HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրտատրոփ փնտրում էի գոնե մի աստղ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մի՛ մոռացեք հանգիստ շնչելու բերկրանքի մասին

Այս Ամանորը բացառիկ է նրանով, որ 19 տարվա ընդմիջումից հետո տոնածառ ունեմ: Լույսի տակ արծաթագույն բոցկլտացող, փոքրիկ, կապտականաչավուն, ձեռքով պատրաստած տոնական ծառը դրել եմ սեղանին ու հիանում եմ նրա կախարդանքով: Ուրախ եմ, որ բանտի աշխատակիցները թույլատրել են ինձ փոխանցել նոր ծնվող տարվա խորհրդանիշը: Բանտախուցը զարդարել եմ նաև գունավոր փուչիկներով: Միգուցե ասեք՝ ի՞նչ միտք ունի նման տոնական տրամադրություն ստեղծել բանտում. տոնածառ, փուչիկներ, ռոմանտիզմ, լավատեսություն… Իսկ ես կարծում եմ, որ երջանիկ լինելը, ինչպես և սիրելը, կարողություն են, որոնք կամ տրվում են մարդկանց կամ՝ ոչ:

Ամանորը յուրօրինակ կանգառ է հարատև վազքի մեջ, ուր բոլորը մի պահ կանգ են առնում, մտածում արած-չարածի մասին, իրենք իրենց խոստանում լինել երջանիկ ու հաջողակ հաջորդ տարի: Իսկ որտե՞ղ է երջանիկ լինելու գաղտնիքը:  Հազարամյակներ շարունակ փիլիսոփաները, գիտնականներն ու պոետները փորձում են գտնել երջանկության ու սիրո բանաձևը: 19 տարի լինելով ամենածայրահեղ իրավիճակներում, փակված լինելով մահվան տանը՝ ես հասկացել եմ, որ երջանիկ զգալու կարողությունը ներդրված է մարդկային բնության մեջ:

Հիմա կպատմեմ կարճ պատմություններ, ու Դուք կհամոզվեք, որ ամեն ինչ մեր ներսում է ապրում՝ սերը, ուրախությունը, երջանկությունը…

Երբ 2000 թ.-ին ցմահ բանտարկյալներին թույլատրեցին ամսական 10.000 դրամի սննդամթերք գնել հատուկ կրպակից, հսկիչների միջոցով գնել էի նաև մի 15 հատ կանաչ պղպեղ, շարել թերթի վրա: Օրեր անց դրանք կարմիր, դեղնավուն երանգներ էին ստացել: Գորշ խցում վերջապես գույներ էին հայտնվել, խուց, որտեղ տարվա եղանակների մասին միայն կարելի էր գուշակել: Ես նայում ու պատկերացնում էի, որ աշնանային անտառում եմ շրջում: Դանդաղ քայլում էի պղպեղ-տերևների կողքով: Այդպես էլ չկերա այդ պղպեղները, որովհետև դրանք այլևս պղպեղներ չէին ինձ համար: Առավոտյան բացում էի աչքերս ու տեսնում անտառի աշնանային գույներով ներկված տերևները:

Իսկ ժամանակ առ ժամանակ, երբ շատ անտանելի էր դառնում բանտախուցը՝ նոր գրքեր չէր հաջողվում գտնել ու ստիպված էի նայել գորշ պատերին, ճմրթում էի թղթերը (գնդակ չի թույլատրվում այստեղ) և նշան բռնելով՝ գցում դույլի մեջ: Ուրախանում էի, երբ ստացվում էր, ու արդեն վազվզելով սեղանի շուրջ՝ նորից ու նորից գնդակներս շպրտում էի դեպի նպատակակետ:

Հետո բանտախցի դռան վրայի վոլչոկը (ուտելիք բաժանելու փոքրիկ անցք) բացվում էր. բաժանում էին ընթրիքը: Ընդամենը մի  քանի րոպե հաջողացնում էի այդ անցքից նայել միջանցքի լուսամուտից երևացող գիշերային երկնքին: Ի՞նչ էի փնտրում, կարո՞ղ եք ասել. սրտատրոփ փնտրում էի գոնե մի աստղ: Գտնում էի… Ամբողջ մի օր ես երջանիկ էի մինչև հաջորդ ընթրիք: Հետո նորից տեսնելով այդ միակ աստղը՝ գիտակցում էի՝ խցի սահմանափակ տարածությունից այն կողմ կա անծայրածիր տիեզերք:

Քանի դեռ Հայաստանը ԵԽ անդամ չէր, խցերի պատուհանները փակված էին մետաղական շերտավարագույրներով: Մի լուցկու տուփի չափ դեֆորմացված հատված կար շերտավարագույրի վրա: Դա էլ իմ «պատուհանն» էր դեպի երևակայական կյանք: Կանգնելով պայուսակիս վրա՝ այդ անցքից կարողանում էի տեսնել սարերի վրա վառվող միայնակ մի լույս: Գիշերը ժամերով նայում էի այդ լույսի ուղղությամբ: Պատկերացնում էի, որ ինչ-որ գյուղում ինչ-որ տուն է, որտեղ մարդիկ են ապրում: Երևակայում էի, որ այնտեղ բուխարի կա և նույնիսկ շագանակագույն մազերով ու մեծ աչուկներով աղջնակ: Իսկ տան տատիկը մսով կարկանդակներ է սարքել: Ու ես նորից ինձ միայնակ չէի զգում:

Բանտախցում մահապատժի դատապարտված, չունենալով ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ, շատերը խելագարվում էին. դադարում էին զգալ, որ իրենք ողջ են: Ես ասում էի.

-Մարդիկ երբ գրիպով են հիվանդանում ու չեն կարողանում քթով հանգիստ շնչել, նեղվում են, չեն կարողանում քնել: Միայն լավանալուց հետո մի քանի օր գիտակցում են՝ ինչ հրաշք է պարզապես հանգիստ շնչելը: Ու հետո նորից մոռանում են հանգիստ շնչելու բերկրանքի մասին:

Միգուցե ասեք, որ այս ամենը սենտիմենտ է՝ գույնզգույն պղպեղները, թղթե գնդակները, գիշերային աստղը, երևակայածս աղջնակը՝ շագանակագույն մազերով, հանգիստ շնչելու բերկրանքը: Սակայն Աստծո, կյանքի հանդեպ սիրո, լավատեսության շնորհիվ բանտում գոյատևելով՝ ես գտել եմ իմ բանաձևը: Հիմա փորձեք կապել Ձեր աչքերը, և մի քանի ժամ դադարելով տեսնել աշխարհը՝ մարդկանց, բնությունը, կհասականաք, թե որքան երջանիկ եք, որ այդ ամենը կարող եք տեսնել: Իսկ ֆիզիկական ազատության մեջ մարդիկ հաճախ կյանքից բողոքում են, թե գումարը քիչ է այս կամ այն իրը գնելու համար:

Ես պատմում եմ Ձեզ այս ամենը, որ գիտակցեք՝ երջանիկ լինելու կարողությունն ապրում է մեր մեջ:

Հ.Գ. Համարյա մեկ տարի ամեն շաբաթ ես զրուցում եմ Ձեզ հետ: Ընկերացել ենք: Անկեղծ ասած՝ սկզբում, երբ նոր էի սկսում գրել «Հետքում», վախենում էի՝ մտածելով, թե ինչ կարող եմ պատմել ընթերցողին՝ 19 տարի լինելով 4 պատերի մեջ, ուր իրադարձություններն այնքան հազվադեպ են: Բայց գրելով զգացի, որ Ձեզ հետ զրույցները անհրաժեշտւթյուն են դառնում ինձ համար: Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ Ձեր երջանկության բանալիները միշտ բաց պահեն դռները: 

Մեկնաբանություններ (4)

Դավիթ Հարությունյան
Մեկնաբանությունը...Մհեր ջան քո ամանորն ու սուրբ ցնունդը շնորհավոր, թող այս տարին լինի քո ֆիզիկական ազատության տարին, աստված քեզ տա անսահման կամք, մեծ սեր դեպի յանք ու ցնցող արդյունք այսքան տարվա քո պայքարում, միշտ էլ կարդացել ու կարդքւմ եմ քո մասին ու քո հեղինակաց հոդվածները, ինչի համար նաեվ խորհին շնորհակալություն Զ Մեջլումյանին եվ Է Բաղդասարյան ՄԱՐԴկանց
Անի
Ինչպես կարող եմ Քեզ նամակ գրել Մհեր ջան?
Մարգարիտա
|Մհեր ջան, շնորհավորում եմ քո ամանորն ու սուրբ ծնունդը: Դու շատ իմաստուն մարդ ես, քեզ համբերություն
Antik
Շնորհավորում եմ Ձեր Սուրբ ծնունդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter