
Սարգիս Հակոբյանին ազատ են արձակել դատարանի դահլիճից
Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 1.5 տարվա ազատազրկման դատապարտվեց կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանը: Նրան համաներմամբ ազատ արձակեցին դատարանի դահլիճից:
Տուժող Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը «Հետքին» հայտնեց, որ դատարանը խոշտանգման մասին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը (խոշտանգում՝ ծանրացուցիչ հանգամանքներով) վերաորակել է 119-րդի 1-ին մասի՝ խոշտանգում առանց ծանրացուցիչ հանգամանքների:
Հասմիկ Խաչատրյանն արդեն պատմել է, թե ինչպես է պարբերաբար ծեծի, վիրավորանքների ու ստորացման ենթարկվել ամուսնու կողմից: Դատական փորձաքննությունն ապացուցել էր, որ Սարգիս Հակոբյանը ծխախոտով այրել էր կնոջ ձեռքը, տարբեր իրերով, ձեռքերով ու ոտքերով պարբերաբար հարվածներ հասցրել նրա գլխին: Հիշեցնենք, որ տուժող Խաչատրյանը կեսգիշերյան հերթական ծեծից հետո մի կերպ է հասցրել փախչել Հակոբյանների տնից եւ ողջ գիշեր թաքնվել գյուղում հոսող գետի ջրում:
Դատավոր Աղվան Պետրոսյանը համարել է, որ 9 տարի ձգվող կնոջ տառապանքները նրա առողջությանը թեթեւ վնաս են պատճառել: Ավելին` Հասմիկ Խաչատրյանը որեւէ նյութական կամ այլ տեսակի կախում չի ունեցել Սարգիս Հակոբյանից:
Նշենք, որ այսօրվա դատավարության ընթացքում ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը 300 հազար դրամ է փոխանցել նախկին կնոջը` որպես վնասի փոխհատուցում: Նախորդ դատական նիստին Հասմիկ Խաչատրյանի փաստաբանը քաղաքացիական հայց էր ներկայացրել` վնասի փոխհատուցման պահանջով: Սրանով փաստաբանը փորձել էր կանխել համաներման վճիռը:
Դատարանն այսօր վճռել է մերժել քաղաքացիական հայցը եւ կիրառել համաներում: Փաստաբան Տիգրան Մուրադյանը կարծում է, որ դատավորի վճիռն ուղղորդված է.
«Դատական ակտը ստանալուց հետո անպայման բողոքարկելու ենք, քանի որ սա ուղղորդված վճիռ էր»,- ասում է փաստաբանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել