HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բանկերի խոշոր բաժնետերերը կարող են «կուլ տալ» փոքրերին. Կենտրոնական բանկը նախադեպ է ստեղծել

Հայաստանի բանկերի փոքր բաժնետերերը վտանգի տակ են: Հիմնական բաժնետերը, Կենտրոնական բանկի համաձայնությամբ, կարող է ձեռք բերել նրանց բաժնետոմսերը նույնիսկ առանց նրանց իմացության: Բացումն արել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

«Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել են, որի արդյունքում փոքր բաժնետերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից:

Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի մասին Արտաշես Հովհաննիսյանը չի տեղեկացվել: Այժմ նա դատարանում բողոքարկում է բանկի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը՝ պահանջելով  անվավեր ճանաչել այն և կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքները` վերադարձնել հինգ բաժնետոմսերը:

Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, ով նաև նրա որդին է, պնդում է, որ գործարքն ապօրինի է, քանի որ որևէ իրավական ակտ դրա հիմքում չկա:

«Ամերիաբանկի» որոշումը հակասում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին

«Ամրիաբանկ»-ը Հայաստանում առաջին բանկն է, որ կոնսոլիդացրել է փոքր բաժնետերերի բաժնետոմսերը, ապա, ստանալով կոտորակային բաժնետոմս, հետ է գնել առանց սեփականտիրոջ իմացության:

Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի 37-րդ հոդվածն արգելում է կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը: «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի՝ բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և հետգնման որոշման հիմքում ընկած է Կենտրոնական բանկի պաշտոնական պարզաբանումներից մեկը, որը լրացուցիչ մեկնաբանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը:

«Իրենք գիտեն, որ արգելված է: Դրա համար դիմել են Կենտրոնական բանկ, պաշտոնական պարզաբանում են ուզել: Մենք հետո ենք էդ ամբողջը իմացել: Իրենց նամակի տեքստը չգիտեմ, բայց պաշտոնական պարզաբանման տեքստից պարզ է, թե ինչ հարցադրումներ են արել»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը:

ԿԲ-ի պարզաբանման մեջ նշված է, թե «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքն արգելում է հետգնումը, բայց ոչ կոնսոլիդացիան: Մյուս կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքն է մեջբերված, որը թույլատրում է կոնսոլիդացիայի արդյունքում կոտորակային բաժնետոմսերի հետգնումը: Հայկ Հովհաննիսյանը շեշտում է` եթե նույնիսկ հիմնական բաժնետերն ուզում է համախմբում անել, պետք է էնպես անի, որ կոտորակային բաժնետոմս չառաջանա:

«Հինգ բաժնետոմսը կարող էր դառնալ մեկ բաժնետոմս, բայց ոչ կոտորակային: Այս է խնդիրը»,- ասում է նա:

Արտաշես Հովհաննիսյանի բախումը հիմնական բաժնետիրոջ միջև սկսվել է 2012թ.-ին: «Ես Դավիթին («Ամերիաբանկի» իրավաբան Դավիթ Սարգսյանը-հեղ.) ասեցի՝ ուզում եմ հորս առաջադրեմ տնօրենների խորհրդի կազմում: Դա դեկտեմեբր ամիսն էր: Ասաց՝ հա, արի կքննարկենք: Ես Հայաստանում չէի, փետրվարին, թե մարտին հետ եկա, ասեցի առաջադրում եմ, ասեց՝ ժամկետը բաց ես թողել, ասեցի՝ ոնց, ասեց՝ հա, թեկնածու նշանակելու ժամկետը մի ամիս է, հունվար ամիսն է, հունվարը բաց ես թողել, ասեցի՝ լավ, ոչինչ, կսպասեմ մյուս հունվարին(ծիծաղում է-հեղ.): Դրանից հետո դրեց, թաքուն ինչ-որ բաներ արեց»,- պատմում է Հայկ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ «Ամերիաբանկի» տնօրինության նպատակը «ավելորդ աչքից» ազատվելն է: Ավելացնում է, որ մի քանի անգամ հորն առաջարկվել է վաճառել բաժնետոմսերը, սակայն նա հրաժարվել է:

«Ամերիաբանկին» ուղղված մեր հարցմանը պատասխանել են, որ բանկը մեր հարցերի վերաբերյալ իր տեսակետները կներկայացնի դատական նիստի ընթացքում:    

Կենտրոնական բանկի պատասխանը

ԿԲ-ի` «Բանկերի և ապահովագրական ընկերությունների կողմից բաժնետմոսերի համախմբման և դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետմոսերի հետգնման մասին» պաշտոնական պարզաբանումը նախատեսում է, որ հիմնական բաժնետերը կարող է բաժնետոմսերի կոնսոլիդացման և հետգնման որոշում կայացնել, եթե ստացել է ԿԲ-ի վերահսկողական դրական դիրքորոշումը:

Նույն պարզաբանման համաձայն` ԿԲ-ն այս դիրքորոշումը  պետք է հայտնի՝ «քննելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ փաստերը»:

Պարզելու համար, թե որոնք են եղել «Ամերիաբանկի»-ի փոքր բաժնետերերի կոնսոլիդացված բաժնետոմսերը հետ գնելու գործարքի «առանձնահատուկ փաստերը», «Հետքը» հարցում ուղարկեց Կենտրոնական բանկ: Խնդրել էինք տրամադրել նաև ԿԲ-ի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին տրամադրված վերահսկողական դրական դիրքորոշման պատճենը:

Կենտրոնական բանկն իր պատասխանի մեջ նշել է, որ «Ամերիաբանկ»-ը բաժնետոմսերի կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կանոնադրության փոփոխությունները գրանցելիս առաջնորդվել է գործող օրենդրությամբ և Կենտորնական բանկի խորհրդի 2012թ. հուլիսի 24-ի թիվ 8 պաշտոնական պարզաբանմամբ: «Հետևաբար, հիշյալ փոփոխությունները գրանցվել են ՀՀ Կենտորնական բանկի դրական դիրքորոշման առկայության պարագայում»,- նշված է ԿԲ-ի պատասխանում:

Ինչ վերաբերում է փաստաթղթի պատճենը տրամադրելուն, նշել են, որ այն հանդիսանում է բանկային գաղտնիք: Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ դա անվավեր ակտ է, որը պետք է վիճարկվի դատարանում:

Կենտրոնական բանկն իր պաշտոնական կայքում հրապարակում է ԿԲ խորհրդի պաշտոնական բոլոր պարզաբանումները: 2012թ. թիվ 8 պարզաբանումը, որը թույլատրում է բանկերի կոնսոլիդացված բաժնետմոսերի հետգնումը, հրապարակված չէ: 


2012թ. պարզաբանումներից չորսն է հրապարակված, որոնց մեջ չկա թիվ 8 պարզաբանումը:

 

 

Կայքից օգտվում են հիմնականում բանկային գործունեություն ծավալողները, և, հնարավոր է, ԿԲ-ն խուսափել է բանկերի փոքր բաժնետերերի դժգոհությունից: Նրանք իրենց բաժնետմոսերից զրկվելու դեպքում հնարավորություն կունենան տեղեկանալու պարզաբանման մասին, երբ հիմնական բաժնետերը ներկայացնի այն` որպես գործարքը հիմնավորող իրավական ակտ:Պարզաբանումը հրապարակված է arlis.am իրավական տեղեկատվական համակարգում:

Հոկտմեբերի16-ին կայացած դատական նախնական նիստին Արտաշես Հովհաննիսյանի մյուս ներկայացուցիչը՝  Գագիկ Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց լրացնելու հայցի առարկան և հիմքերը: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter