HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներին սկսել են «վտարել» երկրից

ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիների նկատմամբ սկսել են տույժեր կիրառել միգրացիոն նոր կանոնները խախտելու համար և արգելել նրանց մուտքը Վրաստանի տարածք:

Դեկտեմբերի 1-ից վրացական կողմը սկսել է կիրառել միգրացիոն նոր կանոնները, որոնք բխում են ԵՄ-ի հետ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագրից: Հայ-վրացական սահմանին ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցի վարորդներին վրացի սահմանապահներն այսօր «վտարել են»: Նրանց նկատմամբ կիրառվել է տույժ՝ 180 լարի և առաջիկա երեք ամսում նրանք այլևս չեն կարողանա մուտք գործել Վրաստանի տարածք, այն է՝ հայրենի Ջավախք:

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանը ստորագրել է այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Դրա հիման վրա՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնել «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը: Վրաստանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կրճատվել է: Նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում երկրում գտնվել 90 օր:

Սակայն Վրաստանի արդարադատության նախարարը Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ օտարերկրացիներին կտրվի լրացուցիչ ժամանակ վիզայի և կացության հարցերը կարգավորելու համար մինչև 2015թ. մարտի 1-ը: Ավելին, նախարարը հավաստիացրել էր, որ ներքին գործերի նախարարությունը որևէ միջոցառում չի ձեռնարկի երկրում գտնվող ոչ լեգալ միգրանտների նկատմամբ:

«Մենք գնացինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, Ախալքալաքի անձնագրային սեղանի ղեկավարի մոտ, մտանք, ասացին՝ մինչև մարտի 1-ը ազատ է, ոչ մի խնդիր չկա: Երեկ անցա սահմանը, ինձ չզգուշացրին, որ քո օրերը լրացել են: Այսօր երբ դուրս էի գալիս Ջավախքից, սահմանապահներն ասացին՝ գիշերը ժամը 12-ին քո ժամկետը լրացել է, 180 լարի (շուրջ 40 հազար դրամ-հեղ.) պիտի մուծես, որ անցնես Հայաստան ու 3 ամիս այլևս մուտք գործելու իրավունք չունես»,-պատմեց Երևան-Ջավախք մարդատար միկրոավտոբուսի վարորդներից մեկը, ով խնդրեց անունը չհրապարակել:

Վարորդին ասել են՝ եթե ուզում է շարունակել երթևեկել, պետք է գնա դեսպանատուն և վիզա ստանա: Իսկ մարտի 1-ի մասին հրաման սահմանապահները չեն ստացել, հետևաբար, կիրառել են ուժի մեջ մտած օրենքի դրույթները:

Վարորդը պատմեց, որ այսօր արդեն 20 հոգի 180-ական լարի տուգանք է մուծել: 180 լարին կիրառվում է մինչև մեկ ամիս ժամկետը խախտողներին, իսկ եթե երկրում գտնվել են մեկ ամսից ավելի, վճարում են 360 լարի (շուրջ 80 հազար դրամ): «Մեր ժողովրդին քնացրին՝ ասելով, որ օրենքը մարտի 1-ից է, բայց օրենքը փաստորեն գործում է սեպտեմբերի 1-ից»,-նեղսրտեց մեր զրուցակից վարորդը:

Անտոնը (անունը փոխված է) նույնպես ՀՀ քաղաքացիություն ունի: Նա և ընտանիքը Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկում հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում: Միաժամանակ որպես վարորդ աշխատում է Երևան-Ախալքալաք և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրման ենթուղում: Այսօր ուղևորներով լի միկրոավտոբուսով երբ ուղևորվում էր Ախալքալաք, սահմանից նրան էլ են հետ ուղարկել: Ասել են, որ արդեն մի քանի օր է՝ լրացել է նաև նրա՝ 90-օրյա ժամկետը, հետևաբար մուտք գործել Վրաստան առաջիկա երեք ամսում այլևս չի կարողանա:

Խնդիրը, սակայն, միայն վարորդներին չի վերաբերում, այլ ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ջավախքցիներին: Նրանք հիմնականում ՀՀ քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով: Նույնիսկ ազգությամբ վրացիներ են ՀՀ քաղաքացիություն ստանում այդ նպատակով: Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեզ տրամադրած տվյալների՝ 2008-2012թթ. 41 վրացի է ՀՀ քաղաքացիություն ստացել, ընդ որում՝ 24-ը միայն 2012թ.:

Այժմ, երբ ջավախքցիները դիմում են մշտական կացության կարգավիճակի համար, մեծ մասին մերժում են՝ տարբեր պատճառաբանություններով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ջավախքցիների գտնվելը հայրենի տներում սահմանափակվում է: 

Վրաստանում ՀՀ դեսպանատան հեռախոսահամարներն այսօր կեսօրից հետո չէին պատասխանում, օրենքի՝ մարտից չկիրառելու և կացության կարգավիճակների մերժման պատճառների մասին պարզաբանում ստանալ այնտեղից չհաջողվեց:

ՀՀ ԱԳՆ-ն խոստացավ հարցի շուրջ պարզաբանումներ տալ երկուշաբթի: 

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Երբ ախալքալակցիները Հայաստանի քաղաքացիություն էին ստանում, Հայաստանի կառավարությունը գիտեր, որ Վրաստանում երկքաղաքացիությունը արգելված է, բայց զանգվածային կերպով քաղաքացիություն էին շնորհում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter