HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստացել եմ առաջարկ. խցում նստած՝ գրում եմ կինոսցենար

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ինտերնետ միջավայրը երբևէ չեմ տեսել, բայց գիտեմ, որ կա սոցիալական ցանց, որտեղ տեղադրվում են տարբեր հրապարակումներ, և մարդիկ քննարկում են դրանք: Գիտեմ նաև, որ իմ հոդվածները նույնպես մեկնաբանվում են, քանի որ պարբերաբար հարազատներս ուղարկում են Ձեր մեկնաբանությունները, բարի խոսքերը, մաղթանքները: Դրանք ինձ ուժ են տալիս առաջ գնալու իմ պայքարի մեջ:

Ստանում եմ նաև նամակներ, սիրով պատասխանում մարդկանց: Եվ ահա մեկ ամիս առաջ նամակ ստացա մի երիտասարդ դերասանից, ով ծանոթանալով իմ հրապարակումներին, ճակատագրին, գրքերին՝ եկել է այն եզրակացության, որ իմ կյանքը նման է ֆիլմի: Նա առաջարկել է ինձ գրել կինոսցենար: Ես՝ ինքս, վերլուծելով ինձ հետ կատարվածը, 20 տարեկանից հետո իմ ճակատագրի կտրուկ շրջադարձը, մշտապես մտածել եմ, որ այս ամենը նման է կինոյի: Բայց այն իրական կյանք է, որի գլխավոր հերոսին տրված է առաջադրանք՝ գտնել ճշմարտությունն ու ելքը: Ցանկացել եմ ֆիլմ նկարահանվի, որ բարձրաձայնվի անարդարության մասին, բայց նաև գիտակցել եմ, որ դա խոշոր գումարների հետ է կապված: Կինո չէր ստեղծվում, փոխարենը ծնվում էին գրքերս. այդպես տարիներ առաջ գրեցի ռուսերեն ''Это не кино'' պատմվածքը: Իսկ հիմա անցել եմ գործի՝ ընդունելով դերասանի առաջարկը. խցում նստած՝ գրում եմ կինոսցենար:

Ծանր է մտքերով ետ գնալ 19 տարի ու վերհիշել սարսափելին. մահապատժի դատավճիռ, մահապատժի դատապարտվածների հարկաբաժին, որտեղ հայտնվել եմ՝ մեղադրվելով մի սպանության մեջ, որը ես չեմ կատարել: Ու սկսվում է դեպի ճշմարտություն տանող երկար ճանապարհը: Հիմա հիշում եմ դրվագներ այդ օրերից, զետեղում սցենարի մեջ: Թեև գոյատևման պայքար էր, և ես շատ սարսափներ պատմել եմ իմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքում, այդուհանդերձ շարունակում եմ մնալ օպտիմիստ և ուրախ մարդ: Ուստի Ձեզ հետ ուզում եմ կիսվել մահապատժի դժոխային տարիների մի պատմությամբ, որը և՛ ծիծաղելի է, և ՛ լացելու միաժամանակ:  

1999 թիվն էր երևի. բանտապահը մոտեցավ մահապարտների խցին.

- Տղե՛րք, պատրաստ եղեք`հյուրեր ունեք…                                                                               

Խցում իրարանցում սկսվեց: Ո՞վ պիտի մեզ հյուր գա. կա՛մ քրեակատարողական վարչությունից կամ էլ դատախազությունից: Սա գիտակցելով՝ մեկը կոնֆետները սկսեց թաքցնել (դրսից հազարավոր դրամներով կարողացել էին մեր հարազատները ուղարկել. ոչինչ չէր թույլատրվում արտաքին աշխարհից): Մյուսն իր թափթփված անկողինն ու սեփական տեսքն էր կարգի բերում: Բոլորս հագանք որքան հնարավոր է շատ շոր`ինչ կա ձեռքի տակ: Այս «արարողությունն» անելու համար ամենևին էլ կապ չուներ, թե ինչ եղանակ էր`տաք, թե ցուրտ: Հավանականությունը, որ բանտի աշխատողները մտնելու են ներս և առանց որևէ առիթի՝ ոտքերով, ձեռքերով ու մահակներով ծեծեն`շատ մեծ էր, իսկ երբ սեփական մաշկիդ ու հարված հասցնող մակերեսի միջև շատ շոր կա, այսինքն`փափուկ տարածություն, ինչ-որ չափով ապահոված ես ծանր վնասվածքներ ստանալուց: Եվ այսպես, վայրկյանների ընթացքում բոլորս արդեն պատրաստ էինք հյուրերին դիմավորելու:

Ա՛յ քեզ զարմանք` ներս մտան օտարերկրացիներ: Առաջին անգամ էինք նման բան տեսնում: Եվ նրանց մեջ մի երիտասարդ կին… Սա իրադարձություն էր մահապարտների ողջ մասնաբաժնի համար: Տարիներ շարունակ նման քնքուշ, հեքիաթային արարած չտեսած տղամարդիկ շվարած նայում էին: Չինուհին առաջարկեց նստել: Սեղանի երկու կողմում թախտեր էին ամրացված, որտեղ կարող էր նստել առավելագույնը երեք մարդ ամեն կողմից: Բոլորը շտապեցին նստել չինուհու կողքին: Կինը հասկացավ, ժպտաց սիրալիր: Խոսում էինք ռուսերենով, սակայն ոչ մի հարց այդ պահին էական չէր, ասես փորձում էինք հնարավորինս շատ մանրամասներ  հիշել այդ կախարդական պահից…

Շատ կարճ տևեց այդ հանդիպումը, ընդամենը մեկ ու կես ժամ: Երբ հյուրերը գնացին, խուցն, ասես, դատարկվեց, ու դատապարտյալները չցանկացան այլևս իրար հետ շփվել: Ամեն մեկն իր մտքերով ու հուշերն ամրապնդելով էր զբաղված:  

Մի քանի րոպե անց մեկն ուզում էր նստել ճիշտ այն տեղը, որտեղ նստած էր չինացի ԿԻՆԸ: Բայց երկու դատապարտյալ առաջ նետվեցին.

- Առաջինը ես պետք ա նստեմ:                                                                                                            

 Հրմշտոց սկսվեց, հետո մեկն ասաց.  

- Եկեք պայմանավորվենք`մի քանի օր ոչ ոք չի նստում այդ տեղը, որ կնոջ հոտը երկար մնա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter