
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ. «Ուղղաթիռը զինված չի եղել»
ԼՂՀ-Ադրբեջան սահմանամերձ գոտում խոցված հայկական «Մի-24» ուղղաթիռի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, և իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:
Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»:
Մեկնաբանել