HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալներն ու պաշտպանները «անհարգալից վերաբերմունք» են դրսեւորել դատարանի նկատմամբ

Սիսիանի քաղաքապետի ու նրա աշխատակազմի երկու աշխատակիցների,  «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատուի գործով երեկ նշանակված քրեական գործի քննությունը կրկին հետաձգվեց: Գործով անցնող ամբաստանյալներից ոչ բոլորն էին ներկայացել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ընթացող դատաքննությանը:

Ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւ աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կ. Դանիելյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, չէին ներկայացել դատական նիստին: Բացակայում էին նաեւ քաղաքապետի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանի (մեղադրվում է պաշտոնեական  լիազորությունները չարաշահելու համար) եւ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի փաստաբանները:

Դատական նիստին չներկայանալու մասին գրավոր նամակ էր ներկայացրել Աղասի Հակոբջանյանը, իսկ Կ. Դանիելյանն իր բացակայության մասին տեղեկացրել էր հեռախոսազանգով, որը դատավորը համարեց ոչ պաշտոնական իրազեկում: Դատավոր Օհանյանը ամբաստանյալների եւ պաշտպանների բացակայությունը գնահատեց  անհարգալից  վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Մեղադրող կողմի առաջարկով դատարանը ամբաստանյալներին բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 17-ը:

Հիշեցնենք, որ նշված գործի դատական նիստը հետաձգվել էր նաեւ նախորդ անգամ` հոկտեմբերի 17-ին: 

«Հետքն» առաջիկայում կներկայացնի այս քրեական գործի վերաբերյալ այլ իրավաբանների տեսակետը:

Լուսանկարում՝ Արմեն Հովակիմյանն ու Աղասի Հակոբջանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter