
6 ամսական փոքրիկին տեղափոխել են Երեւան
Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցից» նախորդ օրվա արյունալի սպանդից հրաշքով փրկված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանն այսօր առավոտյան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղափոխումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի ցուցումով: Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է երեկ երեկոյան: Գյումրի են այցելել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները` տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի գլխավորությամբ:
«Իրենց հետ կրկին ընդհանուր զննել ենք երեխային, վիճակը գնահատվել է ծանր կայուն: Ասեմ, որ մեր կողմից բուժումն իրականացվել էր լիրաժեք ծավալով, սակայն նման իրավիճակներում, երբ առաջնային տրավմային ուղեկցող երկրորդական բարդություններ կարող են ի հայտ գալ՝ առավել էֆեկտիվ տարբերակ էր երեխայի հետագա բուժումը Երեւանում շարունակելու որոշումը»,- նշեց Աշոտ Կուրղինյանը:
Երեւանից ժամանած մասնագետները գիշերն անցկացրել են հիվանդանոցում: Առավոտյան կրկին հրավիրվել է կոնսիլիում: Երեխան թեեւ ողջ գիշեր ջերմել է, սակայն վիճակը գնահատվել է բավարար առավոտյան մայրաքաղաք տեղափոխելու համար:
«Էսպիսի ծանր տրավմաներից հետո շատ ժամանակ լինում են երկրորդային բարդություններ, որոնք առաջին հայացքից կարող են կապ չունենալ առաջին տրավմայի հետ, չի բացառվում թոքաբորբ, հետո երեխան շատ արյուն է կորցրել եւ այլն»,- տեղեկացրեց Ա. Կուրղինյանը:
Նա հավելեց, որ փոքրիկ Սերյոժայի ծանր վիճակը պայմանավորված է եղել ոչ այնքան ստացած վերքերով, որքան ուշ ցուցաբերված օգնության հետեւանքով: Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել է առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում, երեխան հայտնաբերվել է ժամը 10-ի հատվածում, իսկ բուն բժշկական օգնություն ցուցաբերվել է դրանից երկու ժամ անց: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից մոտ վեց ժամ անց՝ ուժասպառ, սառած, արյունաքամ վիճակում:
«Հետք»-ի հարցին, թե ի վերջո երեխայի կրծքավանդակի վնասվածքը հրազենային է, թե սուր-կտրող գործիքով է արված, Աշոտ Կուրղինյանը պատասխանեց, որ վերջնական պատասխանն այդ հարցին կտան դատաբժիշկները:
«Իմ ոչ շատ պրոֆեսիոնալ դիտարկման համաձայն կրծքավանդակի շրջանում առկա վերքը կտրող-ծակող սուր առարկայով է հասցվել՝ հաշվի առնելով վերքի հարթ եզրերը, իսկ ուսահոդի շրջանում հայտնաբերված ջնջխված վերքը հրազենի վնասվածքի մնացորդ կարելի է համարել: Ամեն դեպքում երեխայի վրա հրազենի գնդակի մուտքի-ելքի կամ հրազենին բնորոշ այրվածք, ջնջխվածություն չի հայտնաբերվել»:
Մեկնաբանել