
Իրականության ու երևակայության միջև
«Իրականության ու երևակայության միջև» խորագիրը կրող Real art (իրական արվեստ) նախագծի 4-րդ ցուցահանդեսը կրկին միավորել էր երիտասարդ գյումրեցի նկարիչներին մեկ հարկի ներքո: Նախագիծը ծնվել է 2012թ., հեղինակ եւ համադրող Արաքս Մարգարյանի փոխանցմամբ՝ նպատակը Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտներից առավել շնորհալիներին ցուցադրվելու հնարավորություն ընձեռելն էր:
Ակադեմիան ավարտող երիտասարդ նկարիչներից շատերը կամ չեն շարունակում ստեղծագործել, կամ էլ չգիտեն ինչպես վարվել արդեն իսկ ծնունդ առած կտավների ու քանդակների հետ: Ցուցադրությունները, որ կազմակերպվում են տարին մեկ անգամ, թեկուզ փոքր, սակայն, ամեն դեպքում, հնարավորություն է՝ իրենց ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու, գնահատված լինելու առումով: Նաեւ որոշակի խթան է՝ այլ ցուցահանդեսների հայտ ներկայացնելու:
«Սա չի նշանակում, որ միայն նույն մարդիկ են մասնակցում, լինում են իհարկե բացահայտումներ, ինչպես եղավ այս ցուցահանդեսի շրջանակում: Նախագծի հնաբնակների հետ կողք կողքի իրենց գործերն են ցուցադրում նաեւ նորեկներ, ովքեր դեռեւս չեն ավարտել ակադեմիան, սակայն արդեն զգացվում է պոտենցիալը»,-նկատում է Արաքս Մարգարյանը:
Այդ սկզբունքով նախագծին մասնակցելու հրավեր էր ստացել Գյումրու գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Սարգսյանը: Նրա ներկայացրած «Արթիկի կամուրջ» 4 կտավից բաղկացած գրաֆիկական գործը որոշակի հետաքրքրություն էր առաջացրել նաեւ այցելուների շրջանում: Երիտասարդ նկարիչն առաջին անգամ էր մասնակցում ցուցահանդեսին:
«Նկարիչի համար սեփական գործերի ցուցադրությունը շատ կարեւոր հանգամանք է: Ոչ բոլորին է հաջողվում ունենալ անհատական ցուցահանդես, շատ նկարիչների համար կարեւորվում է նմանատիպ խմբակային ցուցահանդեսները, տարբեր նախագծերին մասնակցելը,-ասում է Նարեկ Սարգսյանը,-իմ աշխատանքները Արաքս Մարգարյանը տեսել էր ու հրավիրեց մասնակցելու: Ինչ-որ քննադատական կարծիք դեռ չեմ լսել գործերիս հետ կապված, որ էս պահին ցուցադրվում են, սակայն պատրաստ եմ լսել անգամ վատ կարծիք, քան թե արժանանալ անտարբերության: Եթե կարծիք են հայտնում՝ նշանակում է գործդ նկատել են»:
Նախագծի շրջանակում հանրությանը ներկայացրած երիտասարդ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունների վերաբերյալ տարբերվող կարծիք ունեին նրանց ավագ ընկերները, նախկին դասախոսները: Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Համբարձում Ղուկասյանն, օրինակ, ավելի վառ, ավելի մոնումենտալ գործերի էր սպասում: Նրան նաեւ չէր բավարարել իր նախկին ուսանողների մտքի թռիչքը:
«Շրջանավարտներ կան, որ ոնց սովորել են, էդպես էլ շարունակում են՝ թարմություն չկա մոտները, նոր բան գտնելու, նոր փորձ անելու ցանկություն չեմ տեսնում: Ես այս ցուցահանդեսում կառանձնացնեի Արտյոմ Սարգսյանին: Միտքը, գաղափարը, կատարողականը, որով իմ համար առանձնացավ Արտյոմի աշխատանքը՝ շատ տարբերվող էր»,-նկատում է Համբարձում Ղուկասյանը:
Նախագծի հեղինակ Արաքս Մարգարյանի համոզմամբ, հնարավոր չէ ամեն անգամ ուժեղ գործեր ներկայացնել: Նա խոստովանում է, որ նախորդ տարի ցուցադրված բոլո՛ր աշխատանքներն էին բարձրորակ, իսկ այս անգամ թույլ գործերից չկարողացան խուսափել:
«Ի վերջո, ունեինք նաեւ նորեկներ եւ, բացի դրանից, ստեղծագործողը պիտի ցուցադրի իր աշխատանքները, կարծիքներ լսի, որ կարողանա հետագայում շտկումներ անել, հետեւություններ, գուցե նոր ուղղություն որդեգրի»,-շեշտում է Արաքս Մարգարյանը:
![]() |
![]() |
Աշոտ եւ Մամիկոն Միքայելյաններ | Նարեկ Սարգսյան |
Իսկ նախագծի «հնաբնակների»՝ Աշոտ եւ Մամիկոն Միքայելյանների (Ջեւո) կարծիքով, ցանկացած տեսակետ սուբյեկտիվ է: Ինչպիսին մարդու աշխարհայացքն է, այնպիսին էլ նրա ընկալումն է՝ լինի արվեստ, թե կյանքի մեկ այլ բնագավառ: «Դե մեր կարծիքով պեսիմիստ մարդուն, եթե ցույց տաս սպիտակ թուղթը վրան սեւ կետ նշած, ինքը միայն կետն է տեսնելու, իսկ օպտիմիստ մարդը՝ սպիտակ թուղթը: Այնպես որ նորմալ է, որ հնչեն նույն գործի հետ կապված թե դրական, թե բացասական կարծիքներ»,-ասում է Մամիկոն Միքայելյանը:
Տղաները «Իրականության ու երեւակայության միջեւ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացրել էին 11 կերպարից բաղկացած մի գործ, որը վերնագրված էր «Վերջնախաղ»:
«Ամեն անգամ նոր գործ ենք ներկայացնում,-նկատում է Աշոտ Միքայելյանը,-սա լատունի թիթեղից պատրաստված գործեր են, ստացել ենք դակման ճանապարհով, ամեն ֆիգուրը բաղկացած է 17-18 կտորից: Սեւի ու սպիտակի, չարի ու բարու պայքարն է պատկերված մեր ներկայացրած կոմպոզիցիայում: Ի վերջո, մենք ինքներս ենք այս կյանքում ընտրում սեւն ենք, թե սպիտակը եւ վերջնախաղի արդյունքն էլ էլի մենք ենք որոշում»:
Մեկնաբանել