
Գյումրիում ձերբակալվածի հոր խոսքերով՝ որդին երեք դիվերսիա է հետ մղել
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 1993 թ-ին ծնված Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանն այսօր երեկոյան ձերբակալվել է՝ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային բողոք-ցույցերի ժամանակ ոստիկանների հետ ընդհարմանը մասնակցելու համար: «Հետք»-ը զրուցեց ձերբակալվածի հոր՝ Մարտիրոս Ալեքսանյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ ժամը 16:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներն եկել են իրենց տուն եւ բանավոր հայտնել, որ Մնացականը հրավիրվում է Մարալիկի ոստիկանություն՝ բաժնի պետի տեղակալի մոտ:
«Ծանուցագիր մեզ չեն տվել,-հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց Մնացական Ալեքսանյանը,-Մարալիկի բաժանմունքում մնացել ենք 15 րոպե, հետո տղայիս տարան Գյումրու ոստիկանության «Մուշ» -ի բաժանմունք: Մի կես ժամ էլ էնտեղ ենք մնացել, հետո տղայիս դուրս բերեցին ու ինքը մենակ հասցրեց ասել. «Պապա, չգիտեմ ուր են տանում»: Հետո ժամը 19-ի սահմաններում Շիրակի մարզի դատախազի տեղակալ Պողոսյանը ինձ զանգեց, տեղեկացրեց, որ տղաս կալանավորված է, գտնվում է Ախուրյանի Ձերբակալվածների պահման վայրում»:
Ալեքսանյանների միակ արու զավակն է Մնացականը: Տղան երկու տարի առաջ է զորացրվել, ծառայել է ԼՂՀ-ում, ունի բազմաթիվ պարգեւներ, երեք դիվերսիա է հետ մղել, ծառայել է Արտակ Բուդաղյանի ղեկավարած զորամասում: Ընտանիքի հայրը ազատամարտի տարիներին կռվել է Արցախում, նախկինում աշխատել է ոստիկանական համակարգում: 22 տարի առաջ ազատվել է աշխատանքից:
«Ինձ անհիմն են ազատել աշխատանքից, առանց հիմքի»,-հայտնեց Մարտիրոս Ալեքսանյանը:
Հայր եւ որդի Ալեքսանյանները ընտանիքի ապրուստ հոգում են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելով: Զրույցի ժամանակ Մարտիրոս Ալեքսանյանը տեղեկացրեց, որ փետրվար ամսին պատրաստվում էին մեկնել ՌԴ, որտեղից վերադարձել էին 2014թ-ի նոյեմբերին:
«Հիմա փաստաբանի հարցն ենք ուզում լուծել, որ գնանք Ախուրյանի ՁՊՎ: Ոստիկանությունն ինչ որ մեկին առաջարկել է, բայց մենք ուզում ենք մեր փաստաբանն ունենալ»,-փոխանցեց Մարտիրոս Ալեքսանյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել