթարկվեն և որևէ մեկի անձնական տվայտանքները իր լավ կամ վատ դասավորված կյանքից երկրի համար քաղաքականությունների նշանակալի փոփոխություններ չենթադրեն: Կարծեմ նույնասեռական դառնալու կամ այդպիսին ծնվելու համար դպրոց չեն գնում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ուստի լուծումն այն է,որ Հայաստանը ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ մտցնի/ընդունի անտի-դիսկրիմինացիոն ՕՐԵՆՔՆԵՐ,որպեսզի երկրի ԲՈԼՈՐ անդամները/քաղաքացիները իրենց զգան ապահով ու ընդունված-ՄԻԱՅՆ այս դեպքում է քաղաքացին իր տաղանդներն ու էներգիան ներդրում երկրի զարգացման համար,որի կարիքն այսօր Հայաստանը ՕԴԻ պես ունի: Հակառակ դեպքում Հայաստանը մնալու է ՄԻ ԹԵՎԱՆԻ ինքնաթիռ,որը ՄԻԱՅՆ գետնին կարող է «թռնել»: Բոլոր այդ «զորբա» տղաներին (որոնք խփում են նույնասեռականների գլխներին) հետևյալը - անբարոյական ՕԼՒԳԱՐԽԻԿ ՄԱՖԻՈԶՆԵՐԸ 4 կողմից բռնաբարել /բոնաբարում են Հայաստանը.Էդ ուր էք ? ՀԵՇՏ թիրախ եք ման գալիս,որ ձեզ լավ զգաք? ՄԹԱՄ «հայրենասիրական» գործ եք կատարում երկիրը «մաքրելով» նույնասեռականներից?
vazgen
lav kliner vor du qo mech gtneir korac knog@, VORIN INCH VOR SHAMANAK KORCREL ES, hnaravor e voch qo mexqov.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter