HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին քարվաճառյան դիվերսանտների մասին. հետաքննական շարք

Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Արցախի Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ  Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի նկատմամբ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկած դատաքննությունն արդեն իսկ անհերքելի ապացույցներ է հրապարակել այն մասին, որ այդ խումբն է առեւանգել ու սպանել Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ 17-ամյա Սմբատ Ցականյանին, իսկ հուլիսի 11-ին ոչնչացված Հասան Հասանովն էլ սպանել է 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին ու հրազենով ծանր վիրավորել 37-ամյա Կարինե Դավթյանին։

Սակայն, Ստեփանակերտում ընթացող դատավարության արժեքը միայն դրանում չէ, կամ էլ նրանում, որ ԼՂՀ-ը իրեն դրսեւորում է հասուն ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետության նման, այն է՝ ոչ թե մոլեգնած ինքնադատաստան է տեսնում թշնամական գործողություններ իրականացնելու առաջադրանքով իր տարածք ներխուժած եւ իր քաղաքացիներին սպանած խմբի նկատմամբ, այլեւ նրանց կանգնեցնում է արդարադատության առջեւ: Մի բան, որն ընդհուպ բնորոշ չէ Ադրբեջանին իբրեւ պետություն, եւ հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումերն այդ երկրում, ինչի հերթական սահմռկեցուցիչ դրսեւորումը դարձավ ամռանը տավուշցի Կարեն Պետրոսյանի սպանությունը, դրա ապացույցն են:

ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված երկու անձանց առաջադրված մեղադրանքի ողջ ծավալն այսպիսին է. Շահբազ Գուլիեւը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առեւանգելու եւ գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Ասկերովը նաեւ սպանության մեջ` զուգորդված մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով եւ քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելու մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով այդ պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), ով նաեւ ՌԴ անձնագիր ունի, Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) եւ Հասան Հասանովը (ծնված 1978թ.) ռազմամթերքով ու հրազենով հուլիսի սկզբին ներթափանցել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մասնավորապես՝ Շահումյանի շրջանի վարչական տարածք: Մինչեւ խմբի վնասազերծումը նրանք հատուկ առաջադրանքով լրտեսական գործունեություն էին ծավալել՝  հավաքագրելով նաեւ ռազմական նշանակության տեղեկություններ, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվեց Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Խմբի անդամներից հուլիսի 8-ին առաջինը ձերբակալվեց Շահբազ Գուլիեւը, երբ Սմբատ Ցականյանին փնտրող քարվաճառցի կանանցից մեկը կեսօրին տարածքի ավերված տներից մեկում հագուստ փոխելիս նկատել էր ռուսերեն խոսող երկու ադրբեջանցու ու այդ մասին հայտնել էր տեղի ոստիկանությանը: ԼՂՀ ոստիկանության ու զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում նրանցից մեկը ձերբակալվել էր, մյուսը՝ դիմել փախուստի:

Հետախուզական-դիվերսիոն խմբի մյուս անդամը` Հասան Հասանովը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, Քարվաճառի տարածքում, հարձակվել էր ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի քաղաքացիական համարանիշներով ավտոմեքենայի վրա, հրազենով սպանել մեքենայում գտնվող 1971 թվականին ծնված մայոր Սարգիս Սամվելի Աբրահամյանին եւ ծանր վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին։ Հասանովը փորձել էր նույն ավտոմեքենայով փախուստի դիմել, սակայն հայ դիրքապահները կասեցրել էին ավտոմեքենայի ընթացքը եւ ձերբակալման ժամանակ՝ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում ծագած փոխհրաձգության ժամանակ ոչնչացրել դիվերսանտին։

Խմբի անդամներից վերջինը ձերբակալվել էր Դիլհամ Ասկերովը՝ հուլիսի 14-ին ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ եւԼՂՀ սահմանահատվածում` Հարուրի ձոր կոչվող տարածքում:

Մենք երեք մասից բաղկացած շարքում հանգամանորեն անդրադարձել ենք հետախուզական-դիվերսիոն խմբի շուրջ ծավալված դրամային (Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն -1), նաեւ նրան, թե ինչպես  էր ադրբեջանական կողմը մինչեւ խմբի լիակատար վնասազերծումը հիացմունքով հետեւում ու լուսաբանում «Հայաստանն ու Արցախը խուճապի մատնած» խմբի «արկածները»(Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն -2):

Հուլիսի 14-ին հաջորդած օրերին առաջ էինք քաշել այլեւս ժամանակի փորձությունն անցած մի պնդում, այն է՝ «քաղաքացիականացված» (ոչ թե գեղեցկադեմ ու հաղթանդամ սուպերմենի, այլ սովորական մարդու՝ տեղացիներից արտաքնապես չտարբերվող տեսքով` մեկը «վարորդ», մյուսը` «խոպանչի», երրորդը՝ «առեւտրական») ու «ռոմանտիկացված» («կարոտաբաղձ քարավաճառցիներ»՝ հայրենիքի ու նախնյաց գերեզմանների կարոտը սրտներում եւ պարբերաբար այնտեղ ուխտագնացության գնացող) այդ դիվերսիան միանգամայն նոր տեսակի գործելակերպ էր թշնամու կողմից: Փաստացի, այն ոչ միայն հուլիսի 7-10-ին Ադրբեջանում տեղի ունեցած օպերատիվ-տակտիկան լայնամասշտաբ զորավարժությունների, այլեւ, ինչպես գուժել էինք ժամանակին, պատերազմի գլխավոր փորձի մի օղակն էր:

Ինչպես ադրբեջանական կողմի պաշտոնական ու քարոզչական ուղերձների բազմակողմանի վերլուծությունն էր մեզ հիմք տվել, մասնավորապես նկատել էինք, որ իր հետապնդած նպատակներով (բարբարոսական ու դիվերսիոն ակտերով խուճապի ու սարսափի սփռում հայոց բանակի թիկունքում) դիվերսիան միանգամայն համահունչ էր զորավարժությունների նույնաբովանդակ ուղերձի հետ՝ խուճապ եւ սարսափ ադրբեջանական  բանակի մարտունակությունից ու կարողություններից:

Այդ երկուսը միասին չափազանց տեսանելի էին դարձնում քիչ անց՝ հուլիսի վերջին ու օգոստոսի սկզբին Ադրբեջանի ռազմական արկածախնդրության մոտալուտ լինելը, քանի որ զանգվածային հարձակման մեծամասշտաբ իմիտացիան եւ սիմուլյացիան  զուգորդված էին անուղղակի հարձակման ռազմավարությամբ՝ ներթափանցման ու թշնամական ակտերի իրական փորձով.  «Այս ամենը պրոֆեսիոնալ դիտանկյունից առավելապես պատերազմի գլխավոր փորձ է հիշեցնում, երբ հակառակորդը ոչ միայն մկանների ցուցադրութամբ, այլ կորուստներ պատճառելով ու շոշափելի խուճապ ստեղծելով փորձում է ստուգել ոչ միայն սահմանների ամրությունը, այլեւ հայկական կողմի մարտական հոգեբանական, տեղեկատվական եւ այլ պատրաստվածությունը եւ դիմադրողունակությունը»,-եզրահանգել էինք վերլուծական շարքի վերջին մասում (Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն -3):

Դեռեւս հուլիսի կեսերին ամառային լարվածության այդպիսի փաստարկված կանխատեսումից զատ, մեջբերվածը նաեւ բացատրելու է գալիս, թե ինչու պետք է պաշտոնական Բաքուն ոչ միայն ինքը ընտրեր դիվերսանտների՝ Քարվաճառ ներթափանցելու ժամանակն ու ինքն էլ վերասահմաներ նրանց՝ նախկինից տարբերվող առաջադրանքը (հետախուզականից զատ նաեւ դիվերսիոն), այլ նաեւ թեւերը լայնորեն փռեր նրանց վրա ու մեծ ջանքեր գործադրեր իր հետախուզադիվերսիոն կորպուսի անթերագնահատելի փորձառությամբ իր երեք կադրերին ետ վերադարձնելու ուղղությամբ:

Դրա համար խմբի անդամների կարգավիճակի փոփոխությունը, ավելի ստույգ՝ նրանց համար «քաղաքացիական»՝ ռազմագերու կարգավիճակ կորզելը հրամայական էր, հատկապես, երբ խումբը բացահայտվել ու վնասազերծվել էր, նրա առաքելությունը՝ տապալվել: Մյուս կողմից էլ՝ հասարակության աչքի առջեւ այլեւս «ամենամարտունակ ու հաղթանակող» ներկայացող Ադրբեջանի զինված ուժերին ու ՊՆ-ին պատիվ չէր բերում հատուկ նշանակության տապալված գործողությունների մասին խոստովանելը: Վերջապես՝ միջազգային տեսանկյունից վտանգավոր էր պատասխանատվություն ստանձնելը դիվերսիայի համար, որը ագրեսիայի ակտ է, առավել եւս՝ հուլիս-օգոստոսյան ռազմական արկածախնդրության նախօրեին, երբ Ադրբեջանի լայնամասշտաբ սադրանքների նպատակը հայկական կողմին նախահարձակ դարձնելն էր, որպեսզի «հայկական ագրեսիայի» թեզն ու դրանից «անհրաժեշտ ինքնապաշտպանության գործողությունները» լեգիտիմություն ստանային միջազգային հանրության աչքերում: 

Ուստի խմբի առաջին իսկ անդամի վնասազերծման պահից սկսած Բաքվի ռազմա-քաղաքական իշխանությունները մի կողմից փորձում էին դիստանցավորվել նրանից, բայցեւ տեւապես այնպիսի քայլերի էին գնում, որոնք խոսում էին խմբի հանդեպ նրանց ամենաբարձր հովանավորչության ու շահագրգռության մասին: Իսկ դա ամենեւին պայմանավորված չէր նրանով, որ Իլհամ Ալիեւի վարչախումբը շատ մարդասեր է ու կանգնած է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու թիկունքում. պարզապես հետախույզ-դիվերսանտները իրենց գործի պրոֆեսիոնալներ էին ու չափազանց թանկ էր նրանց կորուստը: Հավասարապես վտանգավոր էր նաեւ հայերի ձեռքում նրանց կենդանի մնալն ու «բերանը բացելու» հեռանկարը՝ բացահայտելով նրանց կապը Ադրբեջանի հետախուզության հետ: Իսկ այդպիսի «ժայթքումներ» դատաքննության ընթացքում քանիցս եղան, երբ Ասկերովն ու Գուլիեւը թե՛ միմյանց, թե՛ ոչնչացված Հասան-Հասանովին մեղադրեցին Ադրբեջանի հետախուզությանը պատկանելու մեջ:

Այդ ամենին դեռ կանդրադառնանք հետագա մասերում:   

Պայքար ռազմագերու կարգավիճակի համար    

Հուլիսի 14-ին խմբի վերջին անդամին՝ Դիլհամ Ասկերովին ձերբակալելուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, թե «վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ»:

Նախարարությունը նաեւ հավելեց, թե անհերքելի ապացույցներ են առկա այն մասին, որ «իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցէ տարբերանշան եւ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ»:

Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների՝ խմբի անդամների համար ռազմագերու կարգավիճակ  կորզելու նկրտումների, հայկական կողմը հայտարարեց, որ հանցավոր գործունեության` պետության տարածքի ապօրինի հատման, սպանություն և սպանության փորձի, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձերի եւ այլնի համար Արցախի քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ, «ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության եւ Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ»: Հայկական կողմը անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները նաեւ շահագրգիռ միջազգային կառույցներին ներկայացվելու պատրաստակամություն հայտնեց: 

Ադրբեջանի իշխանություններին ոչ միայն խոցեց դիվերսիոն խմբի վնասազերծման փաստը (օրեր շարունակ նրանք չէին հավատում խմբի կատարելապես ձախողմանը, բայց եւ սպասում էին, որ փախուստի դիմած երկուսը կփրկվեն, ինչից տեղյակ էին նրանց հետ հեռախոսակապի արդյունքում, որը եւ ենթադրել էինք առաջին իսկ օրերին, եւ դա հետագայում հաստատվեց), այլեւ դիվերսանտներից առգրավված զինատեսակների ու պարագաների լուսանկարների հրապարակումը, խմբի անդամների դեմ ԼՂՀ-ում քրեական գործի հարուցումը:

Դրան էլ հավելած՝ հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս մեկ անգամ հայտարարեց, թե  ձերբակալվածներին չի կարող տրվել ռազմագերու կարգավիճակ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջը քրեական գործ են հարուցել եւ նրանք պատասխան կտան և՛ մեր օրենքների, և՛ միջազգային նորմերի պահանջների համաձայն: <> Դիվերսիոն-հետախուզական գործունեություն են ծավալել»: Նա նաեւ խոսեց Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններում հանցավոր խմբերի օգտագործվելու մասին. «ընդ որում դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին եւ նաև մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել»:  

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատասխանը չուշացավ, որում, թեպետ հրաժարվել էին բացահայտ «տեր կանգնել» դիվերսանտներին, սակայն, փորձ արվեց հիմքեր ստեղծել Արցախի տարածք նրանց մուտք գործելու համար:  Հուլիսի 16-ի հայտարարության մեջ ասվում էր. «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նման պնդումները որեւէ հիմք չունեն: Հայաստանի ԶՈՒ կողմից գրավված տարածքները Ադրբեջանի ինքնիշխան տարածքներն են, մեր երկրի քաղաքացիները գրավյալ տարածքներ ազատ եւ անխոչընդոտ ելումուտի իրավունք ունեն: Ի հակառակ հայկական ԶԼՄ-ների պնդումների՝ նշված անձինք չեն խախտել որեւէ պետական սահման: Քանի որ ագրեսիայի արդյունքում ինքնահռչակ ռեժիմի վերահսկողության ներքո գտնվող տարածքները Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում են»:

Ի վերջո, չափազանց հասկանալի է, թե ինչո՞ւ էր Բաքուն ամեն գնով ջանում միջազգային կազմակերպությունների առջեւ ու նրանց ներգրավմամբ հասնել դիվերսանտների համար ռազմագերու կարգավիճակի կորզմանը: Եթե հաջողվեր լեգիտիմացնել քաղաքացիական ներկայացվող դիվերսանտների «ազատ տեղաշարժի իրավունքը» «ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքային ամբողջականության սահմաններում», ապա նրանց վրա հնարավոր կլիներ տարածել «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիան, իսկ հետագայում էլ հասնել հայ ռազմագերիների հետ փոխանակութանը, ինչի փորձեր նա քանիցս արեց:

Թերեւս հայկական կողմը իր մի էական վրիպումով հեշտացրել էր Բաքվի գործը, եւ այժմ, ժամանակն է խոսել նաեւ թույլ տրված վրիպումների մասին, որոնք բարեբախտաբար, ճակատագրական նշանակություն չեն ունեցել անցած ամիսների զարգացումներում: Իսկ այդ ամենից բացի՝ արժե ներկայացնել մի շարք կարեւոր մանրամասներ դիվերսանտների կենսագրության էջերից ու շրջապատից, որոնք, քիչ հավանական է, որ վեր կհանվեն դատավարության շրջանակներում:

Անցած ամիսներին ադրբեջանական կողմը հասցրել է համացանցից մաքրել բազմաթիվ հետքեր: Բարեբախտաբար, ժամանակին հասցրել ենք դրանք արխիվացնել, որոնք այսօր միանգամայն այլ արժեք ունեն՝ իբրեւ Ադրբեջանի հետախուզության հետ նրանց կապերի հավելյալ ապացույցներ: 

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter