HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ալումյան. «Մեղադրանքի կողմը իզուր ձգձգում է հարցաքննությունը»

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր  իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նոյեմբերի 3-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Դատական նիստը 2 ժամով հետաձգվեց, քանի որ ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով կողմերը ուշացել էին:

Դատական նիստը սկսվեց այս գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի հարցաքննությամբ: Քանի որ  նախորդ դատական նիստին տուժողն ասել էր, որ տեսաձայնագրութունը տեսնելով կարող է ասել, թե որ ժամանակահատվածում է Արտակ Բուդաղյանը «մահվան սպառնալիքներ, հայհոյանքներ հնչեցրել», Լ. Բարսեղյանը նայեց այն և նշեց ժամանակահատվածը: Ամբաստանյալ Ա. Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց նաև, թե կոնկրետ տուժողի նկատմամբ որ ժամանակահատվածում է սպառնալիքներ հնչել, ինչպիսի և ինչ տոնայնությամբ: Տուժողը պատասխանեց, որ Արտակ Բուդաղյանը «անբնական գոռում էր, անդադար հնչում էին սպառնալիքները. կոնկրետ չեմ կարող ասել թե ինչքան»:

Քանի որ  դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղի ունեցած խոսակցության վերծանումներն ու տեսաձայնագրությունները հետազոտվել Էին դատարանում,  Հ. Ալումյանն ասաց Լ. Բարսեղյանին հատված առ հատված պարզաբանել, թե կանացի ձայն մեկ, երկու, երեք, չորսից որն է պատկանում տուժողին: Վերջինս պատասխանեց, որ դա մեղադրանքի ծավալից դուրս է: Այս հարցի վերաբերյալ իր առարկումը ներկայացրեց նաև

տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը՝ նշելով որ Հ. Ալումյանը հարցեր է տալիս այս գործի կարճված մասից: Ամբաստանյալի պաշտպանն առարկեց՝ ավելացնելով, որ այս գործով կարճված մաս չկա և դատարանում քննվում է 10 հատորից բաղկացած քրեական գործ: «Այս կանացի  ձայները մեկնաբանում են տեղի ունեցած դեպքը, դեպքի վերաբերյալ կարծիքներ են հայտնում. ինչպես կարող է դա չվերաբերել այս մեղադրանքին: Այստեղ կան կանացի ձայներ, որոնք այնպիսի բաներ են ասում, որոնք շատ լուրջ կասկածի տակ է դնում մեղադրանքը»,- նշեց Հ. Ալումյանը և ավելացրեց, որ «մեղադրանքի կողմը իզուր ձգձգում է հարցաքննությունը»:

Ռ. Սահակյանն էլ իր կողմից առարկություն ներկայացրեց. «Թող ոչ մեկի մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք խուսափում ենք դժվար հարցերին պատասխանելուց: Դժվար հարց մեզ համար գոյություն չունի»,-նշեց տուժողի ներկայացուցիչը:

Մի տեսակ բանավեճի էր վերածվել դատական նիստը. կողմերից յուրաքանչյուրը առարկում էի մյուս կողմին ու մեկնաբանում առարկությունը: Կողմերին մի քանի անգամ լսելուց հետո դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարեց, որ քանի որ մեղադրանքի կողմը  տեսաձայնագրությունը որպես ապացույց ամբողջովին ներկայացրել է դատարանին, որը ամբողջովին հետազոտվել է նախորդ դատական նիստերին, ուստի դրա վերաբերյալ կողմերը իրավունք ունեն նաև հարցեր տալ: «Քանի որ ամբողջովին ապացուցները հետազոտվել է, դատարանը պարտավոր է դրանց վերաբերյալ հնչեցրած հարցերը չհանել»,-նշեց դատավորը:

Դատավորը պաշտպանական կողմին թույլ տվեց ևս մեկ անգամ հնչեցնել հարցը, սակայն տուժողը պատասխանեց, որ «օգտվում է իր սահմանադրական իրավունքից և իրեն վերաբերող հարցերին չի պատասխանում»: Դատարանը արձանագրեց, որ Լ. Բարսեղյանը հրաժարվում է պատասխանել և թույլ տվեց անցնել հաջորդ հարցին: Հ. Ալումյանը վերծանումներից հատվածներ էր կարդում ու հարցնում տուժողին, թե տվյալ ժամանակահատվածում տվյալ խոսակցությանը ինքը ներկա է եղել, թե ոչ, սակայն տուժողը պատասխանում էր չի հիշում ու առաջարկում էր «դիտել տեսանյութը, համոզվել, որ ինքը խոհանոցում է եղել, նոր հարցեր տալ»:

Ռուբեն Սահակյանը առարկություն ներկայացրեց նաև այն ժամանակ, երբ Հ. Ալումյանը Լ. Բարսեղյանին անվանեց տուժող, այնուհետև ավելացրեց «չակերտներով տուժողը»: Հ. Ալումյանը պատասխանեց, որ «ինքը չի համարում,  որ Արտակ Բուդաղյանը հանցագործություն է կատարել և հետևաբար Լ. Բարսեղյանին տուժող չի համարում»:

Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 19-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter