HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 26-ին` ժամը 1-ին, գալու եմ Ողջերի աշխարհ՝ ժամադրության

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մի քանի օր առաջ ստացա բարի լուր. տպագրատանը լույս աշխարհ է եկել իմ չորրորդ «երեխան»՝ «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու գիրքը: Գիրքը չի վաճառվելու, այն իրականություն դարձավ ոչ անտարբեր ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, և ես ցանկանում եմ այն նվիրել ՁԵԶ:

Հիմա գիրքը իմ ձեռքին է, ուսումնասիրում եմ ամեն էջը, տողը, բոլոր նկարները, կոմիքսները: Անգամ ստացել եմ հրավերը՝ նոյեմբերի 26-ին` ժամը 1-ին, լինել «Նարեկացի» արվեստի միությունում, որտեղ տեղի կունենա գրքիս շնորհանդեսը «Լսեք մեր ձայնը» միջոցառման շրջանակներում: Հրավերում գրված է, որ միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանն իր վոկալ անսամբլով:

Նոյեմբերի 26-ի առավոտյան ես կարդուկեմ իմ վերնաշապիկը՝ տաքացնելով բանտային սուպեր արդուկը, որը բաղկացած է երկաթե բաժակից (кружка) ու մեջը լցված աղից: Կկապեմ ինքնաշեն փողկապս՝ սպիտակ սավանից կարված (Բանտում փողկապ չի թույլատրվում: Բայց մահապատժի տարիներին հիշում եմ, թե ինչպես էի սպիտակ սավանից փողկապ ստացել, որը սև վերնաշապիկիս հետ լավ սազում էր: Լուրջ դեմքով ման էի գալիս խցով մեկ ու հիշում՝ ոնց էի կոստյումով ու փողկապով գնում քննությունների): Կերևակայեմ, թե գալիս եմ Ողջերի աշխարհ, ինչպես դա անում եմ ամեն օր՝ մտքի աներևակայելի ուժով: 

Գիրքս դեպի Ցմահ Ազատություն տանող իմ պայքարի ու Սիրո մասին է: Այնտեղ կա Սեր, որը փոխում է ամբողջ աշխարհը: Կին-Աղջկա կերպարը մանկությունից գալիս է ինձ հետ: Հիշում եմ՝ դպրոցում հայոց լեզվից մի օր շարադրություն էինք գրում ազատ թեմայով: Ես գրում էի կիսաֆանտաստիկ մի պատմություն՝ հանուն արդարության իմ պայքարի մասին: Հանկարծ հայտնվում եմ մի անմարդաբնակ տեղ, որտեղ ինձ գցում են անարդար մարդիկ: Ամբողջ 12 թերթանոց տետրում նկարագրում էի իմ պայքարը: Դասն արդեն ավարտվել էր, բոլորը գնացել էին, ուսուցչուհին էլ ինձ սպասում էր ուսուցչանոցում: Հասա տետրի վերջին, կանաչ կազմի վրա գրեցի կուլմինացիան, թե ինչպես է տիեզերանավով գալիս ու ինձ փրկում մի քաջ Աղջիկ: Նույն Աղջկա կերպարը իմ հուշերում արթնանում էր, երբ տանը կռիվ էի տալիս երևակայական դևերի հետ: Հանկարծ հայտնվում էր նույն Աղջիկը, ու ես աներևակայելի ուժ էի ստանում՝ կարողանալով հաղթել չարին:

Այս պատմությունները, կարծես, կոդավորումներ լինեն: Ի՞նչ իմանայի, որ 20 տարեկանում հայտնվելու եմ մահվան տանը, իսկ տարիներ անց նույն Կին-Աղջկա կերպարը գալու է ու տեղ գտնի իմ մտքում ու սրտում:

Ազատազրկման դատապարտված քաղաքացիները չեն ունենում հանդիպումներ հասարակության հետ: Բայց անկախ նրանից, որ 19 տարի առաջ անարդար դատապարտվեցի մահապատժի, ինձ բախտ է վիճակվում ժամանակ առ ժամանակ վերադառնալ հասարակություն՝ նաև գրքերիս շնորհանդեսների շնորհիվ:

Հատուկ  ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եմ հայտնում նրանց, ում շնորհիվ բացահայտվեց  «Օrange գրքի մրցույթ-2013-ի» ժամանակ տեղի ունեցած անարդարությունը, երբ ժյուրիին «Օրանժի» ղեկավարությունը թույլ չէր տվել քվեարկության դնել իմ պատմվածքը: Շնորհակալություն  լրագրող և իրավապաշտպան Վահան Իշխանյանին, հայագետ, ժյուրիի անդամներից Արծվի Բախչինյանին, «Հետքի» ողջ աշխատակազմին, պատմվածքս անգլերեն թարգմանող Հասմիկ Պողոսյանին, գրքում տեղ գտած հիանալի կոմիքսների համար՝ նկարիչ Տիգրան Մանգասարյանին, «Հայաստան» հրատարակչության ողջ կոլեկտիվին: Շնորհակալություն աջակցության համար պրոդյուսեր Աշխեն Պետրոսյանին, ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանին, թարգմանիչ Սամվել Մկրտչյանին, պրոդյուսեր Գագիկ Հարությունյանին, ակտիվիստ Անի Խաչատրյանին… Կներեք, որ անուն առ անուն չեմ հիշում բոլորիդ, շատ քաղաքացիներ են արձագանքել «Օrange գրքի մրցույթ-2013-ի» ժամանակ տեղի ունեցած անարդարությանը: Շնորհակալություն նաև նրանց, ովքեր արձագանքեցին անարդարությանը ու նպաստեցին, որ իմ պատմվածքը տպագրվի:       

Եթե ցանկանում եք վայելել կոմիտասյան կատարումներ, նվեր ստանալ իմ՝ «Դեպի ցմահ ազատություն» գիրքը՝ նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսներով, ապա նոյեմբերի 26-ին` ժամը 1-ին, ես ժամադրում եմ Ձեզ «Նարեկացի» արվեստի միությունում:

ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ  ԱՆՊԱՅՄԱՆ... 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
ասենք ես ելնեմ իմ չոլախ ոտքով գամ, դրանից ի՞նչ, թող դատաիրավական ու պետական մարմիներից գան ու թող մեջները մի քիչ, մի պուճուր խիղճ, թասիբ ու չանտարբերություն արթնանա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter