
Կապան. չիրացվող պոտենցիալով քաղաք
Վերջին տարիներին պարբերաբար լինում եմ Կապանում: Ամեն այցիս մի նոր բան էի բացահայտում ինձ համար այս քաղաքում` թե լավ, թե վատ, բայց, թերեւս, լավն ավելի շատ էր լինում, կամ այդպես էի ուզում տեսնել:
Սակայն այս վերջին անգամը բոլորովին նոր տեսարան բացեց իմ առջեւ: Երբեք այսքան տխուր ու մռայլ չէի տեսել Սյունիքի կենտրոնը: Առաջին անգամն էր, որ Կապանում լինում էի աշնանը: Տարվա այս եղանակն իսկապես գեղեցիկ է ծառաշատ բլուրներով եզերված քաղաքում: Ծառերի դեղնակարմիրն ու գետնին թափված կաղնու փտող տերեւների հոտը, անձրեւից հետո պաղ օդն ու սարերից իջնող մառախուղը մի տեսակ քեզ կտրում են սովորական առօրյայից, բայց երկար կտրված չես կարող մնալ, որովհետեւ փողոցով քո կողքին քայլող մարդկանց մեջ լրիվ այլ բան ես տեսնում: Այս անգամ այլ կերպ տեսա կապանցիներին. մի տեսակ տխուր, մի տեսակ ավելի հոգսաշատ, մի տեսակ մտախոհ, մի տեսակ հոռետես: Չգիտեմ, գուցե խտացնում եմ գույները, որովհետեւ հիմա էլ դեռ տեսնում եմ այդ դեմքերը, բայց այս ամենը ոչ միայն մարդկանց դեմքին է, այլեւ խորքում ու խոսքում:
Երբ ծանոթ-ընկերներիս ասացի, որ Կապանն այս անգամ նախկինի պես չէ ինձ երեւում, ոչ ոք չհակաճառեց, ավելին` բառ էլ չասաց: Թերեւս, համաձայն են: Բայց հետո` զրույցների ընթացքում, լսում էի դժգոհություններ ու տարբեր հռետորական հարցեր մարդկանց սոցիալական վիճակի, քաղաքային տնտեսության ու էլի շատ բաների մասին:
Առաջին օրը, երբ ընկերոջս հետ քայլում էի Ձորք թաղամասից քաղաքի կենտրոն տանող ճանապարհով, որը նաեւ միջպետական է (Հայաստան-Իրան), կանգ առանք դրա վրայով անցնող կամուրջի մոտ, որը փողոցը կապում է թիվ 13 դպրոց տանող ճանապարհին: Նույնիսկ Հայաստանի միջնադարյան կամուրջներն այսքան անմխիթար չեն: Մի քանի լուսանկար արեցինք ու հրապարակեցինք սոցցանցում` հատուկ նշելով, որ կամուրջը քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս է: Մի քանի օրից տեղական հեռուստաընկերություններից մեկի ռեպորտաժը տեսա կամուրջի մասին. լրագրողի հարցին ի պատասխան` քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, թե ժամանակին ուսումնասիրել ու պարզել են, որ կապիտալ նորոգման դեպքում կամուրջը պիտանի է շահագործման, երկու թռիչքներից նորոգել են մեկը, բայց հետո պարզվել է, որ դա բավարար չէ, ու եթե գումար լինի, մյուս թռիչքն էլ կնորոգեն: Իսկ մինչ այդ ժապավենով կապել են չնորոգված թռիչքի աստիճանների մուտքը, սակայն քաղաքացիները պոկել են այն ու շարունակել բարձրանալ դրանցով: Հայրապետյանի այս պատասխանն ուղղակի ծիծաղ է առաջացնում. մի՞թե 45 հազարից ավելի (ըստ պաշտոնական թվերի) բնակիչ ունեցող քաղաքն այդքան աղքատ է, որ քաղաքային իշխանությունները մի կամուրջ չեն կարողանում կարգին նորոգել` էլի հույսը դնելով դոնորների վրա:
Տպավորություն է, որ Կապանում առանց դոնորների փոփոխություններ չենք տեսնի: Երբ այս տարվա գարնանը 2012-ի նոյեմբերից քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Հայրապետյանին հարցրինք, թե ինչ կետեր կառանձնացնի իր արածների մեջ, նշեց այնպիսիք, որոնցում մեծ դերակատարում են ունեցել տեղական ու միջազգային հովանավոր կազմակերպությունները` «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «World Vision»-ը, «Counterpart International»-ը եւ այլ հովանավորներ: Այո, Կապանը նաեւ հանքարդյունաբերական քաղաքի համբավ ունի, ներկայում էլ շատերի խոսակցության թեման «Դանդի»-ն ու ԶՊՄԿ-ն են, քանի որ դրանք աշխատատեղ են մարդկանց համար: Բայց այսօր թե բնակիչների, թե քաղաքային ղեկավարության հայացքը ուղղված է այս երկուսին, այնինչ մարզկենտրոնն ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, որը չի իրացվում երկուստեք:
Կապանը առաջին մեծ ու համեմատաբար զարգացած բնակավայրն է, որտեղով անցնում են Իրանից եկող զբոսաշրջիկները: Բայց վերջիններս նախընտրում են երկար ճանապարհ անցնել ու հասնել Երեւան, այնինչ Կապանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու դեպքում հյուրերին կարելի է «պահել» նաեւ այստեղ: Եվ ոչ միայն իրանցիներին: Խելացի, նախաձեռնող քայլերի դեպքում արտասահմանցի ու տեղացի տուրիստներին կարելի է բերել այս տարածաշրջան: Հալիձորի բերդը, Վահանավանքը, Խուստուփ լեռը, «Սոսիների պուրակ» արգելավայրն ու Շիկահողի արգելոցը եւ էլի շատ վայրեր մշակութային ու էկոլոգիական տուրիզմի լավ կետեր են: Չկան փառատոներ, լայնածավալ պարբերական միջոցառումներ, որոնք տարվա մեջ գոնե մեկ-երկու անգամ կարող են այստեղ բերել բազմաթիվ այցելուների: Հոկտեմբերին, ի թիվ ՀՀ այլ քաղաքների, Կապանը նույնպես նշեց իր օրը, բայց այստեղ տոնական մթնոլորտ, կարելի է ասել, չկար: Քաղաքապետն էլ հաստատեց, որ այս անգամ տոնը տարբերվում էր նախորդներից: Հետաքրքիր է` Հայրապետյանն ինքն իրեն հարցրե՞լ է իրական պատճառների մասին ու խոստովանել դրանք:
Օրերս քաղաքի ղեկավարը ներկայացրել է այս տարվա 9 ամիսներին կատարած աշխատանքները. պետբյուջեի գումարներով ասֆալտապատվել է ծայրամասային Բարաբաթում թաղամասը, դոնոր կազմակերպությունների միջոցով գազիֆիկացվել է նույնպես ծայրամասային Վաչագան թաղամասը (այստեղի բնակիչներն ասացին, որ 3 տարի առաջ գազատար են անցկացրել, սակայն մինչ օրս իրենք գազ չունեն), Ասիական բանկը ֆինանսավորել է խմելաջրի ցանցի նորոգման աշխատանքները, վերանորոգվել են տանիքներ, վերելակներ: Ա. Հայրապետյանը, ինչպես միշտ, խոստովանել է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց պատճառը ֆինանսների բացակայությունն է:
Ազնիվ է, որ քաղաքապետը խոստովանում է խնդիրների առկայությունը, չնայած դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի հերքեր, բայց մյուս կողմից` ի՞նչ օգուտ դրանից: Ամեն անգամ այս կամ այն ճանապարհի ասֆալտապատումը կարծես մեծ գործ է դարձել Կապանում: Ի դեպ, ասֆալտապատման մասին. նույն Ձորք թաղամաս տանող ճանապարհը դեռ նախորդ քաղաքապետ Արտուր Աթայանի ժամանակներից, որը հենց Ձորքից էր, ասֆալտի երես չի տեսել: Վարորդներից մեկը նույնիսկ կատակում է, թե այստեղ երբ մեքենան փոսի մեջ է ընկնում, հեռախոսն անհասանելի է դառնում: Փոխարենը, ասում են, հին ու նոր մարզպետը Կապանի ճանշինի ղեկավար Ա. Կարապետյանին հանձնարարել է շուտափույթ կարգի բերել մարզպետարանի շրջակայքի ասֆալտը, որպեսզի իր նոր մեքենան փոսերի մեջ ջարդուխուրդ չլինի:
Կապանցիներն ասում են, որ նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը իր անձնական գումարներից որոշակի ներդրումներ էր անում քաղաքի համար, իսկ Աշոտ Հայրապետյանի օրոք ոչ մի զգալի փոփոխություն չեն տեսել: Արդեն 2 տարվա քաղաքապետ Հայրապետյանը, ով 2012-ին այդպես էլ մրցակից չունեցավ (մամուլի պնդմամբ` Աթայանը հանեց թեկնածությունը «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Հայրապետյանի հովանավոր մարզպետի ճնշման արդյունքում), թվում է, քաղաքապետ է աշխատում այնպես, ինչպես ընտրվել է. նրա գլխավոր հույսը դոնորներն ու հովանավորներն են: Իսկ սեփական եկամուտներ հավաքագրելու մասով հույսը մնում է դնել այս կամ այն տարածքը վարձակալողի (ըստ Հայրապետյանի` իրենք այսօր ձգտում են ոչ թե օտարել, այլ վարձակալության հանձնել) ու տարբեր տեսակի հարկ եւ տուրք վճարողների վրա, որոնցից հավաքագրածի առյուծի բաժինն էլ, թերեւս, ծախսվում է աշխատավարձերի վրա, ու պատասխանատուները կրկին մնում են կոտրած տաշտակի առաջ:
Այս ճահճացած ու փակ շրջան հիշեցնող ընթացքը կշարունակվի այնքան, քանի դեռ երկրի հարավային կենտրոնը հենց քաղաքային իշխանությունների նախաձեռնողականության արդյունքում թափ չտա իրեն: Մասնավորապես, մետաղական, սննդի ու տեքստիլ արդյունաբերությամբ նախկինում հայտնի Կապանը իսկապես կարելի է դարձնել գրավիչ գոտի, եթե փոքր ու միջին ձեռնարկատերերի համար ստեղծվեն շահավետ պայմաններ, այդ թվում` որոշակի արտոնությունների տրամադրմամբ: Միաժամանակ, ելնելով երկրի ընդհանուր փորձից, գոնե հիմա մի տեսակ դժվար է պատկերացնել ՓՄՁ-ների ազատ, անկախ զարգացումը` զերծ տնտեսապես խոշորների, նույնն է թե քաղաքական «վերեւների» բազմատեսակ հետապնդումներից, որոնք այս պահին կամք են թելադրում նաեւ Կապանում:
Հ.Գ. Ըստ կապանցիների` Հայաստանում հացն ամենաթանկն է հենց այստեղ, որտեղ 500-600 գրամ կշռող հացը վաճառվում է 240 դրամով: Սա, ըստ էության, ամենալավ վկայությունն է օրվա հացի խնդիր լուծող կապանցիների վիճակի:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել