HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

Հարգելի պարոն Կոստանյան,

Ձեզ բաց նամակով եմ դիմում, հույս ունենալով, որ գոնե այս կերպ տեղեկացված կլինեք Ձեզ հասցեագրված իմ դիմումների և դրանց ընթացքի մասին, քանի որ 06.03.2014թ. հարուցված թիվ 09106714 քրեական գործով տեղի ունեցող ապօրինությունների մասին Ձեզ ուղղված իմ դիմում-բողոքների քննարկումը վերահասցեագրվել են այն պաշտոնատար անձանց, որոնց անգործության կամ ապօրինի գործողությունների կապակցությամբ դիմել եմ Ձեզ` հայցելով պատշաճ դատախազական հսկողություն:

Մասնավորապես, որպեսզի Ձեզ ուղղված իմ 02.09.2014թ.-ի դիմում-բողոքում (առ այսօր պատասխան չի ստացվել) ներկայացված թիվ 09106714 քրեական գործով տեղ գտած ապօրինությունները կոծկվեն, քրեական գործին հետագայում էլ օրինական ընթացք չտրվի, իմ դիմում-բողոքից մեկ ամիս անց` 03.10.2014թ.-ին, ստացել եմ` քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի 19.09.2014թ. որոշումը:

Այսինքն, քննիչը, իր պետը, և այդ գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որդեգրել են այն սկզբունքը, որ`չկա քննվող քրեական գործ` չկա դիմում-բողոքի քննարկման անհրաժեշտություն:

Ավելին, ըստ իս, հետին ամսաթվով կազմված այդ 19.09.2014թ. որոշումից տեղեկացել եմ, որ իմ դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով քննիչն, իբր, իմ դեմ է քննություն իրականացրել, սակայն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել, արձանագրելով, որ իմ գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով հանցագործություն չի համարվում: Առաջին հայացքից պետք է քննիչից շնորհակալ լինեմ, բայց այս ամենի մեջ այն կարելի է ընկալել, որ եթե` շարունակեմ պայքարել ապօրինությունների դեմ, հնարավոր է, որ ինձ մեղադրանք առաջադրվի:

Գործի վարույթը կարճելու մասին քննիչի 19.09.2014թ. անհիմն որոշումն, ըստ իս, հետին ամսաթվով է կազմված և այն պայմանավորված է Ձեզ ուղղված իմ 02.09.2014թ. դիմում-բողոքի օրինական ընթացքը չապահովելու, այն է` հսկող դատախազի կողմից քննիչին համապատասխան ցուցումներ չտալու հանգամանքով` հետևյալ փաստերից բխող պարզ տրամաբանությամբ.

ա/ Ձեզ ուղղված իմ դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 02.09.2014թ.

բ/ 30.09.2014թ.-ին ստանել  եմ 25.09.2014թ. փոստային ծառայությանը հանձնված թիվ 09106714 քրեական գործով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Կարապետյանի գրությունը` ուղղված ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ, պարոն Ս.Համբարձումյանին: Այդ գրության բովանդակությունը հետևյալն է. «Ձեր քննարկմանն եմ ուղարկում Ն.Նիկողոսյանի դիմումը: Անհրաժեշտ է քննարկման արդյունքների մասին հայտնել դիմումատուին»:  

Հարց է ծագում. «պատշաճ դատախազական հսկողություն ապահովելու» խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին ուղղված և իրեն վերահասցեագրված իմ դիմումին դատախազ Կարապետյանն ինչու անձամբ համապատասխան ընթացք (իմ դիմումը հիմնավոր լինելու դեպքում` համապատասխան ցուցումներ տալ կամ պատասխանել, որ իմ դիմումում նշված փաստերն անհիմն են) չի տալիս և այն, զարմանալիորեն, վերահասցեագրում է դատախազական հսկողություն իրականացնելու իրավասություն չունեցող քննչական բաժնի պետին:

Նաև արձանագրենք, որ այդ գրությունն ուղարկելու օրվա`25.09.2014թ., դրությամբ դատախազ Կարապետյանը տեղյակ չէր, որ առկա է քրեական գործը կարճելու մասին 19.09.2014թ. որոշում, հակառակ դեպքում այդ գրությունն այլ բովանդակության կլիներ:

գ/ 03.10.2014թ. ստացել եմ 01.10.2014թ.-ին փոստային ծառայությանը հանձնված ավագ քննիչ Օ.Առաքելանի 19.09.2014թ. թվագրված գրությունը և կից 19.09.2014թ. որոշումը` հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Պարոն Կոստանյան, ստացվում է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով «պատշաճ դատախազական հսկողություն ապահովելու» խնդրանքով 02.09.2014թ. իմ դիմումի քննարկումը դուրս է եկել դատախազության տիրույթից, վերահասցեագրվել է քննչական բաժնին և հետին ամսաթվով գործի վարույթն է կարճվում:

Ի դեպ իմ 02.09.2014թ. դիմումում, նշելով քրեական գործով տեղի ունեցող ապօրինությունները (հիմնականում` քննիչի և դատախազական հսկողության հարցում անգործության, բացառապես իմ դեմ քննություն իրականացնելու փաստերը) նաև հայտնել էի, որ «հնարավոր է դա ինձ վնասի, բայց այնուամենայնիվ հարկ եմ համարում Ձեզ տեղեկացնել», որ, իմ ունեցած տեղեկություններով, 14.06.2014թ. Փարվանա համալիրում տեղի ունեցած Յուրա Ադյանի (սույն քրեական գործով 19.09.2014թ. որոշմամբ որոշվել է նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել) որդու հարսանյաց արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքի դատախազ պարոն Ա.Դավթյանը, ներկայիս քննչական կոմիտեի նախագահ պարոն Ա.Հովսեփյանը և, քանի որ Յուրա Ադյանը շրջապատված է ազդեցիկ պաշտոնատար անձանցով (տես նաև` http://armlur.am/57112/ հրապարակումը) կարծում եմ, որ այդ հանգամանքով պայմանավորված, հնարավոր է, որ նաև քրեական գործի վարույթը կարճվի: Փաստորեն իմ մտավախությունները տեղին էին:

03.10.2014թ., ստանալով քրեական գործը կարճելու մասին 19.09.2014թ. որոշումը, 10.10.2014թ. Ձեզ հասցեագրված բողոք եմ ներկայացրել: Դրանից 10 օր անց ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ գրություն այն մասին, որ իմ բողոքը վերահասցեագրվել է Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանին և նույն օրը ստացել եմ գրություն Երևան քաղաքի դատախազի տեղակալ պարոն Առաքելյանից, այն մասին, որ. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 10.10.2014թ. բողոքի կապակցությամբ հայտնում եմ, որ Երևան քաղաքի դատախազությունում ստուգվել է և հաստատվել է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականությունը: Ստուգմամբ պարզվել է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական է, հիմնավորված և այն վերացնելու հիմքեր չկան»:

Այսինքն, իմ բողոքի կապակցությամբ, առանց այն անգամ ընթերցելու, արդեն առկա է կանխակալ դիրքորոշում այն մերժելու մասին:

Բացի այդ, պարոն Առաքելյանն իր այդ գրությամբ տեղեկացնում է, որ, այնուամենայնիվ, բողոքի հետ կապված իրենց այդ կանխակալ դիրքորոշումը որոշման տեսքով կտրամադրվի, եթե ապացույց ներկայացնեմ, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին 19.09.2014թ. որոշումը ստացել եմ 03.10.2014թ.: Այսինքն` այդ որոշման ծրարը, որը ներկայացրել եմ իմ բողոքին կից, փաստորեն` անհայտացել է և նման պայմաններում իմ բողոքը կհամարվեր` օրենքով սահմանված ժամկետում չներկայացված և այդ հիմքով այն կարող է մերժվել:

Ես ստիպված փաստաբանի եմ խնդրել, որ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն և պարզի թե այդ ծրարը ինչու չի ուղարկվել բողոքին կից և որտեղ է կորել: Ծրարը հայտնաբերվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, այն ներկայացվել է Երևան քաղաքի դատախազություն, բայց արդեն բողոքի պատասխանն ինձ հայտնի է:

Պարոն Կոստանյան,

Իմ դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգքի 167 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված իմ գործն առանձնատուկ է նրանով, որ այն Հայաստանում առօրյա քննվող (խուլիգանություն, ծեծ, սպանություն և այլն) քրեական գործերից չէ և գործի վարույթն էլ կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, այսինքն հանցագործության դեպքն առկա է: Այս գործն առանձնահատուկ է նաև այն առումով, որ խոսքը ոչ միայն ինձ իմ երեխայից զրկելու, այլ նաև իմ մանկահասակ երեխայի հետագա ճակատագրի մասին է:

Պատվեր կատարող քննիչի որոշմամբ այս գործը չի կարող փակվել: Հայաստանը ինչ-որ միջնադարյան հետամնաց երկիր չէ, որ զոռբայությամբ մեկը մյուսից երեխա խլի: Հավանաբար գործը քննող քննիչն ու նրա որոշումների օրինականությունը ստուգող դատախազն այլ պատկերացումներ ունեն իրականության, իրավական համակարգի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ համապատասխան հսկողություն ապահովել գոնե թիվ 09106714 քրեական գործով վարույթը կարճելու մասին 19.09.2014թ. որոշման դեմ ներկայացված բողոքով օրինական որոշում կայացնելու հարցում:

Նարինե Նիկողոսյան 

Հասցե ՝ ք. Երևան, Նորքի 139 տուն, հեռ. 098-81-64-94

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
* //Հայաստանը ինչ-որ միջնադարյան հետամնաց երկիր չէ ...// - Է՜, վայ թե մի բան էլ բեթար է! * Հարգելի Նարինե, էդ խեղճ մարդը որ մեկի գործը կարդա, վերլուծի, ստուգի, համադրի, հասկանա ծերն ու տակը, ճիշտն ու սխալը, հետեւն ով է կանգնած եւ այլն, որ օգնի կամ մի բան փոխի? Պրակտիկորեն անհնար է: Դրա համար էլ բողոքը պտտվում ու վերադառնում է -- նրան ումից բողոքում էս! Դուք երկար նկարագրում եք թե ում գրեցիք, երբ եւ ումից պատասխան եկավ, ոնց գործը թաղեցին եւ այլն: Դա քչերին է հետաքրքրում, քանի որ մեծ նորություն չէ, իսկ բուն պատմությունը մեջտեղ չի երեւում: Խորհուրդ կտամ Ձեր բողոքներում հնարավորինս համառոտ ու հասկանալի նկարագրել Ձեր պատմությունն ու խնդրանք-ակընկալիքը միայն, որպիսզի ընկալվի, տպավորություն ու արձագանք առաջացնի: Եթե գործը տեղից շարժվի՝ փաստերն ընթացքում կքննվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter