
19 տարվա մեջ մեկ օր ինձ դատապարտյալ չեմ համարել. ես պատանդ եմ
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Օրեր առաջ դարձա երրորդ կուրսի ուսանող
Բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի 20-ամյա ուսանող էի, երբ չարածս հանցանքի համար հանուն Հայաստանի Հանրապետության ինձ դատապարտեցին մահապատժի: 19 տարի անց՝ 39 տարեկանում տեղափոխվեցի հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 3-րդ կուրս: Օրեր առաջ բուհի քրեական, քաղաքացիական ու վարչական իրավունքների դասախոսները եկան «Նուբարաշեն» մահվան տուն, որտեղ հանձնեցի քննություններս: Եվ շնորհիվ «Հետք» ինտերնետային թերթի ղեկավարության, որն ինձ աշխատանքով է ապահովել, կարողանում եմ ինքս վճարել բուհի ուսման վարձը:
Սակայն այս ամենը զրո է համակարգի համար. այն չի խրախուսում ստեղծագործական աշխատանքը, գրքերի հրատարակումը, բուհում ուսանելը, աշխատելը:
- Քո համար ես սովորում ու աշխատում,- հաճախ եմ լսում այս արտահայտությունը:
- Այդ դեպքում ինչո՞ւ են խրախուսում, օրինակ, շախմատիստին, երբ նրանք հաղթում են խաղը կամ ստեղծագործողին ինչո՞ւ են մրցանակ տալիս: Նույն տրամաբանությամբ, նրանք էլ ամեն ինչ իրենց համար են անում,-հակազդում եմ ես:
Ու բոլորովին չզարմացա, երբ օրեր առաջ ստացա իմ վարքի գնահատման թերթիկը, որտեղ «ուղղման աստիճանի» դիմաց գրված է՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ: Հիշեցի, որ Ամանորը տանը դիմավորած Յուրի Վարդանյանի որդին, ով մեղադրվել էր մաքսանենգության ու օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու մեջ, պայմանական ազատվել էր, քանի որ բնութագրվել էր ԴՐԱԿԱՆ: Բնական է, որ Դավիթ Վարդանյանը մի քանի ամսում ո՛չ սովորել էր, ո՛չ աշխատել. նա պարզապես դեսպանի տղա է, իշխանության մարդը, թիկունքին «պապա» ունի: Ուրեմն՝ «վերևից» ինչպիսի բնութագիր պատվիրեն, այնպիսին էլ կստանան ՔԿՀ-ից:
Իմ կարգապահությունը, կապը ընտանիքիս ու արտաքին աշխարհի հետ գնահատված է ՄԻՋԻՆ: Սա այն դեպքում, երբ մշտապես բարձրացնում եմ հավելյալ տեսակցությունների խնդիր և չունեմ տույժեր: Բարձրացնում եմ նաև բարձր ռիսկայնության խմբից ինձ հանելու հարցը, քանի որ 2 փախուստների պատճառով Սողոմոն Քոչարյանին ու ինձ հաշվառել են այդ խմբում: Սակայն օրենքը թույլ է տալիս հաշվառման վերցնելուց 2 տարի անց, եթե դատապարտյալը դրական առաջընթաց է ունենում, հանել ռիսկային խմբից: Եվ միայն կրթական ու մշակութային ծրագրերում իմ ներգրավվածությունն է գնահատվել բարձր: Մինչդեռ այս կլոր գերեզմանոցում որևէ կրթական, մշակութային միջոցառում չկա, որևէ վերականգնողական ծրագիր չի գործում: Ամեն ինչ թողնված է անհատական նախաձեռնությունների վրա: Բանտի աշխատակիցները, ճիշտ է, ընդունում են, որ ունեմ դրական վարքագիծ, բարեխիղճ եմ ուսման նկատմամբ, չունեմ տույժեր, սակայն ասում են.
- Վախենում ենք, որ նորից փախուստի կդիմես. այդ պատճառով անձնական գործում գրում ենք՝ ուղղման աստիճանը՝ բացասական:
Ինձ ուղղել փորձելու փոխարեն՝ ուղղե՛ք դատական սխալը
2010 թ-ի հունվարի վերջն էր: Երկրորդ փախուստից հետո կատարած ինքնասպանության փորձից նոր էի ապաքինվում: Հսկիչը, թե.
- Մհե՛ր, արդարադատության նախարարն ա եկել, պատրաստվի՛, քեզ պետի սենյակ ենք իջացնելու: Հագի՛ էն, ինչ կտանք, թե չէ՝ մեր վրա խոսակցություն կգա, եթե քո ունեցածով տանենք:
Բերեցին սև «սպեցովկան», որը հրաժարվում եմ հագնել, քանի որ ինձ դատապարտյալ չեմ համարում: Ինձ մեկնեցին մի երկու համար մեծ բանտային կոշիկներ: Վիճելն անօգուտ էր: Բոմժի տեսքով, ինքս ինձնից ամաչելով, ստորացված վիճակով մտա բանտապետի սենյակ: Արդարադատության նախարարն այդ ժամանակ Գևորգ Դանիելյանն էր.
- Ներողությո՛ւն, պարո՛ն նախարար, մի պահ կարո՞ղ եք պատկերացնել, որ Դուք սպանություն չեք արել, բայց Ձեզ մեղադրել են սպանության մեջ ու դատապարտել մահապատժի,-նայելով նախարարին՝ ասում եմ ես,- Ես շատ եմ պայքարել, որ վերաբացեն գործը, բայց որևէ մեկը իմ ձայնը չի լսում: Ես փախչում եմ, որովհետև անմեղ եմ. այլ ելք չկա: Տեղի է ունեցել դատական սխալ, իսկ պետությունն ինձ հնարավորություն չի տալիս վերադառնալու:
Իմ առջև նստած էր 19 տարվա մեջ ինձ հանդիպած այն եզակի պաշտոնյաներից մեկն, ով լսեց ինձ, ընդունեց դատական սխալի հավանականությունը և խորհուրդ տվեց շարունակել պայքարել, բայց միայն օրինական մեթոդներով:
- Մի՛ վտանգիր կյանքդ փախչելով, ելքեր միշտ կան,-ասաց նա:
Հետևում եմ նախկին նախարարի խորհրդին, պայքարում գործի վերաբացման համար: Ու վստահ եմ, որ մի օր կգտնեմ ելքը դեպի ցմահ Ազատություն:
Գևորգ Դանիելյանից հետո այլ նախարար չի այցելել ցմահ դատապարտվածների հարկաբաժին: Իսկ ես միշտ տեսնում եմ, որ բանակի ղեկավարությունն, օրինակ, զինվորական խոհանոցում զինվորների հետ հաց է կիսում: Սակայն չեմ մտաբերում, որ համակարգի որևէ պաշտոնյա կերած լինի բանտի հացը: Խորհուրդ էլ չեմ տա… խնայեք ինքներդ Ձեզ:
Արդարադատության նախարարի այս կեցվածքը ինձ համեմատության եզր չթողեց: Հիշեցի հորս պատմածը, երբ առաջին փախուստիս օրերին, ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը զենքը ձեռքին մտել էր մեր տուն ու ծնողներիս ահաբեկելով՝ ասել.
- Էսօրվանից Հայաստանով մեկ ես եմ որս սկսում: Հենց տղուդ գտնեմ, ես եմ գնդակահարելու:
Դատախազության շենքից դուրս գալով՝ հայրս ուղեղի կաթված է ստացել
Այդ օրերին հայրս հադիպել էր մի բարձրաստիճան դատախազի՝ հարցնելով:
- Ի՞նչ կարելի է անել, որ տղայիս գործում վերջապես արդարությունը վերականգնվի, և նա ստիպված չլինի իր կյանքը վտանգելով՝ հուսահատված փախչել:
- Ի՞նչ ասեմ… երբեք ոչ ոք դուրս չի գա ցմահներից, այդպիսին է մեր երկրի քաղաքականությունը այս հարցում՝ անկախ նրանից , որ ամբողջ աշխարում ընդունում են դատական սխալի հավանականությունը և գործեր վերաբացում: Հաշտվե՛ք այն մտքի հետ, որ այդ գերեզման մտնողը հավերժ կմնա այնտեղ,-ասել էր դատախազը:
Այդ օրը դատախազության շենքից դուրս գալուց հետո հայրս ուղեղի կաթված է ստացել, մի քանի տարի անց կաթվածը կրկնվել է: Եվ հիմա նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Հատուկ խնամքի կարիք ունի: Նրան գրկած են բերում այստեղ՝ տեսակցության. մի քանի ժամից ավելի չի կարողանում բանտային պայմաններում գտնվել: Դիմել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, որ տարեկան մինչև երեք օր տրվող երկարատև տեսակցությունը բաշխվի տարվա մեջ 1-ական օրերով:
Ֆիլմի սցենարն ավարտում եմ
Այս բոլոր տեսարաններն ընդգրկել եմ ֆիլմի սցենարում: Իմ անձնական պատմության միջոցով ֆիլմում փորձելու եմ վեր հանել անհատ-հասարակություն-կրոն-պետություն-իշխանություն հարաբերություններում առկա խնդիրները: Ես միակը չեմ, ով այստեղ պատիժ է կրում՝ լինելով դատական սխալի զոհ, պատանդ համակարգի ձեռքին: Սցենարում փորձում եմ առաջ քաշել նաև հնարավոր լուծումներ: Հերոսները գիտության զարգացման միջոցով նոր գործիքներ են ստեղծում, որ անմեղ մարդիկ չդատապարտվեն: Սա լուծումներից մեկն է միայն: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվում: Շուտով սցենարը կուղարկեմ Ողջերի աշխարհ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել