HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է խոշոր վթարի զոհերի ինքնությունը. «Կամազի» վարորդը ձերբակալվել է

Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած՝ 7 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ և տուժած անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Մ.Վարդանյանը, աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իրեն ամրացված «Կամազ-53202» մակնիշի 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում,  Արթիկ քաղաքից երթևեկել է դեպի Գյումրի։

Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում երթևեկելով երկրորդական ճանապարհով՝ բեռնատարը մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեքենայի վարորդը` Ռազմիկ Մկրտչյանը, և ևս վեց ուղևոր ստացած մարմնական վնասվածքներից և այրվածքներից տեղում մահացել են։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` կից հրապարակում ենք վթարի հետեւանքով մահացած ուղևորների տվյալները՝

-          Մարինե Արշավիրի Նազարյան (ծնված 1959թ,. ք. Գյումրի),

-         Արամայիս Գուրգենի Թումանյան (ծնված 29.05.1954թ., ք. Գյումրի),

-          Վանիկ Լևոնի Սարգսյան (ծնված 28.01.1995թ., ք. Գյումրի  ),

-         Հաբեթ Սեդրակի Սեդրակյան (ծնված 17.08.1962թ., Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան ),

-         Գայանե Աղասու Սեդրակյան (ծնված 28.12.1955թ., Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան ),

-         Ռազմիկ Համբարձումի Մկրտչյան (ծնված 15.03.1955թ., ք. Գյումրի, «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ),

-          Դավիթ Կարուշի Հարությունյան (ծնված 22.02.1994թ., ք. Գյումրի):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական համալիր և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

«Կամազ-53202» մակնիշի  վարորդ Մ.Վարդանյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի ճան. երթևեկության համակարգում մի բան սարսափե՛լի կերպով սխալ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter