
Հարձակում ֆրանսիական շաբաթաթերթի վրա. խմբագիրը, 9 լրագրող եւ 2 ոստիկան սպանվել են
Այսօր երկու զինված անձինք հարձակում են գործել ֆրանսիական «Շաղլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա: Ֆրանսիայի ոստիկանության հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասնում է 12-ի: Նրանց թվում են խմբագիր Ստեֆան Շաղբոնիեն, 9 աշխատակիցներ եւ 2 ոստիկան: Իսկ յոթ վիրավորներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ականատեսները տեսանկարահանել են երկու դիմակավոր անձանց, ովքեր «Կալաշնիկով» ավտոմատներով կրակում են խմբագրությունը պաշտպանող ոստիկանի վրա: Նրանք դիմում են ոստիկանին` ասելով. «Ուզում էիր սպանե՞լ մեզ»: Վերջինս պատասխանում է. «Ոչ, բավական է, շեֆ», որից հետո զինվածներից մեկը կրակում է ոստիկանի գլխին:
Դիմակավորներից մեկը կրակելու պահին գոռացել է. «Մենք վրեժխնդիր ենք լինելու Մուհամեդ մարգարեի համար»: Այս մասին նշում է ականատեսներից մեկը` սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ:
Հարձակում գործած դիմակավորները դիմել են փախուստի: Ֆրանսիայի ոստիկանությունը 3000 ոստիկան է մոբիլիզացրել՝ նրանց հայտնաբերելու համար:
Խմբագրությունը վերջին օրերին հրապարակել էր Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության (ԻՍԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը:
«Շաղլի Էբդո» շաբաթաթերթը հարձակման էր ենթարկվել նաեւ 2011-ին` կրկին իսլամիստների կողմից: BBC-ին այդ ժամանակ տված իր հարցազրույցում ամսագրի խմբագիր Ստեֆան Շաղբոնիեն նշել էր, որ խոսքի ազատությունը չպետք է շրջանցի իսլամը: «Եթե մենք կարող ենք խոսել Ֆրանսիայում տեղի ունեցող ամեն ինչի մասին` բացառությամբ իսլամի, ուրեմն դա ձանձրալի է»,- ասել էր Շաղբոնիեն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածը որակել է «բացառիկ բարբարոսություն», որի թիրախում շաբաթաթերթն է, այսինքն՝ խոսքի եւ արտահայտվելու ազատությունը: «Ֆրանսիան այսօր շոկի մեջ է, անկասկած՝ սա ահաբեկչական ակտ է»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:
Լուս.` միջազգային մեդիայից եւ սոցիալական ցանցերից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել