
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ
Երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե 29.01.2015 թ.` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց, որ զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։
Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել