
Բեռնար Շալանդ. «Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, հպարտ եմ նրանցով»
Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումից հետո (0-3) տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
-Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:
-Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել...
-Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով, խաղաց ավելի առաջ քաշված. ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը:
-Նախ պետք է ասեմ, որ ունեի հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ, սակայն Համբարձումյանն ակումբային մակարդակով հիանալի հարձակվողական ունակություններ է ցուցաբերել: Մյուս կողմից էլ, պետք է ուժեղացվեր պաշտպանությունը, քանի որ թարմ Վալբուենան վտանգ էր ներկայացնում:
-Ձեզ համար ի՞նչ նոր բան բացահայտեցիք:
-Նախևառաջ հիմնական դասը, որ քաղեցի, հերթական անգամ համոզվելն էր, որ պետք է ապավինել թիմային, կոլեկտիվ խաղին: Համախմբված խաղը կտա իր արդյունքը:
-Հավաքականում իր նորամուտը նշած Արտյոմ Սիմոնյանի խաղի վերաբերյալ ի՞նչ կասեք:
-Տեխնիկական առումով Սիմոնյանի խաղից գոհ եմ. նա նաև լավ էր գործում պաշտպանողական գործողություններում: Նա բարձր մակարդակում շատ բան ունի ապացուցելու:
Մեկնաբանել