HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փորձում ենք մի պետություն կառուցել, որտեղ չլինեն տերեր ու անտերներ»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից 

Իմ հարցազրույցը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ

Բարի օր Ձեզ, պարոն Սահակյան,

Մոտ մեկ ու կես ամիս է անցել այն օրից, երբ Դուք այցելեցիք «Նուբարաշեն» ՔԿՀ: Մեր հանդիպումից շատ տպավորված եմ: Սովորաբար դատապարտյալները բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերացնում են որպես ծայրաստիճան խիստ և բացասական առումով կոշտ դիրքորոշում ունեցող մարդկանց: Զարմանալի հաճելի էր տեսնել, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը բավականին բաց և անկաշկանդ մթնոլորտ ստեղծելով՝ պատրաստ է ոչ միայն լսել, այլ նաև համատեղ քննարկել դատապարտյալներին հուզող օրենսդրական խնդիրներ:

Որպես «Հետք» ինտերնետային թերթի թղթակից ՔԿՀ-ում ցանկանում եմ հարցազրույց ունենալ Ձեզ հետ: Հուսով եմ՝ չեք մերժի: «Հետքի» գործընկերներս սովորեցրել են, որ լրագրողը պետք է իր հարցերը կարճ ձևակերպի, սակայն այս անգամ պետք է խախտեմ լրագրողական կանոնը թե՛ որպես ապագա իրավաբան, թե՛ այն առումով, որ ընթերցողին ավելի պարզ լինի հարցազրույցի բուն առարկան: 

- Ի՞նչ եք կարծում, չարժե՞ օրենքում բացել «Ներքին համոզմունք» հասկացության իմաստը կամ ընդհանրապես օրենսդրորեն բացառել դատավորի կողմից ներքին համոզմամբ դատական ակտեր կայացնելու հնարավորությունը: 

- Նախ ուզում եմ ամփոփել «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իմ այցը և շնորհակալություն հայտնել, որ Մհեր Ենոքյանը բռնեց մեկնած ձեռքը, քանի որ ես ինքս եմ առաջարկել համագործակցել՝ ասելով՝ եթե կլինեն օրենսդրական առաջարկներ, պատրաստ եմ քննարկել: Ու հիմա Մհեր Ենոքյանն ինձ նամակով հարցեր է ուղղել՝ բարձրացնելով օրենսդրական կարևոր խնդիրներ: Կուզեմ իմ նոր ձեռքբերած բարեկամի հարցադրումներին ամբողջական պատասխանել: Կարդացել եմ նաև Մհերի հեղինակած գրքերը, մեկ այլ աշխարհ եմ բացահայտել: Անձամբ ինձ շատ հետաքրքիր է: Սա ասում եմ՝ որպես Հովհաննես Սահակյան անձ:

Ինչ վերաբերում է «Ներքին համոզմունք» հասկացողությանը, ապա փորձեցի ուսումնասիրել նաև այլ երկրների փորձը: Գրեթե բոլոր երկրներում դատավորը դատական ակտ կայացնելիս առաջնորդվում է ապացույցներով և «ներքին համոզմունքով»: Երբ մենք կարողանանք հասնել նրան, որ կոնկրետ իմանանք, թե որ դեպքում որքան ապացուցողական բազա է անհրաժեշտ գործը բացահայտելու համար, այսինքն՝ ունենանք 1+1=2 ձևաչափը, այդ ժամանակ մեզ պետք չի լինի «Ներքին համոզմունքը»: Չեմ վիճում, որ «Ներքին համոզմունքն» ունի սուբյեկտիվության տարրեր հենց միայն այն պատճառով, որ օրենքը կիրառորղները մարդիկ են: Այլ հարց է, որ «Ներքին համոզմունքը» կարելի է սահմանափակել օրենսդրորեն, որ լայն չկարողանա մեկնաբանել օրենքը կիրառողը: 

- Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի այսօր արդեն իսկ պահպանվեն իրեղեն ապացույցները գոնե երկարաժամկետ ու ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերով: Չէ՞ որ ԴՆԹ թեստերով, իրեղեն ապացույցների պահպանմամբ առաջադեմ աշխարհում քրեական արդարադատության ոլորտում իսկական հեղափոխություն է արվում:   

- Քանի որ քրեական դատավարության նոր օրենսգիրք ենք քննարկում, անպայման նկատի կունենամ այս հարցը ևս: Կարևոր հարցադրում է: Արդեն նախագծում սահմանված է, որ իրեղեն ապացույցները կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում պահպանվելու են: Ես ուսունմասիրեցի ԴՆԹ թեստերի կիրառման հետ կապված խնդիրները: Պարզեցի, որ անգամ ԱՄՆ-ում ԴՆԹ հետազոտությունների խիստ մասնագիտական տեսակների ընդամենը 4 լաբորատորիա կա: Ուսումնասիրեցի նաև օրենսդրական բազան: Տեղեկացա, որ Հայաստանում մենք կարողանում ենք միայն պարզ ԴՆԹ անել, օրինակ՝ երեխայի հայրությունը որոշել, բայց ոչ մաշկի մասնիկի, մազի հիմքի վրա ԴՆԹ հետազոտությունների այլ խորքային տեսակներ: Սակայն ուրախալի լուր պիտի ասեմ. հունվար-փետրվար ամիսներին ցանկանում ենք ԱԺ-ում լսումներ անցկացնել՝ հրավիրելով համապատասխան մասնագետների,  Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներին: Գիտեմ, որ այն երկրներում, որտեղ հանցագործին նույնականացնելու հարցում կիրառվում են ԴՆԹ փորձաքննություններ, 4-5 անգամ բարձրացել է հանցագործությունների բացահայտման տոկոսը հանցագործին նույնականացնելու առումով: Ես խոսել եմ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ: Կարծես, թե այդ ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիան մենք կարողանում ենք փետրվար-մարտ ամիսներին ունենալ: Հենց ծանր հանցագործությունների բացահայտման հետ կապված կունենանք դրական տեղաշարժ: Անմեղ մարդիկ այս կամ այն ապացուցողական գործողությունների արդյունքում չեն հայտնվի բանտերում, հանցագործին նույնականացնելու առումով 90-95 տոկոս ճշտություն կլինի:  

- Վերջերս Հայաստան այցելած քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը «Հետքին» տված հարցազրույցում պատմել էր, որ իր ուսանողներին առաջադրանք է տալիս գոնե 1-2 օրով փակվել տանը առանց շփման հնարավորության՝ փոքր-ինչ հասկանալու համար, թե ինչ ապրումներ են ունենում ազատազրկված քաղաքացիները: Կիրառվո՞ւմ են արդյոք նման մոտեցումներ մեր բուհերում: 

- Երբ ես ծառայում էի մեր ազգային բանակում, մտածում էի, որ ընդամենը մի պատ է մեզ բաժանում հանրությունից, բայց մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, մյուսները՝ մեկ այլ: Սա հոգեբանական պահ է: Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, անցնում էինք հոգեբանություն, բայց նման առաջադրանք չենք ստացել՝ կամավոր ազատազրկվել: Միգուցե դա Բոսնիայի փորձն է: Մտածել եմ, որ բարձր դասարաններում սովորող մեր պատանիներին, նաև մինչև 21 տարեկան տղաներին կարելի է տանել քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի հասկանան, թե ինչ հետևաքներ կարող է ունենալ վատ արարքը: 

- Հայերենում կա ասացվածք. տերովին տերն է տարել, անտերին՝ գելը (բանտարկյալներն ասում են՝ գելն ու վոռոնյոկը: Դա կալանավորներին տեղափոխող մեքենան է): Փորձեցի մի քանի լեզուներում գտնել այս արտահայտության համարժեքը, բայց չգտա: Ի՞նչ եք կարծում՝ կգա այն օրը, երբ Հայաստանում օրենքի առաջ բոլորն էլ կլինեն հավասար: 

- Մենք փորձում ենք մի պետություն կառուցել, որտեղ չեմ կարծում, որ պետք է լինեն տերեր և անտերներ: Մեկ այլ ժողովրդական ասացվածք էլ կա՝ թունելի վերջում միշտ լույս է վառվում:

Ամփոփելով հացազրույցը և օգտվելով առիթից՝ ուզում եմ Մհեր Ենոքյանին շնորհավորել ծննդյան օրվա ու գալիք Ամանորի առթիվ: Այն կյանքն ու պայքարը, որ տեսել եմ նրա մեջ, կարծում եմ՝ հետագայում էլ կպահպանվի, քանի որ պարտադիր չէ, որ մարդը լինի ազատության մեջ, որ ստեղծագործի, ապրի լիարժեք կյանքով: Օրինակ՝ Մհերը, լինելով անազատության մեջ, աշխատում է, սովորում, հայտնի է հասարակությանը, ոչ միայն որպես դատապարտյալ, այլ որպես ստեղծագործող մարդ: Շնորհավորում եմ նաև ազատազրկման վայրերում գտնվող մեր մյուս քաղաքացիներին: Մեծ հույսեր եմ կապում ՔԿՎ նոր ղեկավարության հետ, որպեսզի ուղղիչ աշխատանքային գաղութ ասվածը համապատասխանի իր անվանը, և մարդիկ վերադառնան հասարակություն ոչ թե որպես օտար մարմին, այլ որպես հասարակության մի մասնիկ՝ վերափոխված, ուղղված: Ու թող երբևէ մենք՝ որպես հայ մարդիկ, նոր բանտեր կառուցելու խնդիր չունենանք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter