HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ և արդար արտահերթ ընտրությունների խնդիրը - 3

Սկիզբը

Էդգար Վարդանյան 

Թեեւ Հայաստանում կան իշխող քաղաքական ուժին ընդդիմադիր մի շարք քաղաքացիական եւ քաղաքական միավորումներ, ինչպիսիք են, օրինակ` «Եռյակը», «Հիմնադիր խորհրդարանը», «Քաղաքացիական պայմանագիրը» եւ այլն, սակայն, գոյություն չունի ռեժիմի փոփոխության խնդիր ունեցող իրապես համաժողովրդավարական, ներկայացուցչական քաղաքացիական շարժում, ինչը առկա է եղել ռադիկալ դեմոկրատական փոփոխությունների հասած երկրների մեծամասնությունում` այդ փոփոխություններին հասնելու նախաշեմին:

Ի դեպ, պետք է նշել, որ իշխանություններին քննադատող տարբեր քաղաքական եւ նույնիսկ հասարակական կազմակերպություններին մեկ կառույցի մեջ միավորելով միայն հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ համաժողովրդականությունը եւ ներկայացուցչականությունը։ Ռեժիմին ընդդիմադիր միավորումը իրապես համաժողովրդական  հանդիսանալու համար հարկավոր է, որ այս կամ այն ձեւով իր մեջ ներառի ռեժիմից դժգոհ եւ ռադիկալ դեմոկրատական փոփոխություններ ցանկացող գրեթե յուրաքանչյուր ակտիվ հասարակական շրջանակ, խավ, շերտ, խումբ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ շատ կարեւոր է նաեւ, որ պրոդեմոկրատական շարժման անդամ կամ համակիր հանդիսանա ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների եթե ոչ մեծամասնությունը, ապա գոնե զգալի մասը: Օրինակ, մոտ 36 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանում, դեմոկրատական փոփոխությունների եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության համար պայքարող «Սոլիդարնոստը», իր գործունեության գագաթնակետում, ուներ մոտ 7-10 միլիոն անդամ:

Շատերը կարող են նշել, որ ոչ դեմոկրատական ռեժիմի փոփոխության համար պարտադիր չէ վերոնշյալ տեսակի շարժման գոյությունը: Միգուցե, պարտադիր չէ, սակայն, միանշանակ է, որ այն խիստ ցանկալի է: Բանն այն է, որ ոչ դեմոկրատական ռեժիմները պատահականորեն ձեւավորված համակարգեր չեն։ Իհարկե, այդպիսի վարչակարգեր ձեւավորելու համար հարկավոր են որոշակի նպաստավոր պայմաններ: Բայց, միեւնույն է, ոչ դեմոկրատական ռեժիմները ստեղծվում են ծրագրված գործողությունների համալիրի արդյունքում: Այդ համակարգերը լուրջ պաշտպանության տակ են լինում նրանց վերնախավի կողմից։ Վերջինս կազմակերպված կերպով մշտապես փորձում է չեզոքացնել, իր կարծիքով, ռեժիմի գոյությանը վտանգ սպառնացող որեւէ երեւույթ: Եվ այսպիսի պայմաններում առանց միասնական, հզոր շարժման գոյության այդպիսի ռեժիմի դեմ դուրս գալը, մոտավորապես նույնն է, ինչ կանոնավոր, կայացած պետական բանակի դեմ փոքրաթիվ, անկանոն, մեկու մյուսի հետ չգործակցող ոչ արհեստավարժ մի քանի ջոկատներով կռվելը:

Այժմ անդրադառնանք հոդվածի բուն թեմային՝ ազատ եւ արդար արտահերթ ընտրություններին, որի մասին խոսում են շատերը, որի անցկացմանը ձգտել եւ ձգտում են բողոքի գործողությունների դիմող տարբեր քաղաքական, հասարակական խմբեր: Նախ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ է անհրաժեշտ, որ այդպիսիք կայանան, հետո կնշենք, թե ինչպիսի՞ ընտրությունները կարող են համարվել ազատ եւ արդար եւ վերջում կփորձենք վերլուծել, թե ո՞րն է այդպիսի ընտրությունների արժեքը։

Դիմենք բանակի հետ կապված մեկ այլ անալոգիայի: Ըստ էության, բանակը պատերազմում պարտվում է այն ժամանակ, երբ, ընդհանուր առմամբ, ի վիճակի չի լինում չեզոքացնել հակառակորդի արդյունավետ գործողությունները:  Այլ հարց է, թե ի՞նչ պատճառով ի վիճակի չի լինում դա անել` որովհետեւ ֆիզիկապես ոչնչացված է, կամ զինաթափված է, կամ արգելափակված է եւ այլն: Ուստի, պատերազմող բանակի հիմնական նպատակն է՝ այնպիսի իրավիճակի ստեղծումը, որի ժամանակ հակառակորդը ի վիճակի չի լինում չեզոքացնել վերջինիս գործողությունները:

Գրեթե նույն սկզբունքը գործում է ժողովրդավարական ռեժիմ հաստատելու համար մղվող պայքարի պարագայում: Արտահերթ ազատ ընտրությունների համար պայքարող քաղաքացիների միասնությունը պետք է կարողանա ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ավտորիտար ռեժիմի վերնախավը ի վիճակի չլինի չեզոքացնել պերմանենտ ուժեղացող բողոքը: Դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ պայքարող քաղաքացիները, նախ, հստակ կձեւակերպեն իրենց անելիքները եւ ապա ի վիճակի կլինեն ողջ հանրապետությունով մեկ կազմակերպել խաղաղ հզոր բողոքի այնպիսի ակցիաներ, որոնց դեմ իրականացվող ամեն մի հնարավոր գործողություն, ոչ թե կթուլացնի, այլ ավելի կուժեղացնի բողոքը: Հաղթելու պայմաններից մեկն այն է, որ բողոքի մասնակիցների քանակը պետք է անընդատ աճի: Յուրաքանչյուր ցրված ակցիայից հետո, եթե բողոքը ավելի հուժկու եւ մեծաքանակ չի դառնում, ուրեմն այն վաղ թե ուշ մարելու է:  

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter