HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայաստան-Թուրքիա կողպված սահման. այն պետք է բացել մարդկանց մտքում

Թեպետ հայ-թուրքական՝ մոտ 20 տարի առաջ Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված սահմանի բացումը շատերը դիտարկում են ընդհանուր տնտեսական շահերի տեսանկյունից, այդուհանդերձ, փորձագետները գտնում են, որ դա ամենակարևոր գործոնը չէ:

Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ այսօր սահմանը բացելու հարցում Հայաստանի հետաքրքրվածությունը ներկայացվում է միայն տնտեսական շահի հրամայականից, բայց ի սկզբանե հետաքրքրություն եղել է` ռազմավարական անվտանգության ծրագրի շրջանակներում:

«Այն ժամանակ տնտեսական որևէ փաստարկ չի եղել, հետո այն դարձավ գերակա,- ասում է նա,- պետք էր հասկանալ, թե Թուրքիան կլինի՞ խնդրի մաս, թե՞ դրա լուծում, ու քանի որ սահմանը փակվեց, այն մնաց որպես խնդրի մաս»:

Մասնագետները նշում են, որ հարավկովկասյան փոքր երկրների պարագայում, երբ սահմաններն իրար մոտ են, ոչ ֆորմալ շուկաները պայթյունային արագությամբ մեծանում են, ու կարելի է կարծել, թե տնտեսական շահը պետք է որ վճռորոշ լինի, սակայն, օրինակ, վրացական գինու համար ռուսական շուկան չափազանց կարևոր է, բայց այն ստորադասվում է այլ գործոններին:

Լուս.` Ռուզան Բաղդասարյանի

Նոյեմբերի 22-23-ը Անկարայում՝ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված. «Կողպված Դարպասը. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորհրդաժողովում ներկայացվեց 28 զեկույց՝ նվիրված փակ սահմանի ամենատարբեր ասպեկտներին՝ սկսած սահմանի ազդեցությունից տեղի բնակչության վրա մինչև այդ ազդեցության արտացոլումով գրականությունում (Օրհան Փամուկ, «Ձյունը»):

Անկարայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում կազմակերպված  խորհրդաժողովի մասնակիցները՝ մոտ 200 հոգի (100 հոգի էլ հետևել են ուղիղ հեռարձակմամբ), հիմնականում հյուրեր էին. Անկարայից շատ քիչ մարդ կար: Սակայն կոնֆլիկտաբան Ֆիլիպ Գամաղելյանն ասաց, որ 10 տարի առաջ այս կոնֆերանսի վրա կարող էր հարձակում լինել կամ որ հնարավոր է՝ այն ընդհանրապես տեղի չունենար:

Ընդհանուր առմամբ` խորհրդաժողովն անցավ կառուցողական քննարկումների մթնոլորտում, թեպետ մեկ-երկու ազգայնական ելույթներ եղան, որոնց թվում էր «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության անդամ (ինչպես ինքը ներկայացավ) Հասան Օքթայը, որ այս տարի այցելելով Հայաստան՝ իրենց կազմակերպության հայտնի ժեստով լուսանկարվել էր Երևանի հրապարակում և այն տարածել սոցիալական ցանցերում:

Ղարաբաղյան հակամարտության դերը փակ սահմանի վրա

Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է 1993թ. ապրիլի 3-ին` որպես պատասխան Ղարաբաղյան հակամարտության: Հայ-թուրքական 328 կմ ձգվող սահմանում կա երկու անցակետ՝ Իգդիրը, որը ցամաքային ճանապարհով տանում է դեպի Երևան, և Կարսը, որը երկաթգծով կապված է Գյումրու հետ:

Մինչև սահմանի փակումը՝ Հայաստանը, որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, ոչ ամբողջությամբ, սակայն շարունակում էր օգտվել Կարսի անցակետից, որը բաց էր որոշակի խմբի՝դիվանագետների, քաղաքական գործիչների համար, և այդ ընթացքում երկկողմ բանակցություններ էին տարվում սահմանն ամբողջությամբ բացելու վերաբերյալ:

Ժիրայր Լիպարիտյանը, որ մասնակից է եղել այդ բանակցություններին, պատմում է, որ Քելբաջարը վերցնելու նախօրեին համաձայնագրի տեքստը 98 տոկոսով պատրաստ էր. «Ընդամենը մեկ նախադասություն էր պակասում, սակայն այն պայմանավորվեց Ղարաբաղով»:

Ծնունդով Լիբանանից, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չեթերյանն ասում է, որ Թուրքիան կարող էր այս հարցում գաղափարական դիրքորոշում հայտնել, սակայն  դա չարեց և, ընտրելով 100 տոկոս ադրբեջանական կողմնորոշում, հետագայում պատանդ դարձավ իր ընտրությանը:

Նա մեջբերում է Իրանի օրինակը, որը համարվում է խիստ գաղափարական պետություն, սակայն երբ 1992թ. Տաջիկստանում ընթանում էր արյունահեղ քաղաքացիական պատերազմ, Իրանը որդեգրեց խիստ պրագմատիկ դիրքորոշում և միջնորդ եղավ երկու հակամարտող կողմերի միջև. «Արդյունքում պայմանագիր կնքվեց Թեհրանում, այլ ոչ թե Մոսկվայում: Նույնը կարող էր անել Թուրքիան, բայց չարեց»:

Չեթերյանը հիշում է, որ 1992թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում նա նկատել է նոր չորս տապանաքարեր՝ Նախիջևանի սահմանին սպանված երիտասարդների:

«Այն փաստը, որ այդ չորս երիտասարդները թաղված էին այդ վայրում՝ ինձ տհաճ էր, որովհետև դա ուղերձ էր, որ մեզ հիշեցնում էր 1915թ.-ը, և ես այն ժամանակ դեմ էի իրադարձությունների այդպիսի ընթացքին, որովհետև կարծում էի, թե ադրբեջանցիները թուրք չեն, ու սա Օսմանյան կայսրությունը չէ, ու մենք պետք է հասկանանք ադրբեջանցիներին, որովհետև կար նաև ԽՍՀՄ փլուզման գործոնը, և կային այլ հակամարտություններ, ու Ղարաբաղը դրանցից մեկն էր և այլն,- ասում է նա,- ես կարծում էի, որ անցյալը չպետք է վերադրվի ապագային ու կարծում էի, որ ապագան այլ է լինելու, ու լուծումները բռնության միջոցով չեն լինելու, սակայն եթե ինձ այսօր հարցնեին, ես կասեի, որ այն ժամանակ սխալ էի ու իմ հույսերը սին էին»:

Չեթերյանը փաստում է. Ղարաբաղյան հակամարտությունն իր բնույթով քաղաքական էր ու պարտադիր չէր, որ այն վերածվեր բռնության, սակայն այդպես եղավ, ու անցումը կատարվեց շատ արագ:

«Սումգայիթը անցյալի բռնություններին հղում արվող ուղերձ էր, համաձայն որի, երբ մենք կրկին անորոշ ու դժվար ժամանակներում ենք, այդ ձևով մեզ հիշեցնում են, որ, եթե դուք ավելին եք ուզում, քան արժանի եք, ապա կիրառվող բռնությունը կշարունակվի»,- ասում է նա:

Այդուհանդերձ, Ղարաբաղը միակ գործոնը չէ, որ կանգնած էր Հայաստան-Թուրքիա սահմանի արանքում: Թեպետ Թուրքիան առաջին պետություններից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն երկու հարևանները պատմական խնդիր ունեն միմյանց հետ. Թուրքիան ցանկանում էր, որ Հայաստանը ճանաչեր Կարսի պայմանագիրն ու դրանցով որոշվող Թուրքիայի ներկա սահմանները, իսկ սահմանի այս կողմից հղում էր արվում Սևրի պայմանագրին:

 Չեթերյանը փաստում է, որ անցած մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիայում մոռացվել էր հայի կերպարը, ու ժամանակ առ ժամանակ միջազգային հարթակներում իրականացվող պատահարներն էր, որ Թուրքային հիշեցնում էին հայի ու հայկական խնդրի մասին:

 «Բայց Թուրքիան ինքը ներքին տրավմաներ ուներ, և հասարակությունում տագնապներ ու բացասական հիշողություններ կային, անգամ վերնախավից շատերը շատ բան չգիտեին իրենց անցյալի ու ծագման մասին,- ասում է նա,- եթե Թուրքիան իր ժողովրդավարացման գործընթացն անցներ ավելի շուտ և առերեսվեր իր փոքրամասնություններին ու նրանց խնդիրներին, այդ թվում հայերին, միգուցե կկարողանար հաղթահարել իր ներքին խնդիրը, բայց այդ հնարավորությունը բաց թողնվեց»:

Ֆուտբոլային դիվանագիտությունն ու սահմանը բացելու հերթական փորձը Չեթերյանը Թուրքիայի կողմից դիտարկում է որպես հետահայաց վերլուծություն իր արած քայլերի. «Հավանաբար, Թուրքիան հասկանում էր, որ 1992-93թթ. սխալ է եղել ու Ցյուրիխյան արձանագրությունները մի փորձ էր, որ նրանք ուզում էին ամեն ինչն սկսել նորից, սակայն Թուրքիան այսօր իր հարավկովկասյան քաղաքականության օրակարգը ձևավորելիս գերի է ադրբեջանցիների կամքին, ու դա ձեռնտու չէ որևէ կողմին»:

Լիպարիտյանի կարծիքով, թեպետ ԵՄ-ն և տարածաշրջանի այլ խաղորդները դերակատարում ունեն սահմանի բացման հարցում, սակայն նրա կարծիքով խնդիրների լուծման լավագույն ճանապարհը ուղիղ բանակցություններն են առանց որևէ միջամտության. «Որովհետև երրորդ կողմերը միշտ իրենց շահերը պրոյեկտում են բանակցություններում»:

Սահմանի բացումը ներքևից վերև

Խորհրդաժողովի զեկուցողներից Ուրբան Յակսան նկատում է, որ ամենատարածված՝ իշխանական վերնախավի որոշմամբ, լուծումը միակը չէ, և այդ  պրոցեսին կարող են մասնակցել հասարակական ամենալայն զանգվածները, որոնք էլ կարող են պարտադրել այդ լուծումը ներքևից վերևին: Յակսայի կարծիքով դրա համար կա մեկ հույժ կարևոր պատճառ. «Ֆիզիկական  սահմանի բացումը կարող է բավարար չլինել,  քանի որ սահմանը բարդ հասկացույթ է ու դրանում դեր են խաղում նաև տարածության և ժամանակի գործոնները»:

Յակսան մանրամասնում է. 1915թ.-ից հետո այն մարդիկ, որոնք Ցեղասպանությունից փրկվեցին՝ ձևավորեցին հայկական Սփյուռք ու նրանք մինչև այժմ ապրում են այնտեղ և այն ժամանակներում՝ 1915-ում:

Ինչպես Յակսան, այնպես էլ մեկ այլ բանախոս՝ Ֆիլիպ Գամաղելյանը, կարծում են, որ փակ սահմանը նախ և առաջ պետք է բացել մարդկանց մտքերում, և դա անել ակադեմիական և ոչ ֆորմալ կրթական համակարգերի միջոցով՝ իրականացնելով տարաբնույթ ոչ քաղաքական ենթատեքստի երիտասարդական, բնապահպանական և այլ ծրագրեր՝ դրանցով ճնշում գործադրելով որոշում կայացնողների վրա:

«Մեր մոտեցումը փակ սահմանին խիստ գծային է եղել, որովհետև փակ սահմանը միայն երկու պետությունների միջև չեն, այն սկզբից պետք է բացենք մեր մտքում և մեր տեսլականում, որից հետո կբացվեն ֆիզիկական սահմանները»,- ասում է Գամաղելյանը:

Յակսայի կարծիքով երկու երկրներում էլ կարելի է նմանություններ գտնել քաղաքացիական հասարակությունների զարգացման հարցում, որոնք փորձում են ինչ-որ հարցեր լուծել իրենց երկրներում:

«Երկու ազգերը հասկացել են, որ քանի որ ոչ ոք ոչինչ չի անում, հետևաբար իրենք պետք է դա անեն, և հետևաբար քաղաքացիական հասարակությունները երկու երկրներում փորձում են ավելի լայն կամուրջներ կառուցել, քան դա արեցին պաշտոնական խողովակները»,- ասում է նա:

Մեկ այլ բանախոս՝ Ջեյմս Դերունյանը, ևս կարծում է, որ իրավունքը պետք է պատվիրակել սահմաններից դեպի կենտրոն. «Անկարայից սահմանը չեն զգում»:

Նա ասում է, որ թեպետ սահմանի հարցը դիտարկվում է մարդկանց համատեղ շահի տեսակետից և տնտեսական հրամայականից, սակայն թուրքական կողում սահմանի բացումը արգելափակվում է որոշակի պատճառներով, որոնք Հայաստանի կողմից մերժվում են:

«Միայն բիզնեսը սահմանը բացելու ծանրակշիռ պատճառ չէ,- ասում է Դերունյանը,- հետևաբար, դիվանագիտական գործը տարվում է քաղաքացիական հասարակության մակարդակով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter