HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ և արդար արտահերթ ընտրությունների խնդիրը

Էդգար Վարդանյան 

Ներկայիս քաղաքական ռեժիմից դժգոհ քաղաքական եւ հասարակական տարբեր խմբեր եւ ակտիվիստներ հաճախ նշում են, որ իրենց հիմնական խնդիրը ազատ եւ արդար արտահերթ ընտրություններին հասնելն է։ Նշվում է, որ դա այն նվազագույն խնդիրն է, որի լուծումից պետք է սկսել արմատական քաղաքական, սոցիալական, տնտեսական փոփոխությունները։ Շատերը հայտարարում են, որ կարեւոր չէ, թե ով կընտրվի, կարեւորն այն է, որ ժողովուրդն ընտրի։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ որպես երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու առաջին քայլ «անհամաձայնները» դիտարկում են ընտրական ինստիտուտի կայացումը։ Այս առումով կարող է առաջանալ երեք հարց՝

  • արդյո՞ք, հենց ազատ եւ արդար արտահերթ ընտրությունների անցկացումն է բողոքողների իրական խնդիրը,
  • եթե իսկապես խնդիրը ազատ եւ արդար արտահերթ ընտրությունների անցկացումն է, ապա ինչպե՞ս են պատրաստվում հասնել դրան,
  • եւ վերջապես, ո՞րն է այդ ընտրությունների գործնական օգուտը, ինչպե՞ս կարող են դրանք նպաստել երկրի առողջացմանը, ժողովրդավարության հաստատմանը։

Գոյություն ունի՞ օբյեկտիվ չափանիշ, որը թույլ կտա պարզել, թե արդյո՞ք սուբյեկտները ազնիվ են ազատ եւ արդար ընտրությունների մասին իրենց հայտարարություններում։ Կարելի է, իհարկե, ուսումնասիրել վերջիններիս անցյալը եւ տեսնել, թե որքանով է ազատ եւ արդար ընտրությունների պահանջը համահունչ նրանց նախկին հայտարարություններին եւ գործունեությանը, սա շատ բան կարող է պարզաբանել։ Սակայն դրանով հնարավոր չէ ամբողջությամբ կողմնորոշվել՝ մարդիկ փոխվում են։

Որպես ազնվությունը պարզելու ավելի վստահելի ինդիկատոր, ցուցանիշ կարող ենք դիտարկել բողոքող սուբյեկտի թափանցիկությունը։ Սակայն սա էլ կարող է խաբուսիկ լինել։ Սուբյեկտը կարող է հայտարարել, որ, ելնելով անվտանգության նկատառումներից, նա ստիպված է նվազ թափանցիկ լինել։ Սա, իհարկե, կարող է այդ սուբյեկտի հանդեպ ավստահության ձեւավորման համար հիմք հանդիսանալ, սակայն, չենք կարող բացառել, որ սուբյեկտը, իսկապես համոզված է, որ պայմանները ստիպում են աշխատել առավել փակ ռեժիմով։

Սուբյեկտի ազնվությունը կարելի է նաեւ պարզել նրա ներկայիս կոնկրետ գործողություններով եւ հնարավոր է, որ սա է ճշմարտությունը պարզելու համեմատաբար ամենաճշգրիտ ուղին։  Պետք է տեսնել, արդյոք իրականացվում են գործողություններ, որոնք, մի կողմից,  ինքնազոհողություն են պարունակում, մյուս կողմից էլ, ի զորու են, ըստ ժողովրդավարեցման միջազգային փորձի, հանգեցնել արտահերթ ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը։ Հարկ է նշել, որ այս գործիքին էլ պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ անձնազոհողության բացակայությունը կարող է լինել սուբյեկտի համոզվածության հետեւանքը, որ կարիք չկա ոչ մի անձնազոհողության դիմել, քանի որ կարելի է նաեւ առանց դրա արդյունքի հասնել, իսկ գործողություններն էլ կարող են  հակագիտական լինել, ոչ թե սուբյեկտի անազնվության, այլ, ասենք, նրա գիտելիքների պակասի հետեւանքով։  

Այսպիսով, կարծում ենք, որ սուբյեկտների ազնվությունը ստուգելու բացարձակ ճշգրիտ գործիք գոյություն չունի, սակայն, կան միջոցներ, որոնք կարող են օգնել մոտիկանալ իրականությունն իմանալուն։

Բայց, պետք է նշել, որ պայքարող ազնիվ սուբյեկտի առկայությունն ազատ եւ արդար ընտրություններին հասնելու գործի ընդամենը կեսն է։ Այս գործում շատ բան կախված է սուբյեկտի մոտ պայքարելու գրագետ ծրագրի առկայությունից եւ կոնկրետ գործողությունների արդյունավետությունից։ Եվ այստեղ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ազատ եւ արդար արտահերթ ընտրություններին հասնելու մեխանիզմների խնդրին։

Շատերը վերոնշյալ ընտրություններին հասնելու հետեւյալ սխեման են առաջարկում՝ ժողովուրդը հարյուր հազարներով դուրս է գալիս փողոց եւ տուն չի գնում մինչեւ իշխանությունները հրաժարական չտան։ Այստեղ, բնականաբար, երկու հարց է ծագում՝ ա)ի՞նչ է անհրաժեշտ, որ հարյուր հազարները դուրս գան փողոց եւ որոշեն չգնալ տուն եւ բ)ինչպե՞ս է հարյուր հազարների փողոց դուրս գալն ու տուն չգնալը հանգեցնելու իշխանությունների հրաժարականին։

Հիմնվելով  վերոնշյալ հարցերի վերաբերյալ մինչ այժմ հնչած տեսակետների ուսումնասիրության վրա, կարող ենք նշել, որ, տարածված են, հիմնականում, հետեւյալ պատկերացումները՝ ա) ժողովրդին փողոց դուրս կբերի հեղինակություն ունեցող պայքարող սուբյեկտների/սուբյեկտի կոչը եւ նրանց/նրա անձնազոհ պայքարի  օրինակը, բ) իշխանությունները հրաժարական կտան, քանի որ հարյուր հազարները կպարալիզացնեն երկրի սոցիալ-քաղաքական-տնտեսական կյանքը եւ անհնար կլինի այդ պայմաններում կառավարել երկիրը։

Սակայն, այստեղ մեկ այլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այսօր բացակայում անժամկետ փողոց դուրս գալու հրավերը, կամ ինչու՞ «հարյուր հազարները» ինքնաբուխ  փողոց դուրս չեն գալիս։ Ի պատասխան այս հարցի հաճախ նշվում է, որ փորձը ցույց է տալիս, որ երբ մարդիկ դուրս են գալիս փողոց եւ տուն չեն գնում, իշխանությունները ուժ կիրառելու միջոցով չեզոքացնում են բողոքը։

Բայց, այդ դեպքում, ինչի՞ն են սպասում «անհամաձայնները», ինչու՞ են շարունակում խոսել փողոց դուրս գալու անհրաժեշտության մասին։ Կարող ենք ենթադրել, որ վերոնշյալ սուբյեկտները գտնում են, որ իշխանություններին հաջողվել է ճնշել բողոքի դրսեւորումները, քանի որ բողոքողները, որպես կանոն, բավարար չափով պատրաստված չեն եղել լուրջ պայքար մղելու համար, եւ/կամ էլ, որ, իրականում, երբեք «կրիտիկական զանգված» փողոց դուրս չի եկել։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter