HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի միակ կենդանաբանական այգին անվտանգ չէ

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

Հոդվածում արծարծված խնդիրը որեւէ կապ չունի Լեւոն Հայրապետյանի անձի հետ եւ առնչվում է բացառապես կենդանիների պահպանության ու պաշտպանության թեմային:

Վանք գյուղի կենդանաբանական այգում պատահաբար հայտնվեցինք: Դեպի Գանձասարի վանք տանող ճանապարհին գտնվող աղբյուրի մոտ էինք կանգնել` ջուր խմելու, երբ նկատեցինք կենդանաբանական այգու ցուցանակը: 1 տոմսի արժեքը 400 դրամ էր:

Այգու մուտքից ներս բավականին մեծ տարածություն էր փռվել մեր առջեւ: Այցելուներիս միանգամից գրավեց ռետրո մեքենաների հավաքածուն, որի հարեւանությամբ փայտամշակման արտադրամասն էր: Քիչ հեռվում էլ կենդանիների վանդակներն էին: Այս ամենի հիմնադիրը վանքեցի հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանն է, որի «ԱՏԱ Վանք Լես» ՓԲԸ-ին էլ պատկանում են փայտամշակման կոմբինատն ու դրա տարածքում գտնվող կենդանաբանական այգին: Վերջինս, տեղի աշխատակիցների փոխանցմամբ, գործում է արդեն 15 տարի: 

Դեռ ընդհանուր մուտքի մոտ էինք` կենդանիների վանդակներից մոտ 50 մետր հեռու, երբ արդեն լսվում էին կենդանիների անհանգիստ ձայներ:

Բուն գազանանոցի դռան վերեւում ցուցանակ էր փակցված` «Չծխել. տուգանք 10.000 դրամ»: Մինչ ներս մտնելն այգու աշխատակիցը զգուշացրեց, որ վանդակներից հեռու մնանք, որովհետեւ նախկինում դժբախտ դեպք է եղել: Ասաց, որ առյուծը ճաղերի արանքից վնասել է այցելուներից մեկի ձեռքը, ով շատ է մոտեցած եղել վանդակին: Դրանից հետո ժապավեններ են կապել խցերի դիմաց, որպեսզի մարդիկ չմոտենան ճաղերին:

Դեմ-դիմաց գտնվող վանդակների միջեւ տարածությունը բավականին փոքր էր, ու այնտեղով զգուշությամբ էինք քայլում: Առյուծների վանդակն էլ այնքան նեղ էր, որ արուն ու էգը հազիվ էին տեղաշարժվում: Դրա դիմաց էլ գորշ արջերն էին, որոնցից մեկն անհանգիստ մռթմռթում էր: Գրեթե բոլոր վանդակներում նույն իրավիճակն էր. գայլերը, աղվեսն ու լուսանները շարունակ հետ-առաջ էին անում նեղլիկ խցերում:

Հարցրեցինք աշխատակցին` արդյո՞ք անվտանգ են: Անվտանգութունը երաշխավորելու փոխարեն կրկին խորհուրդ տվեց զգույշ քայլել, վանդակներին մոտ չգնալ: Հարցրեցինք` ինչու՞ են անհանգիստ կենդանիները, ուսերը թոթվեց, ասաց` արջին հիմա կկերակրի: Նրա շարժումներում վախվորածություն կար, արջի վանդակի վերեւից մի հաց նետեց արագ ու հետ եկավ: «Ոնց որ դու էլ ես վախենում, հա՞»,- դիմեցինք նրան: Նա եւ´ կենդանիների կերակրողն էր, եւ´ այգու պահակը: «Պա հինչըմ անում, վըր վախում չըմ»,- ժպտալով ասաց նա, հետո անկեղծացավ, թե առյուծների մոտ մի կերպ է գնում, շատ է վախենում, բայց ինչ անի, ուրիշ աշխատանքի տեղ չկա գյուղում:

Ընդհանուր մուտքի մոտ զրուցեցինք նաեւ փայտամշակման կոմբինատի պահակ Գարիկ Սահակյանի ու այգու աշխատակից Դավիթ Բաղդասարյանի հետ: Նրանց ասելով` այգում 22 կենդանի կա, այդ թվում` 3 առյուծ, 2 արջ, 2 լուսան, 2 մացառախոզ, 2 եղնիկ, 2 վայրի այծ, 1 աղվես, 4 գայլ, 3 սիրամարգ:

Բացի առյուծներից` մյուս գազանները տեղի անտառներից են բռնվել: Կենդանիների մի մասը Լեւոն Հայրապետյանը նվեր է ստացել: Գարիկն ու Դավիթն ասում են, որ վանդակների չափը մոտ 10 քմ է: Այնինչ հայտնի է, որ գայլը մեկ գիշերվա ընթացքում կարող է անցնել 60-80 կմ, այսինքն` դա նրա կենսակերպի անբաժանելի մասն է, այնինչ նման չափերի վանդակում տեղաշարժվելը իսկական փորձություն է կենդանու համար, ինչն էլ սթրեսային վիճակ է առաջացնում: Այգու աշխատակիցներն ասում են, որ Լ. Հայրապետյանը նպատակ ունի Վանքի մեկ այլ հատվածում ավելի մեծ գազանանոց հիմնել:

Նախկինում այստեղ կենդանիների անկման դեպքեր են եղել: 12 վարազ են ունեցել, որոնք նախանցյալ տարի աֆրիկյան ժանտախտի պատճառով սատկել են: Այգի բերված 2 կորյուն էլ, ինչպես Գարիկն ու Դավիթն են ասում, մայրական կաթ չուտելու պատճառով ռախիտ էին մեծացել, ոտքերը թույլ են եղել. դրանք այսօր չկան: Եթե հավատալու լինենք մեր զրուցակիցներին, ապա այլ կենդանիներ հիվանդություններից չեն անկել: Փոխարենը աշխատակիցները նշում են, որ անազատության մեջ ծննդաբերել են գայլը, լուսանը, մացառախոզը: Ըստ նրանց` կերը նորմալ է, սառնարաններ ունեն, կենդանիներն էլ գյուղի անասնաբույժի հսկողության տակ են: Մասնավորապես, առյուծներին օրական մեկ անգամ են կերակրում` երեկոյան: Ամեն անգամ տալիս են 6-7 կգ միս` խանութից գնված հավի բուդ, տավարի միս: Արջերին էլ եփած միս են տալիս, որը խառնում են բրնձի ու շաքարավազի հետ, կերակրում են նաեւ ձմերուկով, խնձորով, մեղրով, որը վերցնում են փեթակներից: Այգու աշխատողները տոմսի թանկ լինելը բացատրում են կենդանիների սննդի հարցը լուծելով:

Թե այս կենդանաբանական այգում որքան խնդիրներ կան (անվտանգության պայմաններից մինչեւ կենդանիների առողջություն), պետք է ուսումնասիրեն ԼՂՀ համապատասխան ատյանները, բայց ինչպես պարզվեց, այդ մարմիններին այսքան ժամանակ չի մտահոգել Արցախի միակ կենդանաբանական այգու հարցը:

Պատասխանատու մարմինը չի տիրապետում իրավիճակին

Արցախում բնապահպանության հարցերով զբաղվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունը: Ի զարմանս մեզ` պարզվեց, որ այս կառույցը մամուլի պատասխանատու չունի, ինչն այնքան էլ տարօրինակ չէ ԼՂՀ մի շարք պետական կառույցների համար, որոնք, փաստորեն, մամուլի դերն ընդհանրապես չեն պատկերացնում: Մեր հարցերը վարչությանն ուղարկեցինք ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի միջոցով: Պատասխանները վարչությունից ստացանք ուշացումով:

Ըստ այդմ` պարզ դարձավ, որ Վանքի մասնավոր կենդանաբանական այգին միակն է ամբողջ Արցախում: Հարցրել էինք, թե արդյոք այն շահագործողի եւ պետական լիազոր մարմնի միջեւ կնքվել է պայմանագիր, վերջինիս կողմից կատարվել է արդյոք նշված գազանանոցի կենդանիների հաշվառում, եղել են արդյոք ստուգայցեր, ինչ խախտումներ են արձանագրվել:

Առաջ անցնելով` նշենք, որ ԼՂՀ օրենքները գրեթե ամբողջությամբ ՀՀ օրենքների կրկնօրինակներն են, որոնցում ՀՀ-ի փոխարեն նշված է ԼՂՀ: Եվ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում այս դաշտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» օրենքով: Լավ է սա, թե վատ, այլ հարց է, ուղղակի փաստ է, որ ՀՀ այս օրենքում 2014-ի գարնանը ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ եւ լրացումներ է կատարել, ինչը շուտով արել է նաեւ ԼՂՀ ԱԺ-ն:

Դրանցով, մասնավորապես, սահմանվել են նոր դրույթներ` հոդված 27.1 եւ 27.2` անազատ ու կիսազատ պայմաններում կենդանիների պահելու եւ օգտագործման կարգերը: Հոդված 27.1-ը սահմանում է.

«Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկությունները, առողջությունը եւ կյանքի անվտանգությունը, ինչպես նաեւ բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու եւ մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»:

Օրենքի այս պահանջը ակնհայտ չի կատարվում Վանքի գազանանոցում:

Հոդված 27.1-ի մեկ այլ կետում նշվում է.

«Անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում (ոչ ուշ, քան 5 տարին մեկ- հեղ.): Իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի (գորշ արջը եւ մացառախոզը գրանցված են հայկական Կարմիր գրքում- հեղ.): Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով»:

Այնինչ վարչությունից ստացած պատասխանում ասվում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների բնագավառը կարգավորելու նպատակով 2014 թվականին «Կենդանական աշխարհի մասին» ԼՂՀ օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, որից բխող ենթաօրենսդրական ակտեր են մշակվում լիազոր մարմնի կողմից, որոնց ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվելու են վերոնշյալ կենդանաբանական այգու վայրի կենդանիների  հաշվառման, համապատասխան թույլտվությունների տրամադրման և  վերջիններիս կողմից սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն»:

«Կենդանական աշխարհի մասին» մայր օրենքը ՀՀ-ում ընդունվել է 2000-ին, իսկ ԼՂՀ-ում` 2001-ին: Եթե վարչությունը փորձել է խուսափել իր անգործությունը ցույց տալուց` հղում անելով նոր ընդունված փոփոխություններին, ապա ասենք, որ 2001-ից գործող մայր օրենքում էլ ամրագրված են պետական հաշվառման (հոդված 13), Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման բացառիկ դեպքերի (հոդված 27), կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի պարտականությունների (հոդված 29) ու նրա իրավունքի դադարման դրույթները (հոդված 30): Եթե ԼՂՀ պետական բնապահպանները 13 տարի առաջ «ընդունված» օրենքի դրույթներին չեն հետեւել այսքան տարի, ապա դժվար է հավատալ, որ նոր փոփոխությունները նրանց գործելակերպում որեւէ բան կփոխեն: Այնպես որ լավ կլիներ, եթե ԼՂՀ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունը մեր հարցերին ի պատասխան մեկ տողով գրեր` իրավիճակին չենք տիրապետում:    

Մեր գնահատմամբ` եթե կենդանաբանական այգում շարունակվեն նման մոտեցումներն առանց այդ էլ սթրեսային վիճակում գտնվող կենդանիների նկատմամբ, պետական մարմիներն էլ շարունակեն անգործություն ցուցաբերել, ապա այդ կենդանիներն էլ ավելի մեծ վտանգ կներկայացնեն մարդկանց համար` վնասելով նաև իրենց: 

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Սամվել Սարգսյան
Ցավալի է ։ Շտապ եք օգնել կենդանիներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter