HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի մոտակայքում էր, բայց չէր կարող ներս գալ

Առաջին անգամը չէ, երբ Ազգային ժողովի ղեկավարությունը օրենք է խախտում կամ, օգտագործելով իր լծակները, փորձում է լռեցնել ընդդիմախոսներին: Առաջին անգամը չէ, որ պատգամավորները բարձրաձայնում են խորհրդարանի դերի նվազման և հենց Ազգային ժողովում գործադիր մարմնի՝ թելադրող լինելու մասին: Այսօր հերթական նմանատիպ դրսևորումը տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: Այն ներկայացնում էր վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների շրջանում:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն՝ «Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում վերահսկիչ պալատի նախագահը»: Ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին հարգել օրենքի դրույթները և պահանջում էին վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

«Ինչու է վերահսկիչ պալատի նախագահն արձակուրդ գնում այն պահին, երբ պետք է անի իր աշխատանքի ամենակարևոր գործերից մեկը՝ ներկայացնի իր գործունեությունն Ազգային ժողովում: Ուրեմն թույլ տվեք, մենք բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ Իշխան Զաքարյանին ուղղակի արգելված է Ազգային ժողով գալ, շփվել խմբակցությունների հետ, շփվել Ազգային ժողովի հետ, լիագումար նիստում ինչ որ բան ներկայացնել և սա արդեն Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտում է»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով պատգամավորի խոսքին նշեց, թե ինքը համաձայն չէ, որ «կարծիքները ճշմարտության դեմ բանացնեն այստեղ»:

«Իշխան Զաքարյանը, ինչպես ցանկացած չինովնիկ, քաղաքացի, իրավունք ունի իր արձակուրդն ունենալ և Իշխան Զաքարյանը չէր կարող իմանալ, թե խորհրդարանը ինչպիսի հարցադրումներ, ինչպիսի օրակարգ կունենա, որ մտածեր, տեսներ իր հաշվետվությունը լինելու է, թե չի լինելու, մանավանդ և խմբակցություններում, և հանձնաժողովներում այս քննարկումները եղել են»,- նշեց ԱԺ նախագահը:

Լևոն Զուրաբյանն էլ պատասխանեց, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և այս պահի ամենակարևոր հարցն այն է, թե ուր է Իշխան Զաքարյանը: Պատգամավորն առաջարկեց հետաձգել քննարկումը և չհնչեցրեց իր պատրաստած 6 հարցերը՝ չցանկանալով իր ձևակերպմամբ՝ «ապօրինությանը մասնակից դառնալ»:

ՀԱԿ խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս, օրենքի խախտման փաստն արձանագրելով, ԱԺ պատգամավորներին կոչ արեց հարգել իրենց իսկ կողմից ընդունված օրենքները, հակառակ դեպքում ինչու այդ օրենքը պետք է հարգեն գործադիր մարմինը, պաշտոնատար անձինք, շարքային քաղաքացիները: Ըստ Գ. Ջհանգիրյանի՝ Իշխան Զաքարյանի անձի դեմ որևէ սպառնալիք չկար, հետևաբար, անհասկանալի է նրա չներկայանալը:

Պատգամավորն ասաց, որ պայմանավորվել էին՝ հաշվետվության ժամանակ պետք է ներկայացվեն կատարված աշխատանքները և ստացված արդյունքները, թե օրինակ՝ պետական բյուջե որքան գումար է վերականգնվել, կամ քանի քրեական գործ է հարուցվել, ովքեր են ենթարկվել պատասխանատվության և այլն:

Գալուստ Սահակյանը, պաշտպանելով վերահսկիչ պալատի նախագահին, ասաց, որ այնպես չէ, թե Իշխան Զաքարյանը վախեցել ու չի եկել ԱԺ, քանի որ դրանից առաջ ավելի սուր քննարկումներ են եղել:

Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը հակասական պատասխաններ տվեց Իշխան Զաքարյանի ներկայանալու-չներկայանալու մասին: Նախ, հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը Հայաստանում չէ, ապա որոշ ժամանակ անց, մոռանալով իր իսկ ասածը, հայտարարեց, թե խոսել է Իշխան Զաքարյանի հետ, գիտի թե նա որտեղ է, սակայն չասաց, թե կոնկրետ որտեղ է՝ պատճառաբանելով, թե այդ մասին խոսելու լիազորություն չունի: Սակայն, ակնարկեց, որ շատ հեռու չէ՝ հավանաբար ակնարկելով, որ ԱԺ-ից քիչ հեռու գտնվող նախագահական նստավայրում է:

«Այո, հենց այնտեղ է, որը մտածում եք»,- նշեց Ս. Ավագյանը ավելացնելով՝ որ Իշխան Զաքարյանը «պետական առաքելությամբ» է հանրությանն անհայտ վայրում գտնվում:

Նա նշեց, որ վերահսկիչ պալատի 2013թ. ուսումնասիրության հիման վրա ամբողջ ծավալով քրեական գործ է հարուցված, և այս պահին գնում է քննություն, որին մասնակցում է վերահսկիչ պալատը: Ըստ նրա՝ հարուցված է մեկ քրեական գործ, բայց քննվում է վերահսկիչ պալատի հաշվետվությունն ամբողջությամբ: Իսկ թե ինչ ընթացք կստանա հարուցված քրեական գործը, խորհուրդ տվեց դիմել գլխավոր դատախազին:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ միացավ գործընկերների պահանջին, և նեղսրտեց, որ իրենց խորհուրդ են տվել հաշվետվությունը կարդալ էլեկտրոնային տարբերակով, և ԱԺ-ում քննարկվելու է միայն հարուցուպատասխանի տարբերակով, մինչդեռ Իշխան Զաքարյանից ակնկալում էր մանրամասն պարզաբանումներ և հաշվետվության ներկայացում: Այդ իսկ պատճառով նա իր հարցերը չհնչեցրեց:

Իր ելույթում Հեղինե Բիշարյանն ասաց, որ վերջերս լսել է Իշխան Զաքարյանի ելույթը, ով հայտարարել է, թե օֆշորային գոտում գրանցված ընկերությունները բավականին մեծ հարված են հասցնում Հայաստանի բյուջեին:

«Եթե մենք գիտենք, որ օֆշորային գրանցումները որևէ պատասխանատվություն չեն կրելու, առավել ևս, որ իրենք շահում են այդ միջնորդավորված տենդերները, արդյունքում էլ չեն կատարում, այդ գումարները ցնդում են, ոչ միայն չեն նպաստում, այլև մեծ վնաս են հասցնում մեր բյուջեին»,- նշեց Հեղինե Բիշարյանը և զարմացավ, որ որոշ սուբյեկտներ նույնիսկ աղի մեջ են փող աշխատում: Նա կոչ արեց հենց այս պահից թույլ չտալ օֆշորում գրանցված ընկերություններին մասնակցել գնումների գործընթացին, քանի որ նույն խայտառակ գործընթացները շարունակվելու են նաև այս տարի:

«Արտադպրոցական կրթության վրա միլիոններ են կորել, այսօր ուզում են ետ վերադարձնել, երբ ես 6 տարի խնդրում եմ ընդունել արտադպրոցական կրթության մասին օրենքի նախագիծը: Վերջապես սրանք շաղկապված աշխատանքներ են, որ պետք է կատարենք այստեղ նստածներս»,- ավելացրեց Հ. Բիշարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ Սեյրան Ավագյանին հարց չուղղեց, պատճառաբանելով, որ չի չանկանում օրենք խախտել, քանի որ նա իրավասություն չունի ներկայացնել հաշվետվությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս քննարկումը լեգիտիմ չէ, որովհետև խորհրդի անդամը կարող է վերահսկիչ պալատի նախագահին փոխարինել միայն այն դեպքում, երբ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է, իսկ տեղակալը չի կարող նրան փոխարինել: «Եթե որևէ բան այս այս ժամերի ընթացքում չի փոխվել, վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր չէ»,-նշեց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ առաջիկայում խմբակցություն կհրավիրեն Իշխան Զաքարյանին, որ որոշ հարցերի պատասխան ստանան, թե ինչը կամ ով է խանգարել կամ խոչընդոտել ներկայացնելու վերահսկիչ պալատի հաշվետվությունը:

«Ժառանգություն» խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ տարին մեկ անգամ են լսում վերահսկիչ պալատի հաշվետվությունը, և հենց այդ օրը պարզվում է, որ վերահսկիչ պալատի նախագահը կամ գործուղման մեջ է, կամ էլ հիվանդացել է: «Ի՞նչ անենք, հանձնաժողով ձևավորենք գնանք տեսնենք վերահսկիչ պալատի նախագահը որտե՞ղ է հիվանդ պառկած»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

Նա ասաց, որ ճղճիմ, անմակարդակ քաղաքական հաշվարկ է արվում, որ հանգամանքներն այնպես են դասավորվել, և վերահսկիչ պալատի նախագահը չի եկել խորհրդարան: Պատգամավորի ցանկությունն էր փրկել Ազգային ժողովի հեղինակությունը, որպեսի հասարակության շրջանում «կոճակ սեղմողի» տպավորություն չթողնեն:

«Անցյալ անգամ, երբ հաշվետվություն տվեց, շատ պարզ ասվեց, որ բյուջեի 70 %-ը՝ 700 մլրդ դրամը, ռիսկային գոտում է գտնվում: Լայն ծավալի մեղադրական եզրակացություն հնչեցվեց որոշ սուբյեկտների նկատմամբ: Հիշում եք մալուխի պատմությունը, որ 30 անգամ ավելի թանկ է գնվել, քան խանութում, մանրածախում է վաճառվում: Ասվեց, որ մինչև մրցույթ հայտարարելն արդեն գիտեն, թե ով է մրցույթը հաղթելու»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ եթե վերահսկիչ պալատի նախագահը խորհրդարանում լիներ, կհարցներ, թե ինչ է արվել այս ընթացքում: «Պատասխան չկա, որովհետև ոչինչ չի արվել»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Քանի որ բուն քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին և լքեցին դահլիճը, իրավիճակը փրկելու համար հարցեր ուղղեցին և կարծիք հայտնեցին ՀՀԿ-ական պատգամավորները:

Նախ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ վերահսկիչ պալատը հաշվետվություն է ներկայացրել 13 ոլորտների վերաբերյալ և քննարկումներ են ծավալվել ԱԺ համապատասխան հանձնաժողովներում: Այլ կազմակերպություններ ևս մասնակցել են քննարկմանը:

ՀՀԿ-ից Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ վերահսկիչ պալատին պակասում է վերլուծությունը, ուսումնասիրությունը, և դա ենթադրում է աշխատակիցների նկատմամբ մասնագիտական այլ որակներ, որոնք մի գլուխ բարձր պետք է լինեն հարկային մարմինների, այլ ստուգող կառույցների աշխատակիցներից:

«Ցավոք սրտի, այս բաղկացուցիչը ձեր գործունեության մեջ դեռևս գերակա ուղղություն չունի, ըստ արժանվույն իմաստավորված չէ, և արդյունքում կարող են ամեն տարի խոսել գնումների ոլորտի մասին»,-դիմելով Սեյրան Ավագյանին՝ ասաց Խ. Հարությունյանը:

Քննարկումներն ավարտվեցին, իսկ հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե ինչ բացահայտումներ են արվել 2013 թ-ին:

«Հետքը» կհրապարակի հաշվետվությունում տեղ գտած որոշ խախտումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter