HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր բառապաշարից դուրս կգա՞ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» ասացվածքը

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հիմա շատերը, կարդալով իմ հոդվածները, կասեն՝ ցմահ են դատապարտել՝ համակերպվի՛ր ու մի՛ պայքարիր: Կասեն՝ ի՞նչ միտք ունի պայքարել արդարության համար, գրքեր գրել, թարգմանություններ անել, օտար լեզու սովորել, իրավագիտություն ուսումնասիրել, աշխատել: Մարդիկ կասեն՝ մոռացե՞լ ես, որ դատավորը 19 տարի առաջ հանուն պետության ու հանրության անունից մահապատժի դատապարտեց: Մարդիկ կասեն՝ բարի եղիր երեսիդ դրած հանցագործի դիմակը կրել և իրական բնությունդ թաքցրու, քանի որ Հայաստանում դատավորները չեն սխալվում:     

Իսկ ես ասում եմ, որ հասարակությունում կան տարբերվողներ ու անտարբերներ: Ես ինձ հասարակությունից անջատ չեմ համարում: Ու կարծում եմ, որ իմ բնույթով տարբերվողների շարքում եմ:

Բայց դեռ դպրոցական տարիքից՝ կենսաբանություն առարկայից գիտենք, որ գոյատևման պայքարում ողջ մնալու ավելի մեծ հավանականություն ունեն այն օրգանիզմները, որոնք աչքի չեն ընկնում, ինչ-որ բանով  չեն առանձնանում իրենց շրջապատող նույնանման էակներից: Մոխրագույն թռչունների երամի մեջ սպիտակ կամ գույնզգույն փետուրներով աչքի ընկնող թռչունը արագ ինչ-որ գիշատչի ուտելիքը կդառնա: Այս պարզ սկզբունքի մասին դասագրքերում խոսվում է միայն բույսերի և կենդանիների օրինակներով, սակայն արդյո՞ք  նույնը չի կարելի ասել մարդկանց հասարակության մասին…

Իսկ ի՞նչ է սպասվում բնության այս օրենքը խախտողներին, երբ նրանք չեն ցանկանում լուռ ու մունջ, ծրագրավորված կարգի համաձայն ապրել, չեն հաշտվում շահագործվող-շահագործողների հասարակարգում ու գլուխ են բարձրացնում միայն այն պատճառով, որ անտարբեր չեն: Տարբերվողներ են… տարբերվում են իրենց մտածողությամբ, անհաշտ են անարդարության հանդեպ, տանել չեն կարողանում անազատությունը, շահագործումը, ստրկությունը: Մարդկության պատմության ընթացքում շատ են եղել նման տարբերվողներ: 

Փոքր տարիքում շատ էի տխրել, զարմացել, նաև զայրացել, երբ իմացել էի, որ մարդը մարդուն ստրկացրել է Երկրի վրա, որ եղել են ստրկատերեր: Նրանք իրենց սեփականությունը հանդիսացող ստրուկներին ծեծելով աշխատացրել են, անասունի նման առել ու վաճառել են, նաև անպատիժ սպանելու իրավունք են ունեցել: Եվ այն, ինչ արել է մարդը մեկ ուրիշ մարդու հանդեպ, նույնն արել և անում են պետությունները… փոխվել են հասարակարգերի անունները, բայց քաղաքականությունը նույնն է մնացել:      

Ժողովրդավարական երկրների մայր օրենքներում`Սահմանադրությունում  նշվում է, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ: Բայց ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ի ծնե արդեն իսկ հավասար պայմաններում չեն. մեկը ծնվում է գենետիկորեն պայմանավորված մտավոր ունակությունների ավելի մեծ հնարավորությամբ, մյուսը՝ նվազ ունակություններով, մեկը ֆիզիկապես ուժեղ է, մյուսը՝ թույլ, մեկը գեղեցիկ արտաքինով, մյուսը՝ ոչ այդքան և այլն: Սրա հետ մեկտեղ մարդիկ  ծնվում են տարբեր ընտանիքներում, որտեղ հնարավորություններն էլ են տարբեր, երեխաները մեծանում են տարբեր միջավայրերում, ստանում տարբեր դաստիարակություն և այլն: Այսինքն`ծնված և մեծացած լինելով ի սկզբանե անհավասար պայմաններում` ինչպե՞ս կարող են մարդիկ, նույնիսկ ունենալով հավասար իրավունքներ, օգտվել այդ իրավունքներից: Պարզ է դառնում, որ երկրի քաղաքացիներն իրականում երբեք էլ չեն ունենում հավասար իրավունքներ: Այլ պարզապես լինում են ուժեղներ և թույլեր: Սա է բնության օրենքը`գոյատևում են ուժեղները: Այսպես է ջունգլիներում, որն այլ կերպ կոչվում է նաև ջունգլիների օրենք: Բայց պետության կարևորագույն գործառույթներից մեկը պետք է լինի այն, որ ստեղծվեն այնպիսի բարենպաստ պայմաններ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունենա հավասար իրավունքներ, իսկ գրված օրենքների առջև բոլորը հավասար լինեն:

Ուսումնասիրում եմ իրավունք, կարդում եմ մասնագիտական գրականություն: Իրավական համարվող բոլոր երկրներում ամրագրված է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքը՝ օրենքի առջև բոլորը հավասար են: Հայաստանի Սահմանադրությամբ մեր երկիրը իրավական պետություն է, բայց արդյոք գործո՞ւմ է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Հիմա շատերդ մտքում կամ բարձրաձայն ասացիք՝ ո՛չ: Ես համամիտ եմ Ձեզ հետ: Օրինակները բազմաթիվ են, չեմ ուզում ծանրաբեռնել ընթերցողին: Առանց իմ թվարկելու էլ անգիր գիտեք նման շատ դեպքեր:

Հայերենում կան այսպիսի ասացվածքներ` «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», կամ «Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել», կամ «Անտեր ոչխարը գայլը կուտի»: Ես չգիտեմ, թե քանի հարյուր տարվա պատմություն ունեն այս ասացվածքները, բայց դրանք բնորոշում են, որ հայկական իրականության մեջ օրենքի առջև ոչ բոլորն են հավասար: Կուզեի լեզվաբաններն ինձ հուշեին՝ կա՞, արդյոք, մեկ այլ լեզու, որտեղ լինեն այս ասացվածքների համարժեքները: Կուզեի նաև, որ հարյուրամյակների պատմություն ունեցող այդ ասացվածքները մի օր անհետանային հայի բառապաշարից: Բայց դա հրաշքով չի լինելու, այլ ամենօրյա տքնաջան աշխատանքով:

Մեկնաբանություններ (4)

Անի
Մհեր ջանն, միայն Ձեր աչքերի խորությանն էլ նայելը բավական է, որպեսզի մարդ հասկանա դրանցում ամփոփված անմեղությունը, ներքին ցավը, լավատեսության կրակը: Ձեզ ուժ, եռանդ, համբերություն եմ ցանկանում: Մի օր արդարությունը կհաղթի ու ես կտեսնեմ Ձեզ անհոգ Երևանի փողոցով քայլելիս... Պինդ կացեք...
Artashes
Kardum em qo Bogor gracner@ ev MeV cab em April
Նելսոն
Բայց դեռ դպրոցական տարիքից՝ կենսաբանություն առարկայից գիտենք, որ գոյատևման պայքարում ողջ մնալու ավելի մեծ հավանականություն ունեն այն օրգանիզմները, որոնք աչքի չեն ընկնում, ինչ-որ բանով չեն առանձնանում իրենց շրջապատող նույնանման էակներից: Ցավալի է Մհեր,ցավալի է,բայց այդպես է,մեզանում խելացիներին չեն սիրում,ազատատենչերին չեն սիրում:Ցավալի է նաև ազատության մեջ անազատ լինել:Ամու՛ր կաց,եղբայր:Արդարությունը մի օր հաստատ կհաղթի:
Ռուբ
Ախպերս պինդ կաց, Աստված նեղում գտնվողներին ավելի մոտիկից ա հաղորդ լինում, դե բոլորս ել գիտենք որ մեր շրջապատում մարդ ել կա ՄԱՐԴ ել, ճիշտ ա մոտիկից քեզ չեմ կարա հասկանամ, բայց սիրտս քեզ հետ ա պինդ ախպեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter